Արմեն Աշրաֆյանը «մխտռո՞ւմ է» կոռուպցիայի դեմ պայքարը
00:00, August 28, 2010 | Կոռուպցիայի կանխարգելումՀՀԿ-ական, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի արյունը Հաղպատի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանի արյունից կարմիր է՞, որ վերջինիս կալանավորեցին առաջադրված մեկ մեղադրանքի` 5 մլն դրամի յուրացման համար, հետո 1 մլն դրամ գրավի դիմաց ստորագրությամբ բաց թողեցին, իսկ Վանո Եղիազարյանի` նույնիսկ լիազորությունները չդադարեցրին երկու հոդվածով առաջադրված մեղադրանքի եւ 11 մլն դրամի յուրացման կասկածի հիմքով:
Որտե՞ղ է թաքնված գաղտնիքը. հավանաբար պատճառն այն է, որ Վանո Եղիազարյանն իր բարեկամներից զատ, օգնություններ է բաժանել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյանի (ով արմատներով այդ գյուղից է) բարեկամներին: Այդ մասին մեզ տեղեկացրեց բողոքող գյուղացիներից մեկը: Այս տեղեկությունը պարզելու համար աչքի անցկացրեցինք գյուղապետից ու գյուղապետարանի բյուջեից օգնություն ստացած անձանց ցուցակը: Պարզվեց, որ իսկապես օգնություն են ստացել Աշրաֆյան ազգանունով հետեւյալ անձինք. Արմեն Կամոյի Աշրաֆյան` գյուղապետարանի հաշվապահի քրոջ տղան (1 անգամ` 50.000 դրամ), Կամո Աշրաֆյան` գյուղապետարանի հաշվապահի քրոջ ամուսինը (1` 50.000), Քնարիկ Աշրաֆյան` գյուղապետարանի քարտուղար Մհեր Մալխասյանի մորաքույրը, ՀՀ գլխավոր դատախազության Աշրաֆյանի քույրը (1` 20.000), Նարինե Աշրաֆյան` ավագանու անդամի կինը (1` 50.000 դրամ), Գյուլվարդ Աշրաֆյան` ավագանու անդամ Սամվել Աշրաֆյանի աղջիկը (1 անգամ` 50.000 դրամ), Սամվել Աշրաֆյան` ավագանու անդամ (1` 20.000), Ժորա Աշրաֆյան` փոստի վարիչի հայրը, ՀՀ գլխավոր դատախազության Աշրաֆյանի եղբայրը (1` 50.000), Միշա Աշրաֆյան` գյուղապետի հարեւանը (1` 50.000 դրամ), Արամայիս Աշրաֆյան (1` 30.000): Լեռնապատցիներից մեկը նաեւ մեզ տեղեկացրեց, որ օգնության գումարներ են դուրս գրվել մահացած մարդկանց անունով, օրինակ` Հոռոմսիմյան Օնիկի ու նաեւ այլ անձանց, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն այդ գումարներից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդում է սկսվել Լեռնապատի գյուղապետ Վ. Եղիազարյանի դեմ` պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով: Նա իր համագյուղացի Լ.Ղումաշյանին կեղծ տեղեկանք էր տվել, որի շնորհիվ Ղումաշյանը 2005-2009 թթ. Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից ստացել է մեկ միլիոն դրամ` որպես աղքատության նպաստ: Նախաքննության ընթացքում գյուղացիներից ստացվել են նոր հայտարարություններ` համայնքի ղեկավարի կողմից կատարված այլ չարաշահումների մասին, որոնք նույնպես դարձել են քննության առարկա: Ի դեպ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չարաշահումների մասին առաջինն էր բարձրաձայնել (այս տարվա մարտի սկզբին). ըստ նրա` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեին պատճառվել է 11 մլն 665 հազար դրամ գումարի վնաս: Հաղորդման հիման վրա հարուցված քրգործով Վ. Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել: Այդ հանգամանքի հետ կապված մտահոգություն են հայտնում Ա. Սաքունցն ու գյուղացիները. Վանոն, շարունակելով պաշտոնավարումը, իր լիազորություններն օգտագործում է իր կողմից թույլ տրված արարքները թաքցնելու համար, փորձում է ազդել գյուղացիների վրա, ովքեր գործով ներգրավված են որպես վկաներ եւ իր դեմ ցուցմունքներ են տվել: Եվ որոշ մարդիկ վախի ազդեցության տակ լռում են, ինչը նշանակում է, որ գյուղապետն ազդում է նախաքննության օբյեկտիվ ընթացքի վրա: Ա.Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պարագայում տրամաբանական է, որ ելնելով գործի շահերից` կասեցվի Վանո Եղիազարյանի լիազորությունները: Այլապես կասկած է առաջանում, որ նախաքննական մարմինն իր անգործությամբ սատարում է կոռուպցիայի մեջ մեղադրվող գյուղապետին: Իրավապաշտպանը նման մտահոգություն էր հայտնել դատախազությանն ուղղած գրության մեջ, որը հավանաբար այնքան էլ դուր չէր եկել իրավապահներին: Օգոստոսի 4-ին Լոռու մարզի դատախազից պատասխան էր ստացվել այն մասին, որ հաղորդագրության մեջ նշված հանգամանքները պարզելուց հետո կորոշվի գյուղապետ Վանոյի լիազորությունները դադարեցնելու-չդադարեցնելու հարցը, եւ դրանից հետո իրավական գնահատական կտրվի ինչպես Վ.Եղիազարյանի, այնպես էլ այլ անձանց գործողություններին: «Այլ անձանց» բառերից կարելի է ենթադրել, որ բողոքողներին ու նաեւ Սաքունցին զգուշացնում են, որ կարող են «դատվել», ասենք, «զրպարտության» համար, ինչպես պատահեց Գագիկ Շամշյանի հետ: Նրան ծեծեցին, նա բարձրաձայնեց, նրա դեմ զրպարտության համար քրգործ հարուցեցին, հետո էլ երկու գործն էլ «ջրեցին»: Ընդ որում` գրության մեջ նաեւ հորդորում են Սաքունցին, որ ԶԼՄ-ներում Լեռնապատի գյուղապետի մասին հրապարակումներ տալուց առաջ դատախազությունից վերցնի թույլատրելի ինֆորմացիան: Սաքունցն էլ հակադարձում է. եթե թույլատրելի ինֆորմացիա կա` հրապարակեք այն` հաշվի առելով հանրային հետաքրքրությունը:
Հ.Գ. Կոռուպցիայի դեմ պայքարող Արմեն Աշրաֆյանն իսկապես հայտնվել է անհարմար վիճակում. մեր ձեռքի տակ եղած տեղեկություններով` նրա ազգականների ստացած օգնության ընդհանուր հանրագումարը մոտ 400 հազար է, իսկ գյուղապետի ազգուտակինը` մոտ 4 մլն: Հիմա չարժե՞ վերացնել գործի բացահայտման խոչընդոտները, ավելի մեծ աղմուկ չհաղորդել գործին եւ չնպաստել պաշտոնի (սեփական) ու դատախազության` առանց այն էլ խարխլված հեղինակազրկմանը:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15836/