Արթուր Սաքունց. «Հարցերը լուծվել են Տարոն, սիրուն չէ մոտեցումով»
13:10, May 2, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք«Ես Երևանի ընտրողին չեմ էլ նախանձում, թե ինչ է անելու այս իրավիճակում ընտրության ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայնյուզ» ակումբում հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նաև հավելեց. «Երևանի ավագանու ընտրությունները իրապես համապետական նշանակության ընտրություններ են, ընտրության մեխանիզմը համամասնական է, ուստի ընտրություններն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունեն»: Ըստ Ա. Սաքունցի՝ այս ընտրությունները հերթական ստուգատեսն են կուսակցությունների ռեսուրսների և վարկանիշի ցուցադրման համար: Անդրադառնալով կուսակցությունների գույքի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունների արդյունքներին՝ նա նշեց. «Հատկանշականն այն է, որ ՀՀԿ-ի ողջ գույքը սեփական է, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք վարձակալության կամ անվարձահատույց օգտագործման են վերցրել գույքը: Այսինքն՝ ՀՀԿ-ն բավականին լուրջ ունեցվածք ունի, ինքը եզակի կուսակցություն է, որի ոչ միայն անդամներն են հարուստ, այլև հենց կուսակցությունը: Եվ ի սկզբանե ձևավորված են անհավասար պայմաններ: Այնտեղ լրջորեն պիտի դիտարկվի ոչ միայն Տարոն Մարգարյանի, այլև հենց կուսակցության հարստության հարցը»: Ա. Սաքունցը ցավով նշեց, որ ծրագրային պայքար՝ որպես այդպիսին չեղավ, այնուհետև շարունակեց. «Հարցերը լուծվել են Տարոն, սիրուն չէ մոտեցումով, ոչ թե սեփական նախաձեռնությամբ»:
Aravot.am-ը Ա. Սաքունցից հետաքրքրվեց՝ իրենք ի՞նչ ահազանգեր են ստանում, քանի որ արդեն խոսվում է այն մասին, թե մարզերից բնակիչների են բերում և գրանցում երևանյան հասցեների վրա: Նա պատասխանեց. «Նախագահական ընտրությունների ժամանակ էլ կար, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ է գրանցվելու այն, որ մարզերից բնակիչներին բերելու են Երևան: Այն ժամանակ Վանաձորում նույնիսկ դա արվում էր ոչ միայն միկրոավտոբուսներով, այլ մասնավոր մեքենաներով էին բերում: Ուստի չեմ կարծում, որ նույնը չկրկնվի: Մենք ունենք այն խնդիրը, որ ընտրությանը մասնակցածների, այն անձանց, որոնք ստորագրում են գրանցամատյանում, ցուցակը չի տրամադրվում մեզ, և մենք ստուգող գործիք՝ ըստ էության չունենք: Բացակաների փոխարեն քվեարկությունը կանխարգելելը դժվար կլինի: Եթե փոքր համայնքներում դա հնարավոր է, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, ապա Երևանի նման մեծ քաղաքում այդ տարբերակն անհնար է: Դրա դեմն առնելու միակ տարբերակն այն է, որ տվյալ թաղամասում բնակվող և հանձնաժողովի անդամ հանդիսացողները պիտի իրենք կարողանան ջոկել այդ անձանց: Ուստի հիմնական ընտրախախտման մեխանիզմը լինելու է դե ֆակտո մեռյալների հաշվին ձայների ապահումը»: Հարցին՝ ԲՀԿ-ի այսօրվա հանրահավաքին ավտոբուսներով մարդկանց Աբովյանից Երևան բերելն արդյոք իրավաչա՞փ է, պարոն Սաքունցը պատասխանեց. «Օրը ցերեկով այդքան մարդ նույն վարքագիծն ունենալ չի կարող: Դա նման է 99.99 տոկոս հօգուտ Կոմունիստական կուսակցության քվեարկությանը: Դա անտրամաբանական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/02/238702/