Նախարարը պնդում է, որ ՊՆ-ն հասարակությունից ոչինչ չունի թաքցնելու
08:46, July 1, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաժարական չի ներկայացնի, իր լավ կամ վատ աշխատանքի գնահատականը նա վերադասին է թողնում:
«Պաշտպանության նախարարը, եւ ընդհանուր առմամբ իմ ճանապարհը անցած մարդիկ հայրենիքը պաշտպանելու գործում կյանքում հրաժարական չեն տա», – ուրբաթ օրը Ազգային ժողովում կայացած «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նախարարը:
Սեյրան Օհանյանը այս հայտարարությունն արեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանի այն դիտարկմանն ի պատասխան, թե նա չի կարողանում իրականացնել վերցրած պատասխանատվությունը: Նազարյանը նկատի ուներ Սերյան Օհանյանի այն հայտարարությունը, թե յուրաքանչյուր զինվորի մահվան դեպքն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում:
Խորհրդարանական լսումներին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքում էին բանակում տեղի ունեցած հանցագործությունների ոչ պատշաճ քննությունից: Բանակում եղբայր կորցրած Ծովինար Նազարյանն ասաց` հանցագործության կոծկման գործում «իրար հետ լավ համագործակցում են պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն ու զինվորական դատախազությունը»: Նախարարը, ում վերահսկության ներքո է գործում այդ քննչականը, նկատեց` նրանց գործերին խառնվելու իրավունք չունի:
«Ես կարող եմ ասել` համազգեստդ ինչի համար է այդպես, բայց ավելի կոնկրետ մասնագիտական գնահատական տալիս է դատախազությունը», – ասաց Օհանյանը:
Հասարակական վերահսկողություն իրականացնողներին մտահոգող մյուս ոչ թափանցիկ ոլորտը Զինված ուժերում իրականացվող գնումներն են: Transparancy International կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն ասաց, որ ուսումնասիրել են պաշտպանության նախարարության գնումներն ու հայտնաբերել, որ վերջին վեց ամիսներին մեկ անձից կատարվող գնումների թիվը տասն անգամ աճել են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Այվազյանը նշեց «Նատալի ֆարմ» ընկերությունը, որն, ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին է պատկանում:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նաեւ գոմեշի մսի հայտնի պատմությունը հիշեցրին: Այս գործում ձերբակալվածներ չկան: Գոմեշի մսի պատմության մեջ ներքաշված անձինք հեռացված են պաշտոններից, գոհունակությամբ ներկաներին փոխանցեց նախարարը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, եթե բանակում թափանցիկություն չկա, ցանկացած գնահատական տեղին է: Բացի զենք-զինամթերքից բոլոր գնումները թափանցիկ են, պնդում էր Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` դա ներկայացնելով իբրեւ ձեռքբերում: Սակայն նշենք, որ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ պաշտպանական ծախսերը դռնփակ են քննարկվել:
Պաշտպանության նախարարն էլ չհամաձայնեց, նրբություն պահանջեց. – «Մեզ տրվող գնահատականների մեջ ես կառաջարկեի, որ մի քիչ նուրբ լինենք»:
Օհանյանը կոչ արեց հիշել, թե ինչ էր կատարվում տասը տարի առաջ. զորակոչը սկսվելուն պես բուժզննումն իրականացնող պաշտոնյային չփոխելու համար հարյուր հոգի խնդրում էր: Տասը տարի առաջ, հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն էր: Նախկինում պատահարներն անգամ ձեռնտու էին վերադասներին, նման հայտարարություն արեց պաշտպանության նախարարը:
«Նախկինում զորամասերում կամ որեւիցե մի տեղ տեղի էր ունում հանցագործություն, շատերը ուրախանում էին: Հանցագործության հիմքում ընկած է ամեն ինչ, կոռուպցիա, կաշառակերություն… կարելի է աշխատել: Այսօր այդ մարդը, ով կուզեր, որ գումար աշխատեր զինվորի կամ հասարակ քաղաքացու վրա, նրա գիտակցությունը փորձում ենք փոխել եւ ասել` «գիտես էսօր ոչ թե շատ արտակարգ պատահարներն է մեզ ձեռնտու, այլ քիչը»», – ասաց նախարարը` պնդելով, որ իրենք հասարակությունից ոչինչ չունեն թաքցնելու, բայց թափանցիկությունն ու անվտանգությունը իրար չպետք է խանգարեն:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/25031275.html