Փոքրամասնությունների օրենքը կամ` Հանդուրժողականության հակառակ երեսը
06:34, June 18, 2013 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Քրեակատարողական հիմնարկներԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն մայիսի 20-ին հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա` 2012 թ. զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Զեկույցում նշվում է, որ թեև երկրում Սահմանադրությամբ կրոնական ազատության իրավունքն ամրագրված է, որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այդ ազատությունը: «Օրենքներն արտոնություններ են շնորհում Հայ առաքելական եկեղեցուն, ինչից չեն օգտվում կրոնական մյուս կազմակերպությունները», նշվում է զեկույցում:
2012-ին անընդհատ ազդանշաններ են եղել` համաձայն որոնց Հայաստանում կրոնական փոքրամասնությունները խտրականության են ենթարկվում: Մասնավորապես Եհովայի վկաների հաղորդագրության համաձայն՝ 2012-ին այդ կազմակերպության 31 անդամներ մնացել են բանտում` կրոնական համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից, ով հայտնի է կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ջանադրությամբ, հետաքրքրվեցինք, թե որքանով է անաչառ Պետքարտուղարության զեկույցը: «Զեկույցն օբյեկտիվ է, ավելին` մենք բազմիցս ենք ահազանգել ու հայտարարել, որ Հայաստանում տիրում է Հայ առաքելական եկեղեցու մենիշխանություն: Հենց դա էլ կրոնական կազմակերպությունների դաշտում խտրականության ամենացայտուն դրսևորումն է», ասաց Ա. Սաքունցը:
Ի տարբերություն Հայաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի` «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով Հայաստանում կրոնական ոչ մի կառույց խտրականության չի ենթարկվում: Ըստ նրա` հայաստանյան օրենքներն ընդհանրապես խտրականության հնարավորություն չեն ընձեռում: «5 միլիոն դոլարանոց շենք կառուցեցին «Կյանքի խոսքի» համար, և սա խտրականությո՞ւն է: Հետաքրքիր է` ինչո՞ւ մեր իրավապաշտպանը չի խոսում Առաքելական եկեղեցու հավատացյալների նկատմամբ խտրականության մասին: Իրավապաշտպան ոչ մի կառույց դրա համար ֆինանսապես աջակցություն չի ստանում, հետևաբար այդ մասին չի խոսում: Իսկ ահա կրոնական փոքրամասնության համար դրամաշնորհ են ստանում, այդ պատճառով էլ նրանց շահերն են պաշտպանում», մեզ հետ զրույցում նշեց Ա. Ամարյանը: Նրա հետ համամիտ է ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: Ըստ նրա` Հայաստանում ոչ միայն կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն չկա, այլև հակառակը. «Առաքելական եկեղեցին բավական հանդուրժող է, եթե նա ավանդական մոտեցում դրսևորեր` պետք է երկիրը մաքրեր կրոնական բոլոր կառույցներից: Հայաստանում կա կրոնական փոքրամասնությունների ոչ թե խտրականություն, այլ ազատություն: Կրոնական որոշ փոքրամասնությունների ազատությունը վերածվում է ագրեսիվության: Փողոցներում նրանք մոտենում են քաղաքացիներին, իրենց համոզմունքները փորձում հրամցնել նրանց: Այս դեպքերը պետք է կանխվեն: Ազատություն չի նշանակում կամքի թելադրում», նշեց կառավարության ներկայացուցիչը:
Պետքարտուղարության զեկույցում նաև նշվում է, որ 2012-ին կրոնական ազատության իրավունքի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքն էական փոփոխության չի ենթարկվել՝ վատթարացման կամ բարելավման միտում չի դրսևորվել:
Այս առումով իրավապաշտպան Արթուր Սաքունցը զեկույցն օբյեկտիվ չի համարում: Ըստ նրա` կառավարության վերաբերմունքի վատթարացում է տեղի ունեցել: «Կառավարությունը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին մենաշնորհի կարգավիճակ է տալիս»:
Ընդունելով, որ կառավարության վերաբերմունքի վատթարացում կա` «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոնի» նախագահը երևույթին այլ գնահատական է տալիս. «Կառավարության վերաբերմունքի վատթարացում կա, քանի որ կառավարությունում կրոնական ազատության իրավունքով զբաղվող չունենք: Միայն Վարդան Ասցատրյանն է, ևս մեկ-երկու հոգի: Ի՞նչ են երեք հոգին` կրոնական բազմաթիվ կառույցների համար` զրո», մեզ հետ զրույցում ասաց Ա. Ամարյանը` վերստին հայտարարելով, որ այսօր կրոնական կառույցներով Հայաստանում պետականորեն ոչ ոք չի զբաղվում: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված պետական նման մոտեցումը` Ա. Ամարյանը պատասխանեց. «Պետական մարմիններին կրոնական կառույցները պետք չեն: Քանի՞ անգամ եք լսել, որ կրոնական շարժառիթներով հանցագործություն բացահայտվի կամ հարկայինը կրոնական կառույցում ստուգումներ անցկացնի: Կրոնական կառույցները պետություն են պետության մեջ` անձեռնմխելի են», նշեց Ա. Ամարյանը:
Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեր երկրի կառավարությանը հորդորել է այլընտրանքային ծառայության մասին նոր օրենք ընդունել` համապատասխան միջազգային չափանիշներին:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ` 36 ամիսը` գործող 36 և 42 ամիսների փոխարեն:
Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունեն փոփոխված օրենքի մասին:
Իրավապաշտպան Ա. Սաքունցի կարծիքով` ԱԺ-ն օրենքում փոփոխություններն ընդունեց ոչ թե ԱՄՆ պետքարտուղարության հորդորով, այլև Եվրոպական դատարանի որոշումների պատճառով: «Եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս արձանագրել է, որ ՀՀ-ն խախտում է Եհովայի վկաների ներկայացուցիչների խղճի ազատության իրավունքը: Ինչ վերաբերում է փոփոխություններին` դրանք այնուամենայնիվ լիարժեքորեն չեն ապահովում այլընտրանքային ծառայության անցնելու իրավունքը, քանի որ չեն ճանաչում զինվորական ծառայության ընթացքում քաղաքացու կողմից այլընտրանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմումի իրավասությունը», նշեց Ա. Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով` թեև ծառայության ժամկետները վեց ամսով կրճատվել են` ավելի երկար են, քան սովորական զինվորական ծառայությանը:
«Օրենքում կատարված փոփոխություններից հետո Եհովայի վկաները արդյո՞ք կշարունակեն ընտրել ազատազրկման տարբերակը» հարցին Ա. Սաքունցը պատասխանեց հարցով. «Որո՞նք են լինելու այն հաստատությունները, որոնք քաղաքացիները, ելնելով իրենց համոզմունքներից, ընտրելու են այլընտրանքային ծառայություն անցկացնելու համար: Այդ հիմնարկների ցանկը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը»: Սա Ա. Սաքունցի կարծիքով առաջին ռիսկն է: Երկրորդ ռիսկն այն է, որ ԱԺ անվտանգության պաշտպանութան և ներքին գործերի հանձնաժողովը պետք է որոշի այլընտրաքային ծառայությանը համապատասխանելու հարցը. «Դա մտահոգիչ է. ինչո՞ւ պետք է այնտեղ լինեն ոստիկանության կամ ՊՆ ներկայացուցիչները: Հանձնաժողովի կազմը չպետք է գերատեսչական լինի: Այսինքն օրենքով նախատեսվում են այնպիսի դրույթներ ու ընթացակարգեր, որոնք վտանգի տակ են դնում իրական այլընտրանքային ծառայության իրականացումը», բացատրեց Ա. Սաքունցը` հավելելով, որ կասկածում է, թե օրենքում կատարված այս փոփոխություններից հետո Եհովայի վկաների դիմումները` ուղղված Ստրասբուգի դատարան, կնվազեն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի կարծիքով հարգանքը պետք է փոխադարձ լինի. «Եթե պետությունը հարգում է նրանց իրավունքը, ավելին` մեծացնում է իրավունքի շրջանակը, նրանք էլ պետք է հարգեն պետությանը ու գնան ծառայելու»: Ըստ նրա` չի բացառվում, որ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ Եհովայի վկաներն այլ պատրվակներ գտնեն ու կրկին հրաժարվեն ծառայելուց…
Աղբյուրը՝http://sobesednik.am/am/social/4060-2013-05-31-17-37-18