Քաղաքացիական հասարակության գնահատականները չեն կարող լինել դիվանագիտական
14:19, October 25, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՔաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ռազմավարության նախագծում վերահաստատում է իր՝ սեպտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ արտահայտված անհամաձայնությունը ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ ՀՀ նախագահի՝ 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարության կապակցությամբ: Նախագծի համաձայն՝ երկրում ստեղծված նոր իրավիճակում ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը նախաձեռնում է իր գործունեության ռազմավարության առաջնայնությունների և գործելակերպի որոշակի փոփոխություններ:
Նախագծում նշվում է, որ սեպտեմբերի 3-ին ընդունված որոշումը ենթադրում է ՀԱՊ որդեգրած սկզբունքների, մասնավորապես՝ իշխանությունների հետ երկխոսության և ՀԱՊ մասնակցության առումով որոշակի վերաիմաստավորում:
«ՀԱՊ գործունեության օրակարգը համահունչ է լինելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստին, ԱլԳ ճանապարհային քարտեզով նախանշված ուղղություններին, ԵՄ-ի և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախագծին: ՔՀՖ ՀԱՊ-ը լինելով ազատ, անկաշկանդ, բազմակողմ քննարկումների հարթակ՝ այսուհետ առավել հետևողական է լինելու ՀԱՊ կազմակերպական սկզբունքները կիրառելու, իր օրակարգը և առաջնայնությունները պահպանելու, իր ներկայացուցիչներին ընտրելու/լիազորելու հարցերում»,- ասվում է նախագծում:
Վերջինն ամրագրում է նաև ՀԱՊ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցից առաջինը հանրային իրազեկումն է. այն ենթադրում է եվրաինտեգրացման գործընթացների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, Արևելյան գործընկերության ընթացքի, Ասոցացման համաձայնագրի վավերացման կամ ՄՄ-ին միանալու հնարավոր հետևանքների մասին լայնածավալ տեղեկատվություն:
Այս տեսակետից անհրաժեշտ է համարվում Ասոցացման համաձայնագրի նախագծի հրապարակումը և ներկայացումը հասարակական լայն քննարկման, առանձնակի կարևորություն է տրվում սոցիալական ցանցերով իրականացվող տեղեկատվությանը, հանրային բաց քննարկումների ծավալմանը: ԱլԳ ՔՀՖ-ն նաև անհրաժեշտ է համարում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիթորինգի իրականացումը՝ հիմնված ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգից բխող չափանիշների վրա՝ արդյունքները ինչպես հայաստանյան հասարակությանը, այնպես էլ միջազգային կառույցներին պատշաճ ձևով ներկայացնելով. ՀԱՊ ակտիվ մասնակցություն տարածաշրջանային մակարդակով Արևելյան գործընկերության առաջնայնություններին, Ասոցացման համաձայնագրերի դրույթների արդյունավետ իրականացում ԱԳ ՔՀՖ շրջանակներում և ԱԳ բազմակողմ նախաձեռնություններում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության աջակցման և եվրաինտեգրման ուղղությամբ ՀՀ վերջին տարիներին իրականացված ծրագրերի գույքագրում՝ դրանց արդյունավետության, ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանն իսկապես նպաստելու տեսանկյունից:
Նախագծում նշվում է, որ հայ հասարակությանը պետք է համախմբել եվրոպական արժեքների, եվրաինտեգրման գաղափարների, ժողովրդավարական բարեփոխումների հրամայականի շուրջ, այդ ուղղությամբ համագործակցել բոլոր համախոհ կառույցների և անձանց հետ, անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ ուժերի միավորում, համատեղ գործողությունների հստակ դերաբաշխում և պլանավորում:
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ նախագծում պետք է ավելացնել ևս մեկ պարբերություն՝ Հայաստանին հետագայում արտաքին քաղաքական հավասարակշռությունն ապահովելու տեսակետից ճկունություն ցուցաբերելու հնարավորությունից չզրկելու համար: Խուրշուդյանի համոզմամբ՝ նախագծում պետք է ամրագրել, որ քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավվի այս գործընթացի շուրջ քննարկումներին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեսակետ հայտնեց, որ նախագիծը հարմարեցնում է մեզ անխուսափելի բանտարկությանը հաշտվելու և այդ իրավիճակում աշխատելու մտայնությանը: «Եթե սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չլիներ, այս գործողություններն էլի անելու էինք: Ո՞րն է տարբերությունը, որ այստեղ հաշվի է առնվում: Ես կարծում եմ՝ մենք կամ ի վիճակի չենք իրական գնահատական տալու, կամ պիտի խորանանք՝ ինչ է դա, քանի որ իրավիճակն անընդհատ փոխվում է: Նշեմ նաև, որ քաղաքական ուժեր չեմ տեսնում, որոնց հետ կարելի է ռազմավարություն իրականացնել»,- ասաց նա:
Սաքունցը կարծիք հայտնեց, որ իրենց կողմից տրվող գնահատականները պիտի լինեն ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքացիական հասարակությանը բնորոշ: Սաքունցի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը կարիք չունի դիվանագիտական կամ քաղաքական գնահատականների: Իրենց դիրքորոշումը շատ հստակ պիտի լինի՝ ՄՄ-ին անդամակցելն անթույլատրելի է, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հակադարձեց Սաքունցի խոսքին՝ նշելով, որ փաստաթղթում հղում կա սեպտեմբերի 17-ի իրենց հայտարարությանը, որտեղ կա իրավիճակի վերաբերյալ պլատֆորմի դիրքորոշումը: «Եթե պետք է նորից որոշ դրույթներ կրկնել, կրկնենք, եթե հարկ է նոր դրույթներ ավելացնել, այդպես անենք, բայց ասել, որ փաստաթուղթն իրավիճակից չի բխում, այդպես չէ: Այս փուլում մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ով ով է, եթե պետք է հստակ շեշտադրումներ դնել, կանենք այդպես»,- ասաց նա:
Նավասարդյանը նշեց, որ իրենք երկխոսության մեջ կլինեն բոլորի հետ, եթե այդ երկխոսությունն իրենց օրակարգային առաջնայնություններին չի հակասում: ՔՀՖ համակարգողը հայտնեց, որ նախագծի քննարկման համար կձևավորվի հատուկ աշխատանքային խումբ, որը կաշխատի մինչև նոյեմբերի 7-8-ը, ինչին կհետևի վերջնական որոշումը:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_223374.html