Դատարանը մերժեց ապօրինի քարոզարշավի վերաբերյալ բողոքը
13:14, April 30, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության Վանաձորի հետաքննության բաժանմունքի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում էր վերացնել ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության Վանաձորի հետաքննության բաժանմունքի պետ Ա. Սարգսյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և վարչական վարույթ իրականացնելուն պարտավորեցնելու դիմումը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած` կազմակերպությանը դիտորդության ընթացքում հայտնի դարձած, ընտրախախտումների մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ Լոռու մարզի դատախազություն: Հաղորդման մեջ նշված է, որ 2013 թ. փետրվարի 13-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան Պետական Մանկավարժական Ինստիտուտում դասախոսների և ուսանողների շրջանում դասաժամին քարոզչություն է իրականացվել` Սերժ Սարգսյանին իրենց ձայնը տալու համար:
Լոռու մարզի դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության Վանաձորի բաժին: Նույն բաժնի պետ է. Շարմազանովը հայտնել է, որ որևէ անձի արարքում իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել:
2013 թ. մարտի 6-ին կազմակերպությունը դիմում է ներկայացրել Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանին` Է. Շարմազանովին որոշումներ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
2013 թ. մարտի 14-ին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Պողոսյանը որոշում է կայացրել այդ նյութերով կայացված եզրակացությունը վերացնելու մասին: Իսկ մարտի 16-ին Ա. Սարգսյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում` հիմնվելով ՎՊՄԻ և դասախոսների բացատրությունների վրա, ովքեր հայտնել են, իբր քարոզչույուն չի իրականացվել:
Նշենք նաև, որ Ա. Սարգսյանը որևէ անդրադարձ չի կատարել նշված դեպքի վերաբերյալ հրապարակված նյութերին: