Սաքունցը կասկածում է «ջրծաղիկի գործի» արդար քննությանը
06:33, July 16, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՇուրջ մեկ տարի է` Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «ջրծաղիկի գործ» անունով:
Ամբաստանյալի աթոռին երկուսն են`Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանը և զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով` մեղադրյալի աթոռին այլ անձինք ևս պետք է հայտնվեին: Շուրջ մեկ տարի ձգձգվող գործի և դրան նախորդած նախաքննության թերությունների մասին պարոն Սաքունցը զրուցեց yerkir.am-ի հետ:
Ըստ նրա` դեռևս նախաքննության ընթացքում պատշաճ քննություն չի իրականացվել, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում արդար դատաքննություն անցկացնելու հնարավորությունը: «Ամբաստանյալների շարքում առնվազն պետք է լիներ զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանը, ով Հայկ Խաչատրյանի ծնողների ներայությամբ հիվանդի մոտ հայտնաբերել էր ջրծաղիկի առաջին հետքերը: Սակայն, ծնողների պնդմամբ, ջրծաղիկի ցանն ի հայտ էր եկել դեռևս դեկտեմբերի 16-ին»,- ասաց նա և հավելեց, որ այդ հանգամանքը քննության առարկա չի հանդիսացել:
Բացի այդ` Սաքունցը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ բժշկուհուն հովանավորել են, ինչի շնորհիվ և նրան հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: «Թե’ քննչական մարմինը, թե’ ռազմական ոստիկանությունը և թե’ ռազմական ոստիկանության նախկին պետը լավ գիտեն, թե ով է հովանավորել նրան: Եթե քննչական մաիմինը պատշաճ և օբյեկտիվ քննություն կատարեր, ապա այդ կապն անպայման կհայտնաբերեր»,- ասաց նա:
Իրավապաշտանի կարծիքով` գործի նյութերում ևս պատշաճ գնահատական չի տրվել այն հանգամանքին, որ երբ Հայկը տեղափոխվել է հոսպիտալ, պահվել է ջրծաղիկով հիվանդ զինվորների հետ, այսինքն` վարակվելու հիմքն ի սկզբանե եղել է: «Գործում միայն գնահատական է տրված ոչ պատշաճ սանիտարական պայմանների վերաբերյալ, բայց երբ հիվանդին պահում են այլ վարակիչ հիվանդություններ ունեցողների հետ, դա արդեն իսկ անթույլատրելի է»:
Ավելին` Սաքունցի խոսքով` պատշաճ քննություն չի անցկացվել անգամ` պարզելու, թե ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Խաչատրյանը զորամասում հիվանդություն ձեռք բերեց: Դիտարկմանը, թե հնարավոր է, որ զինվորը հիվանդությունը ձեռք բերած լինի ծառայության ընթացքում, Սաքունցը պատասխանեց. «Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ Հայկը հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում, իսկ շտաբի պետը, ով հրամանատարի պաշտոնակատարն է եղել, ընդհանրապես այս գործում ներգրավված չէ»:
Փաստորեն, ըստ իրավապաշտպանի, նախաքննական մարմինը ծածկադմփոցի է արել գործը` կոծկելով որոշ մարդկանց հանցավոր գործողությունները:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/53535.htm