Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում
00:00, April 18, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումՆախնական տարբերակ
Բանաձև թիվ 1609 (2008)
1. 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ:
Չնայած որ դրանք «անցկացվեցին հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ», ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը արձանագրեց մի շարք խախտումներ և թերություններ, որոնցից ամենակարևորն էին բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը և բողոքների ու գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը: Բացի այդ, արձանագրեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:
2. Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ նկատված խախտումները և թերությունները չնպաստեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության` առանց այն էլ խախտված վստահության մակարդակի բարձրացմանը, միաժամանակ հայաստանյան հասարակության մի հատվածի շրջանում հարցեր առաջացնելով ընտրությունների արդյունքի վստահելիության կապակցությամբ: Հանրային վստահության պակասը հիմք դարձավ նախնական արդյունքների հրապարակմանը հաջորդած, թեև առանց նախապես պաշտոնական տեղեկացման, խաղաղ ցույցերի համար, որոնք 10 օրվա ընթացքում հանդուրժվում էին իշխանությունների կողմից:
3. Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների և 2008թ. մարտի 1-ին բռնության սրացման կապակացությամբ, որի հետևանքով տաս հոգի զոհվեց և շուրջ երկու հարյուր մարդիկ` ստացան մարմնական վնասվածքներ: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում` 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երևան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու և ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս և պետք է ենթարկվեն վստահելի և անկախ քննության:
4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերևույթ արհեստական են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:
5. Ողջունելի զարգացում էր այն, որ խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից չորսը նորընտիր նախագահ պրն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ. մարտի 21-ին ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին, որի նպատակն է լուծել ծառացած քաղաքական խնդիրները: Այնուհանդերձ, դեռևս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի և «Ժառանգություն» կուսակցության միջև, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունների հետ` Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:
6. Չնայած որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տեսքով իր կիզակետին հասած` հանրային վրդովմունքի պոռթկումը, թերևս, անակնկալ էր, Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար և խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները և իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Մասնավորապես՝.
6.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական բանավեճի և փոխզիջումների ձևավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որևէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին և երկրի կառավարմանը: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում:
6.2. Ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասն ընդհանուր առմամբ նսեմացնում է նաև ընտրությունների արդյունքների նկատմամբ հայաստանյան հանրության մի մասի վստահությունը: Խնդիրն ավելի է բարդանում անկողմնակալ ընտրական վարչարարության բացակայության, ընտրական բողոքների և գանգատների անարդյունավետ քննության և քվեաթերթիկների հաշվարկի և արդյունքների աղյուսակավորման ընթացակարգերի ոչ բավարար թափանցիկության պատճառով:
6.3. Չնայած հաջողությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաև ընտրական գործընթացում: Դրանով է բացատրվում ընտրությունների կապակցությամբ նրանց ներկայացված բողոքների սակավաթվությունը: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է նաև այն փաստը, որ դատարանները, ըստ երևույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով,
6.4. Համարժեք դատական հսկողության բացակայության պայմաններում, անձանց ձերբակալությունը և շարունակվող կալանավորումը առերևույթ արհեստական մեղադրանքներով, նրանց` նախագահական ընտրությունների արդարացիությունը վիճարկելուց հետո կամ նախագահական ընտրություններից հետո ցույցերում նրանց մասնակցությունից հետո, մատնանշում է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա անընդունելի է և չի կարող հանդուրժվել Վեհաժողովի կողմից,
6.5. Թեև գոյություն ունի բազմակարծ և անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների և նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաև իսկապես անկախ և բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձևավորմանը և խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը:
7. Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` 2008թ. մարտի 17-ին, Ազգային ժողովը Կառավարության առաջարկով հրավիրված արտակարգ նիստի ընթացքում ընդունեց մի շարք փոփոխություններ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում, որոնք էապես սահմանափակում են հավաքների ազատության իրավունքը և իշխանություններին մեծածավալ հայեցողական լիազորություններ վերապահում` արգելելու քաղաքական ժողովները և ցույցերը: Հետևաբար, դրանք հակասում են եվրոպական չափանիշներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, ինչպես նաև` խախտում Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորությունները և հանձնառությունները: Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես համատեղ եզրակացության նախագծում նշել են, որ այդ փոփոխություններն անընդունելի են: Վեհաժողովը ողջունում է նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման խոսքում արտահայտված մտադրությունը ամբողջովին համապատասխանեցնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եվրոպական չափանիշներին և խրախուսել այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությունը:
8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը, վերհիշելով իր 1532 (2007) բանաձևը Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման վերաբերյալ, կրկին անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետևյալ բարեփոխումները.
8.1. Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ և պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը:
8.2. Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը և ազատությունը որևէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի և արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման և գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաև գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե° պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե° դրան նախորդող ժամանակահատվածում:
8.3. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության և ռադիոյի անկախությունը և բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների նկատմամբ,
8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե° օրենքով, թե° գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
8.5. Իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն դատական համակարգի իրական անկախությունը երաշխավորելու և դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց կողմից գործադրվող ջանքերին,
8.6. Պետք է բացառել կամայական ձերբակալումները և կալանավորումները, ինչպես նաև կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի երևույթները, հատկապես` ոստիկանությունում պահվելու ընթացքում: Թե օրենքով, թե պրակտիկայում պետք է երաշխավորել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ:
9. Ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները: Դա չպետք է մեկնաբանել որպես դատարանի որոշման էության հետ համաձայնվելու պարտավորություն: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն իրավունք ունեն վիճարկել այդ որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով, այդ թվում` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
10. Վեհաժողովը կարծում է, որ վերոհիշյալ հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներն իրագործելու և Հայաստանին առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին հայ հասարակության քաղաքական ուժերի միջև բաց և կառուցողական երկխոսության նախաձեռնումն է: Ավելի քան մեկ տարի առաջ Վեհաժողովը 1532 (2007) բանաձևում արդեն ընդգծել է այդպիսի երկխոսության` որպես սահմանադրական բարեփոխումների արդյունավետ իրականացման նախադրյալի անհրաժեշտությունը:
11. Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական սպեկտրի համապատասխան մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում, այդ երկխոսությանը պետք է մասնակցեն թե° խորհրդարանական, թե° արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Վեհաժողովը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ տարբեր ուժերի միջև և ապահովել Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինների, հատկապես` Վենետիկի հանձնաժողովի ներգրավումն այս գործընթացին:
12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը գտնում է, որ նման երկխոսության մեկնարկի և հաջողության համար անհրաժեշտ է առաջնահերթ կարգով ապահովել մի շարք պայմաններ, որոնք կնպաստեն ընդդիմության նկատմամբ վստահության ամրապնդմանը և կհիմնավորեն իշխող մեծամասնության` հետագա բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության լրջությունը.
12.1. Պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ` ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության երևույթների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել և աջակցել նման հետաքննության անցկացմանը,
12.2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն,
12.3. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները և լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
13. Եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, և եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջև լրջորեն չծավալվի բաց երկխոսություն վերոհիշյալ 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը: Ուստի, Վեհաժողովը պետք է 2008թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց:
14. Վեհաժողովը կշարունակի ուշադրությամբ հետևել Հայաստանում տիրող իրավիճակին` Դիտարկման հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկությունների հիման վրա, հատկապես` վերոհիշյալ նախապայմանների բավարարման ուղղությամբ առաջընթացի առումով: