Քրեական հետապնդումը դադարեցվեց
00:00, July 29, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010 թ. հուլիսի 29-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ն. Հովակիմյանի նախագահությամբ շարունակվեց դատաքննությունն ըստ մեղադրանքի Ա. Դ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ և 268 հոդվածի 1-ին մասերով:
Նշենք, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Դ. մեղադրվում է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ նույն քաղաքի բնակիչ Հ. Ա.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու մեջ:
Դատաքննության ընթացքում պարզվեց, որ Ա. Դ. նախաքննության ընթացքում ոստիկանների «խորհրդով» ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը Ստեփանավանի Ձորագետի կիրճ տանող ոլորանների մոտ վայրի աճած կանեփի թփերից ապօրինի քաղել է տերևներ և դրանք չորացնելով՝ խառնել «թութուն» ցեղի բույսերի տերևների մնացորդներին և պատրաստել զգալի չափ հանդիսացող 0.53գ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց ու այն պահել իր անձնական օտագործման ավտոմեքենայում:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը նման ցուցմունքներ է տվել, քանի որ ոստիկանները հայտնել են, որ նման ցուցմունք չտալու դեպքում իր ընտանիքի անդամներին կտանեն Երևան՝ նմուշներ վերցնելու: Ի դեպ Ա. Դ.-ն այդ ժամանակ գտնվել է գլխուղեղի ցնցման վիճակում: Հետագայում, սակայն, Ա. Դ.-ն հրաժարվել է տված ցուցմունքներից:
Նշենք, որ Ա. Դ.-ի մատնանշած տարածքում քննչական փորձարարության ժամանակ թմրամիջոց պարունակող բույս չի հայտնաբերվել:
Դատաքննության ժամանակ ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց Ա. Դ-ի բնակարանում «խուզարկություն կատարելու մասին» արձանագրությունը, դատաքիմիական և դատանարկոլոգիական փորձագետի եզրակացությունները անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքի էական և ոչ էական բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես, Ա. Դ-ի բնակարանի խուզարկության ժամանակ ընթերակաները ներգրավվել են ոչ թե սկզբից, այլ խուզարկության ընթացքում, ընթերակաները հնարավորություն չեն ունեցել մշտապես հետևել խուզարկության ողջ ընթացքին, քանի որ այն իրականացվելէ միաժամանակ 7 ոստիկանների մասնակցությամբ, բացի այդ ներկաներից ոչ ոք չի նկատել, թե ոստիկանների կողմից հայտնաբերված թմրամիջոցը կոնկրետ որտեղից է հայտնաբերվել:
Մեղադրող կողմը ոչ միայն չառարկեց միջնորդության դեմ, այլև նշեց, որ հրաժարվում է ամբաստանյալի նկատմամբ 268 հոդվածի 1-ին մասով /առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն/ առաջադրված մեղադրանքից՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Դատավորը որոշում կայացրեց Ա.Դ.-ի նկատմամբ 268 հոդվածի առաջին մասով դադարեցնել քրեական հետապնդումը:
Գործով դատավճիռը կհրապարակվի վաղը՝ 2010 թվականի հուլիսի 30-ին ժամը 10.00-ին: