«Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու դեպքում կզիջի իր ինքնիշխանության մի մասը»
09:04, October 30, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«ՀՀ նախագահի դերում հանդես եկող Սերժ Սարգսյանը կայացրել է միանձնյա որոշում․ ճիշտ է, Սահմանադրության 55-րդ հոդվածով ՀՀ նախագահն ունի լիազորություններ ներկայացնելու երկիրը այլ երկրների հետ հարաբերություններում, բայց նա չի կարող նման լիազորություն ունենալ և իրականացնել՝ առանց իշխանության մյուս ճյուղերի հետ խորհրդակցելու»,- այսօր «Մաքսային միությանը անդամակցելու որոշման դիտարկումը Հայաստանի իրավական դաշտի շրջանակներում» խորագրով քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է լինի հաշվետու, թափանցիկ և կանխատեսելի յուրաքանաչյուրիս համար․ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունվող որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար, և նրանք պետք է իրենց օրենսդրությունը համապատասխանեցնեն այդ միության կողմից ընդունվող որոշմանը: Մենք այստեղ առնչվում ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության հանգամանքին: Այսինքն՝ որպեսզի դու հարմարեցնես Եվրասիական միության կողմից այդ վերազգային մարմնի որոշմանը, պետք է քո ինքնիշխանության մի մասը զիջես և հարմարվես նրանց, որտեղ գերակշռում է Ռուսաստանի որոշումը»:
Սաքունցի դիտարկմամբ՝ մենք լրջագույն խնդիր ունենք, վատթարացման հետ կապված խնդիր ունենք և այն բողոքարկելու հիմքը վարչարարության մասին օրենսդրությունն է: «Տվյալ դեպքում՝ բողոքարկելի է այնպիսի գործողությունների դեպքում, որից հետո բխել է ՀՀ կառավարության որոշումը՝ ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով և քննարկել փաստաթղթեր՝ Մաքսային միությանն անդամագրվելու հետ կապված»:
Բանախոսը հավելեց, որ Սերժ Սարգսյանը ժողովրդավարական պետությանը բնորոշ ընթացակարգեր չի պահել, որովհետև հանրային մասնակցություն այդ որոշման մեջ չի եղել․ «Ես չպետք է արթնանամ, առավոտն իմանամ, որ կայացվել է որոշում, որն ամբողջովին փոխում է իրավիճակը, ես պետք է նախազգուշացված լինեմ, որ նման բան կարող է պատահել, այնինչ դա չեղավ»:
Նրա դիտարկմամբ՝ այս խնդիրը իրավական հարթություն տեղափոխելը նաև հանրային մոբիլիզացիայի հնարավորություն է՝ գոնե հանրային դիսկուրսի հետ կապված:
Իրավապաշտպանն ասաց, որ այս ամենը փաստաթղթին հանձնելը լուրջ իրավական աշխատանք է պահանջում, և մեկ կամ երկու փաստաբան այն անել չեն կարող:
Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_225969.html
Տես նաև` «Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելը հակասահմանադրական է»․ (Տեսանյութ) – aravot.am