ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի վերջին երեք հրատապ հաշվետվություններն անպատասխան են մնացել:
03:26, August 3, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՕգոստոսի 1-ին` ժ. 13:00, «Մեդիա կենտրոն» բանավեճային ակումբում անցկացվեց քննարկում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի վերջին երեք հրատապ հաշվետվությունների վերաբերյալ, որոնք ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն:
Առաջին հաշվետվությունը վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն էր ներկայացրել դեռևս 2013թ. հունիսի 13-ին, երկրորդ հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակին: Երրոդը 2013թ. հուլիսի 17-ին «Վանաձոր» ՔԿՀ կատարված այցելության ժամանակ դիտորդների մուտքը արգելելուն է վերաբերում քրեակատարողական հիմնարկ:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները՝ Ռոբերտ Ռեւազյանը, Տիգրան Ներսիսյանը, Սերգեյ Գաբրիելյանը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ն տառապում է ծանր հիվանդությամբ. նրա երկու ծնոտները փտում են: Դեռեւս 2011թ-ին 8-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը այցելել է հիվանդին եւ անմիջապես եզրակացություն է տվել, որ պետք է վիրահատություն արվի: Ցավոք սրտի վիրահատությունը չի կատարվել, քանի որ գումար չկա: Հիվանդը գտնվում է ծանր վիճակում, չի ստանում համապատասխան դեղորայք, չի կատարվում ոչ մի տեսակի բժշկական վիրահատական միջամտություն: Այդ հիվանդությունը գտնվում է հիվանդությունների ցանկում եւ 37-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն պետք է նրան ազատեն պատիժը կրելուց կամ տեղափոխեն հիվանդանոց եւ կատարվի այդ վիրահատությունը»,- ասում է խմբի անդամ, իրավաբան Սերգեյ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ դեռ նման 7 հիվանդ կա նույն քրեակատարողական հիմնարկում ու ոչ մի առաջխաղացում չկա:
«Աբովյան ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ դատապարտյալ՝ Ա.Գ.-ն օրական ստանում է 64 միավոր ինսուլին, որը սահմանված չափից 4 միավորով ավելի է: Այդ դեպքում պատիժ կրելը անհամատեղելի է հիվանդության հետ»,- ասում է խմբի նախագահ Ռոբերտ Ռեւազյանը:
Նա նշում է, որ այս հիվանդի դեպքում կան տարբեր թղթեր բժշկական փաստաթղթերում, քանի որ բժիշկները ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար 64-ի փոխարեն գրում են 60 միավոր:
«Բժիշկները կաշկանդված են, քանի որ չեն գործում ՀՀ առողջապահության նախարարության իրավասության ներքո»,- համոզված է Գաբրիելյանը:
Խմբի անդամներն ասում են, որ հիվանդ դատապարտյալներին պահելը եւս ծախսատար է պետության համար ու վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի գործելու պարագայում միայն կարելի է թեթեւացնել այդ բեռը եւ պաշտպանել դատապարտյալների իրավունքները:
«Այդ համակարգը հստակ կանոնակարգված չի գործում: Մենք համարում ենք, որ անմարդկային վերաբերմունք է նման անձանց գտնվելը քրեակատարողական հիմնարկում»,- ասում է Ռեւազյանը:
Խումբը մտածում է արդեն դատական ճանապարհներհով նախարարությանը ստիպել պատասխանել իրենց ներկայացրած հաշվետվություններին:
Նշենք, որ խումբը պաշտոնապես դիմել է դեռ հունիս ամսից ՀՀ արդարադատության նախարարություն, բայց պատասխան չի ստացել:
Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել՝ այստեղ:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am:
Աղբյուրը՝ http://us4.campaign-archive1.com/?u=9e017eb9f27e3e73d24562014&id=c4aaf5dcdf&e=c044fd79c8