Ինչ անել հանրային վստահությունը զորակոչի նկատմամբ բարձրացնելու ուղղությամբ
10:50, April 27, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ բանակ կզորակոչվեն նրանք, ում 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և ովքեր չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև՝ մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Հաշվի առնելով հենց զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների նկատմամբ հասարակության լայն շերտերի անվստահությունը, բողոքները, թե հիվանդ զորակոչիկները ևս զորակոչվում են բանակ, փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել զորակոչի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:
Հասարակական խորհրդի աշխատավայրում արդեն ակտիվ աշխատանքի է անցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որն ինչպես աշնանային, այնպես էլ գարնանային զորակոչի ընթացքում կքննի քաղաքացիների դիմումներն ու բողոքները: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում է հատկապես բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ հասարակության շրջանում վստահության մթնոլորտի ամրապնդման համար:
Գեղամ Հարությունյանի խոսքերով՝ վերանայվել է բժշկական հանձնաժողովների աշխատանքը, որից ելնելով էլ մի շարք փոփոխություններ են մտցվել: Ըստ նրա՝ մեծացվել է կենտրոնական տարածքային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների լիազորությունները, այսինքն՝ նրանք միայն շատ կարևոր դեպքերում պետք է գործերը ներկայացնեին Կենտրոնական բժշկական հանձնաժողովներ, բայց հիմա կարգը փոքր-ինչ փոխվել է, որի պայմաններում ընդունվող որոշումներն ավելի մանրակրկիտ կքննարկվեն ու ավելի հավաստի կլինեն:
«Բժշկական հանձնաժողովների կազմը թարմացվել է, որպեսզի օրինականության սկզբունքն ավելին արտացոլված լինի հանձնաժողովի աշխատանքում: Կարևոր է, որպեսզի ոչ մի հիվանդ զինվոր չհայտնվի բանակում, ոչ էլ` առողջը մնա տանը: Այդ սկզբունքը շատ կարևոր է հանձնաժողովի աշխատանքում, բայց պետք է դիտարկել նաև տարբեր շահադիտական գործընթացները. դրանք ևս շատ խիստ ուշադրության առարկա դարձան և այդ հնարավորությունների համար բոլոր կարգի սողանքները փակելու ուղղությամբ գործընթացներ իրականացվեցին, որոնք դրական ազդեցություն են ունենալու զորակոչի ողջ գործընթացի նկատմամբ: Սա մի սահման է, որը գծվել է, և սրանից ետդարձ չի լինելու: Ես կարծում եմ, որ եթե մի քանի զորակոչ այս միտումները պահպանվեն, իսկ ես համոզված եմ, որ կպահպանվեն, հասարակությունն այլևս կհասկանա, որ պետք չէ փնտրել այլ ճանապարհներ զորակոչից խուսափելու համար»,- նշեց Գեղամ Հարությունյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև բողոքարկման մեխանիզմների բարելավումը, ինչը նաև անում է հասարակական խորհուրդը: Ըստ նրա՝ դիմում-բողոք ներկայացնողին ընդունում են, որպես գործընկեր, որովհետև, նրա խոսքով, եթե չլինեն այդ բողոքները, այդպես էլ շատ հարցեր չլուծված կմնան: Եզրափակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ քանի դեռ զորակոչը չի սկսվել՝ բողոքներ չունեն, երբ սկսեն ստանալ բողոքներ, անցնելու են իրենց աշխատանքի առավել ակտիվ փուլին, որի ընթացքում պատրաստ են բոլոր ակտիվիստների հետ թափանցիկ աշխատել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երբեք չեն դիմել մասնակցելու այդ խորհրդի աշխատանքներին, զորակոչիկների հարազատների ներկայացրած բողոքների քննարկման գործընթացին, քանի որ իր ղեկավարած կազմակերպությունն արդեն իսկ ստանում է բողոքներ և զբաղվում այդ բողոքների քննմամբ: Նրա տվյալներով՝ անցյալ զորակոչի ընթացքում շուրջ 4 զորակոչիկի զինծառայություն հնարավոր է եղել հետաձգել մեկ տարով, իսկ երկուսի դեպքում հնարավոր է դարձել կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը փոխել: Իսկ թափանցիկ աշխատելն, ըստ Ա. Սաքունցի, իրենից ենթադրում է այն, որ հանձնաժողովը պետք է հրապարակայնացնի այն պաշտոնատար անձանց ապօրինի գործարքները, որոնք քաղաքացիների բողոքներին են հանգեցրել, որպեսզի դրանք ունենան կանխարգելիչ նշանակություն:
«Իրազեկման միջոցով հանրության առջև զինկոմիսարիատների պատասխանատվությունը կմեծանա, և այդ գործընթացն, իսկապես, կանխարգելիչ նշանակություն կունենա»,- նկատեց Արթուր Սաքունցը: