«Օքսֆորդ անալիտիկա»-ի հրապարակումն ավելի շատ արջի ծառայություն է. իրավապաշտպան
09:43, February 8, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԲրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնի՝ Հայաստանի ԶՈւ-ին վերաբերող հրապարակումն ավելի շատ արջի ծառայություն է, քաղաքական պատվեր և բանակում առկա իրավիճակից ուշադրություն շեղելու փորձ, քան իրական օգնություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ նախ հակասություններ կան բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների թվային տվյալների առումով:
«Մենք արդեն իսկ հրապարակել ենք, որ 2010 թվականին գրանցվել է մահացության 44 դեպք, բայց պաշտոնական թվերով՝ դրանք 54-ն են: Սա նշանակում է, որ ՊՆ-ն 10 միջադեպերի մասին նախապես ոչինչ չի հայտնել, և հետո միանգամից հայտնել է այդքան դեպքի մասին: 2011-ին մահացության դեպքերը, ճիշտ է, նվազել են, բայց միջադեպերի թիվը, որոնք ավարտվել են մահացության ելքերով, 2010-ի համեմատությամբ ավելի շատ են եղել:
Ինչ վերաբերում է հրապարակման տրամաբանությանը, ապա այն իրական պատկերն ամբողջովին աղճատել է: Մի բան ճիշտ է՝ հայկական բանակում կան բարեփոխումների աջակիցներ, բայց կան նաև բարեփոխումների դեմ հանդես եկող պահպանողականներ: Միաժամանակ, այս մարդկանց պահպանողականներ անվանելը շատ մեղմ է: Նրանք ոչ թե պահպանողականներ են, այլ կոռումպացված շերտի ներկայացուցիչներ, որոնց համար բանակը եկամտի աղբյուր է հանդիսանում: Նրանք գաղափարի պայքար իրականացնողներ չեն, այլ կոռումպացված խմբի անդամներ, ովքեր նստած են բանակի ռեսուրսների վրա և իրենց պաշտոնն օգտագործում են իրենց անձնական բիզնեսները զարգացնելու համար: Իսկ ահա բարեփոխումների տրամադրված մարդիկ բանակում ընդամենը 10 տոկոս են կազմում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը կտրականապես համամիտ չէ Պնախարար Սեյրան Օհանյանի՝ որպես բարեփոխումների, իսկ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի՝ որպես պահպանողական թևի ներկայացուցիչների դասակարգմանը: «Սա սարքովի, կեղծ հակամարտություն է, և դասակարգումն ամենևին չի համապատասխանում իրականությանը, որովհետև Սեյրան Օհանյանը որևէ կերպ ցույց չի տվել, որ ինքը բարեփոխումների թիմի ղեկավարն է: Կոռուպցիոն ռիսկեր կան և ՊՆ-ում, և ԶՈւ գլխավոր շտաբում: Նրանց միջև, իհարկե, կան հակասություններ, բայց ոչ թե բարեփոխումների, այլ մենիշխանություն հաստատելու, իրավիճակին ամբողջությամբ տիրապետելու մասով»:
Հիշեցնելով, որ հրապարակման մեջ խնդիրը դիտարկվում է նաև առաջիկա ընտրությունների համատեքստում՝ Սաքունցը նկատեց, որ այն փորձ է ԶՈւ թեման արհեստականորեն դարձնել քաղաքական օրակարգի բաղադրիչ: «ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է միանշանակորեն տիրապետում իրավիճակին՝ մի ձեռքով՝ ՊՆ-ին, մյուսով՝ Խաչատուրովին:»
Նշենք, որ ըստ հրապարակման, զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, և այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաև անընդունելի վարքագծի այլ դրսևորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել` կապված զինվորական կարգապահության անկման և հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ: Այս խնդրի լուծման` իշխանությունների ակնհայտ անկարողությունը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի պաշտպանության համակարգի բարեփոխման` արդեն իսկ սկսված գործընթացի, այնպես էլ առհասարակ` տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի վրա:
Զինծառայողների նվաստացման և մահվան փաստերը, վերլուծական կենտրոնի մատուցմամբ, Հայաստանի հանրության շրջանում բուռն և զգայական բանավեճերի տեղիք են տվել:
«Ու մինչ հանրային զայրույթն ու քաղաքական ճնշումն ահագնանում է, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իսկապես պայքարում է խնդրի լուծման համար»,- նշում է զեկույցը: