ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամների հայտարարությունը
00:00, April 30, 2008 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԹեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին
Այս հայտարարությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում մեր երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս գործընթացների` մասնավորապես Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով:
Մեզ համար ակնհայտ է, որ Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործումը ըստ էության ավելի շատ բխում է շահագործող ընկերության եւ մասնավոր անձանց շահերից, քան թե Հայաստանի Հանրապետության: ՀՀ իշխանությունները եւ մենք բոլորս պարտավոր ենք ծայրահեղ խնայողությամբ վերաբերվել մեր երկրի բնական ռեսուրսներին, որոնք, առանց այդ էլ, խիստ սահմանափակ են:
Համաձայն չենք ՀՀ բարձրաստիճան այն պաշտոնյաների մտքերի հետ, թե «… հանքավայրերը շահագործման համար են, դրանք հարկավոր է շահագործել…»: Մենք կարծում ենք, որ հանքավայրերը պահպանելու համար են, եւ` այնքան երկար, որքան դա հնարավոր է անել: Այս տեսանկյունից Հայաստանը այնպիսի մի օրախնդրի առաջ չի կանգնած, որ ստիպված է շահագործելու հանձնել Թեղուտի բազմամետաղական հանքավայրը, դրա հետ մեկտեղ թույլ տալով ոչնչացնել 1000-ից ավելի հեկտար անտառ` իր կենդանական ու բուսական աշխարհով, ռելիեֆային հսկայական փոփոխություններ բերելով այդ տարածաշրջանին, փոխելով գետերի հուները, ահռելի քանակությամբ հանքանյութ եւ ապար մշակելու արդյունքում ունենալով վտանգավոր պոչամբարներ: Մեր բնական հարստությունների ոչնչացման դիմաց խորհրդանշական եկամուտներ ենք ունենալու պետբյուջեում ու ինչ-որ խիստ կասկածելի փոխհատուցման բնապահպանական միջոցառումներ: Հայաստանի անտառային հարստությունները թանկ են այնքան, որքան դրանք սակավ են ու շարունակում են սակավանալ` առանց նույնիսկ այս հանքավայրի շահագործման:
Թեղուտի բազմամետաղական հանքավայրի անխնա եւ անհեռատես օգտագործումը անուղղելի վնասակար ազդեցություն է թողնելու շրջակա միջավայրի եւ դրանով` հարակից տարածքների ավելի քան 2 տասնյակ բնակավայրերի բնակիչների առողջության վրա:
Թեղուտի բազմամետաղական հանքավայրի շահագործման հետ կապված մեր մտահոգությամբ միանում ենք եւ մոտ 9 տասնյակ հասարակական կազմակերպությունների կոչին, որն ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այն է.
• շտապ միջոցներ ձեռնարկել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները կասեցնելու ուղղությամբ,
• իրականացնել անկախ փորձաքննություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում մասնագիտացված միջազգային առաջավոր եւ ճանաչված կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ` Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման առավել անաչառ եզրակացություն ստանալու նպատակով:
Ակնկալում ենք պատասխանատու պաշտոնյաների եւ ատյանների ուշադրությունը հիմնահարցին եւ այս հայտարարությանը: Ուշադիր ենք այս հայտարարության բոլոր հնարավոր արձագանքներին եւ պատրաստ ենք քննարկել մեր արտահայտած մտահոգությունները ցանկացած ձեւաչափով:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ
Լեւոն Բարսեղյան,
Սեյրան Մարտիրոսյան,
Արթուր Սաքունց
Հայտարարությունը բաց է այլ շահագրգիռ անձանց՝ միանալու համար
29 ապրիլի, 2008