Նոր գրանտները՝ Վրաստանին, իսկ Հայաստանը կմնա կոտրած տաշտակի առաջ
00:00, January 7, 2011 | Նորություններ«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը (Millenium Challenge Corporation) նորից գումարներ կտրամադրի Վրաստանին` իր առջև դրված ծրագրերը լավագույնս իրականացնելու համար: Նշենք, որ Վրաստանը 2005 թ. արդեն ստացել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից գրանտային գումար` 295,3 դոլարի չափով:
Իսկ ահա այս տարի լրանում է Հայաստանում ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, հիմնադրամից նոր ֆինանսավորման սպասելիքները անիրատեսական են, քանզի դեռևս 2009 թ. մարտին հիմնադրամը որոշել էր մասամբ կասեցնել Հայաստանին հերթական դրամաշնորհի տրամադրումը: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով եղել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ:
– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հնարավորությունները ՀՄՀ-ից նոր ֆինանսավորում ստանալու առումով:
– Միանշանակ դադարեցնելու են, ավելին` ես զարմանում եմ, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը մինչև հիմա շարունակում է ֆինանսավորել Հայաստանին: Պետք էր ոչ թե մասնակիորեն, այլ ընդհանրապես այն դադարեցնել, քանզի, ըստ էության, բավականին լուրջ պրոբլեմներ կան թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ տնտեսական արտադրության և մրցակցության և թե՛ քաղաքական ազատությունների առումով: Հազարամյակների մարտահրավերների չափորոշիչների հետ կապված՝ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի: Այդ պատճառով արդեն իսկ հիմնադրամը մասնակիորեն դադարեցրել էր ֆինանսավորումը, բայց դրանից հետո իշխանությունները որևէ եզրակացության չեն հանգել և որևէ քայլ չեն արել, որպեսզի իրավիճակը փոխվի, պարզ է, որ Հայաստանը որևէ հույս չպետք է ունենա, թե ֆինանսավորումը կշարունակվի:
– Մեր հարևան Վրաստանն արդեն երկրորդ գրանտն է ստանում ՀՄՀ-ից, իսկ Հայաստանի հարցը չափազանց բարդ է, անգամ 2009-ին մասնակիորեն կասեցվել էր ֆինանսավորումը: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը:
– Տնտեսական ազատության առումով այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի շահավետ են համարում իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան, ինքնին ցայտուն փաստ է՝ համեմատելու համար Հայաստանի և Վրաստանի իրավիճակը: ՀՄՀ-ի ծրագրերի իրականացման արդյունավետության առումով, մասնավորապես ճանապարհաշինության տեսանկյունից, Վրաստանն այնքան ակնհայտ արդյունքներ է ցույց տվել, օրինակ՝ Թբիլիսի-Ախալքալաք, Թբիլիսի-Գորիս ճանապարհների ներկայիս վիճակը: Վրաստանն, ըստ էության, որևէ խնդիր չպետք է ունենա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ, քանզի տնտեսական մրցակցության, կոռուպցիայի մակարդակի առումով անհամեմատ բարվոք վիճակում է և Հայաստանի հետ համեմատելն անգամ անիմաստ է, և բնականաբար Վրաստանին աջակցելն իմաստ ունի:
– Հայաստանի իշխանությունները ևս խոսում են ճանապարհաշինության մասին և մի շարք ծրագրեր են ներկայացնում: Ձեր գնահատմամբ, ՀՄՀ-ի տրամադրած գումարների շրջանակներում Հայաստանում ինչպե՞ս են իրականացվել ճանապարհաշինական աշխատանքները:
– Ես չգիտեմ, թե ճանապարհաշինության առումով Հայաստանն ինչ ծրագրեր է իրականացրել, որովհետև երբ Հայաստանի տարբեր բնակավայրեր ենք գնում, ճանապարհներին մենք չենք տեսնում էական փոփոխություններ:
– Իսկ եթե կանխատեսումները իրականություն դառնան, և 2011-ին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը ամբողջովին դադարեցնի ֆինանսավորել Հայաստանին, ինչքանո՞վ կտուժի երկիրը և կառավարությունը, արդյո՞ք Հայաստանը կարող է ֆինանսավորման այլ ճանապարհներ գտնել:
– Մեր կառավարությունը բացարձակապես որևիցե կերպ կապված չէ թե Հայաստանի տնտեսության և թե երկրում առկա մնացած խնդիրների հետ: Այս կառավարությունն ինքնաբավ համակարգ է` իր համար պլաններ է մշակում, ինքն էլ այդ պլանները կատարում ու գերակատարում: Այս տեսակետից կառավարությունը ընդհանրապես տուժելու խնդիր չունի, ժողովուրդն ու մեր տնտեսությունը կտուժի: Ավելին, անգամ ՀՄՀ-ի տրամադրած միջոցների լինել չլինելն էլ չի կարող փրկել Հայաստանի տնտեսությունը` այն արդեն իսկ տուժած է, քանզի չի պահպանվում մասնավոր սեփականության իրավունքը, տնտեսական մրցակցության փոխարեն գոյություն ունեն օլիգարխիկ հարաբերություններ: Նման օլիգարխիկ համակարգում ինչ միջոցներ էլ ներդրվեն, ոչ մի զարգացում էլ չի լինի, ընդամենը մի քանի օլիգարխ էլ ավելի են հարստանալու: Հայաստանում տիրում է Իվան Գրոզնու ժամանակները, երբ ամեն ինչ պետական էր, իսկ առանձին ենթակառուցվածքներ տնօրինում էին Գրոզնու կատարածուները:
– Պարո՛ն Սաքունց, Միացյալ Նահանգները շատ լավ գիտի, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում և որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն իրականացնում իրենց առջև դրված ծրագրերը: Ձեր կարծիքով, այդ ամենը քաջ գիտակցելով՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն շարունակում գումարներ տրամադրել Հայաստանին:
Հիմնական պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որպեսզի ռուսական ազդեցությունը Հայաստանում վերջնականապես ամբողջանա: Սա միջոց է տնտեսական լծակներով Հայաստանին հետ պահելու ռուսական ստրկությունից: