Կայացավ Դերենիկ Գասպարյանի գործով դատական նիստը
09:47, February 8, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2012 թ. փետրվարի 7-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանի դիմումի քննությունը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Սարգսյանը, նիստին մասնակցում էին Չարենցավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. Բաղդասարյանը, Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդ Դ. Մկրտչյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանը:
Նիստի ընթացքում Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանը ներկայացրել է պահանջը, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված խախտումները, իսկ քննիչը փորձել է պատասխանել հարցերին:
Դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով և նշանակվել 2012 թ. փետրվարի 17-ին՝ ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանը մահացել է 2010 թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5-րդ դպրոցում համադասարանցիների միջև ծագած վիճաբանության արդյունքում: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը Դ. Գասպարյանի մահվան հանգամանքը հայտնի է դարձել 2010 թ. հունիսի 5-ին, սակայն քրեական գործ չի հարուցվել:
2010 թ. հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ առողջությանը հասցված թեթև վնասի հատկանիշներով: