Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը վերածվել է ծեծկռտուքի
00:00, July 27, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 27-ին Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը վերածվել է ծեծկռտուքի:
Այսօրվա դատական նիստում պետք է հանդես գար գործով վկա, Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանը, սակայն նա չէր ներկայացել` նշելով, թե առողջական խնդիրներ ունի: Քանի որ թե տուժող, թե մեղադրող կողմերը միջնորդեցին ապահովել Նորայր Հեբոյանի ներկայությունը դատական նիստին, դատավորը որոշեց կրկին անգամ հրավիրել Նորայր Հեբոյանին, իսկ չներկայանալու դեպքում` բերման ենթարկել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 18-ին:
Սակայն դատական նիստից հետո, հենց դատարանի դահլիճում վիճաբանություն եւ ծեծկռտուք սկսվեց Խալաֆյանների եւ գործով հիմնական մեղադրվող Աշոտ Հարությունյանի հարազատների միջեւ: Հենց նրան են մեղադրում Խալաֆյանի հարազատները, Վահանին սպանելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, որ այս գործով դատավարության ընթացքում մթնոլորտը լարվում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը բերման է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք` գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին: Գործում նշվում , որ ոստիկանները խոշտանգել են նրան եւ Խալաֆյանն ինքնասպան է եղել, այնինչ սպանվածի հարազատները պնդում են, որ Վահանին ուղղակի սպանել են դանակի հարվածներով: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում են 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.news.am/arm/news/26159.html