Մաֆիան իրականացնում է սողացող իշխանափոխություն
15:59, May 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդյոք իշխանության սահուն փոխանցում են նշանակում:
Եթե մինչև հիմա նշանակված նախարարների կազմով դիտարկենք, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի նշանակումները կարող էինք պայմանավորել մարտի մեկի հանցագործության մեջ այդ մարդկանց ներգրավմամբ, և քանի դեռ իրենց կապող օղակը հանդիսանում է մարտի մեկի հանցագործությունը, այն դեռ գոյություն և նշանակություն ունի: Այն մեկնաբանությունը, որ Ռոբերտ Քոչարյանի նախարարական կազմն է վերադառնում, ինձ համար հաստատվեց Երվանդ Զախարյանի վերադառնալով և հատկապես արդարադատության նախարարի նշանակումով: Այս երկու նշանակումներն ինձ համար առավել քան հիմնավորում են, որ Հայաստանում ըստ էության տեղի է ունենում սողացող իշխանափոխություն: Սահուն կերպով Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին: Հովհաննես Մանուկյանը միանշանակ Ռոբերտ Քոչարյանի կադրն էր, նա վճռաբեկ դատարանի նախագահն էր, իսկ Երվանդ Զախարյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարության մշտական նախարարն էր, որը ժամանակավոր հանգրվանեց անշարժ գույքի կադաստրի պետի պաշտոնում: Իսկ Գագիկ Խաչատրյանի նշանակումը փաստում է, որ ֆինանսների նախարարության դերակատարումն ինչ-որ ձևով պետք է մեծանար, քանի որ ՊԵԿ-ը «մոնստր» կառույց էր, հիմա, միացնելով նախարարությանը, ֆիննախարարության դերը մեծացրին: Մարդուն, որը երկար ժամանակ ՊԵԿ-ն էր ղեկավարում և ըստ էության ՀՀ մուտքային մասն ինքն էր ապահովում, ինչպես նաև կոռուպցիոն ամենահզոր լծակն ուներ, նշանակեցին ֆինանսների նախարար:
Այս նախարարների նշանակումով հստակ կարելի է հիմնավորել, որ իշխանության պալատի ներսում՝ արքունիքում վերաբաշխում է տեղի ունեցել, իշխանության կենտրոնը վերստին վերադարձվում է Ռոբերտ Քոչարյանի թիմին, և ինքն է դառնում որոշողը: Կնքահայրը փոխվել է, հիմա գալիս է մյուս կնքահայրը, մենք փորձում ենք այս երևույթը գնահատել քաղաքական կամ քաղաքացիական չափումներով, մինչդեռ այն չափելի չէ, պարզապես պետք է Կնքահայրը ֆիլմը վերցնել և ցույց տալ՝ ինչպես է Հայաստանի իշխանության փոփոխության մեխանիզմը տեղի ունենում: Կարծում եմ՝ այդ գիրքն իրենք լավ կարդում են, փոխանցում իրար, և կիրառում դրա մեխանիզմները:
Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս փոխատեղումներից:
Մարտի մեկի մասին պարբերաբար ասել եմ. մարտի մեկի հանցագործությունը սահմանադրական կարգի դեմ ուղղված պետական մակարդակի հանցագործություն էր, որն իրականացվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական ռեսուրսների ներգավմամբ: Ժամանակին Իտալիայում դավադիր խումբ կար՝ ՊՈ երկու, որը փորձ էր անում վերցնել իշխանությունն Իտալիայում: Պետություն պետության մեջ էր, որում ընդգրկված էին բազամաթիվ ազդեցիկ մարդիկ, դա բացահայտվեց, որը բավական մեծ աղմուկ հանեց՝ դատավարություններ, սպանություններ:
Հայաստանում մարտի մեկի հանցագործությունը սովորական հանցագործություն չէր, և քանի դեռ այդ հանցագործությունը չի բացահայտված, այդ հանցագործության կազմակերպողները, կատարողները, իրականացնողները շարունակում են որոշիչ դերակատարում ունենալ Հայաստանում: Նրանք Մարտի մեկի հանցագործությամբ այնպես են անքակատելիորեն կապված մեկը մյուսին, որ ցանկացած խզման մեջ տեսնում են վտանգ, դրա համար վազքի փոխանցման փայտը մեկը մյուսին փոխանցելու տակտիկան են որդեգրելու: Ինձ ավելի շատ ոչ թե դա է մտահոգում, այլ այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ այն քաղաքական ուժերի անտարբերությունը կամ ոչ համարժեք ջանք գործադրելը, որոնք անմիջականորեն տուժել են մարտի մեկի հանցագործությունից, չնայած տուժել է ամբողջ ժողովուրդը և մինչև հիմա էլ տուժում է: Այդ ուժերի անտարբերությունը, անսկզբունքայնությունն ու ոչ համարժեք ջանքերի գործադրումն ինձ համար տարօրինակ է, եթե չասեմ անհասկանալի:
Վերջին իրադարձություններում «հրաշալի քառյակ» արտահայտությունն իհարկե ինչ-որ ձևով բացահայտել է այդ մեխանիզմը, բայց սա ավելի ուշ է ձևավորվել, այնինչ մինչև այդ էլ մարտի 1-ի խնդիրը եղել է, որը հիմա մղվել է երկրորդ, երրորդ պլան: Ազգային ժողովում մեկանգամյա ակցիաները՝ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, ավելի շատ խոսում է ոչ թե խնդրի լուծման կամքի կամ ջանքերի մասին, այլ ընդհակառակը՝ նման ջանքերի ու կամքի բացակայությունը հաստատող փաստ է, որովհետև մարտի 1-ն այն հանցագործությունը չէ, որ կարելի է նման մեկանգամյա ակցիաներով բացահայտել: Լուրջ հետաքննություն իրականացնող լրագրողական կազմակերպությունը կարող է շատ ավելին անել ու արել է, քան այն քաղաքական ուժն է անում, որը գործողությունների թատերաբեմում էր: Փաստահավաք խմբի զեկույցների փաստը ցույց է տալիս, որ բավարար ռեսուրսներ ունեին անհրաժեշտ տեղեկությունները հայթայթելու ու ի մի բերելու համար: Երբ Սերժ Սարգսյանը Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցրեց, այդ խմբի երկու անդամները՝ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին մի քանի զեկույցներ, և այդ գործընթացը պետք է գնար, քանի որ այդ խումբը լեգիտիմ էր, թեկուզ արդեն լուծարվել էր: Դա բավական լավ հարթակ, ռեսուրս ու մեխանիզմ էր, որի միջոցով մարտի 1-ի հանցագործության բացահայտման նպատակով ավելի կոնկրետ ու բազմակողմանի տեղեկատվություն կարելի էր վեր հանել:
Այսինքն՝ ստացվում է, որ ավելի վատ կառավարություն ունենք, քան նախորդն է:
Ես նման դիսկուրսի ու ծուղակի մեջ չէի ընկնի: Ես խոսում եմ այն մասին, որ հանցագործություն իրականացրած քաղաքական ուժերը շարունակում են ձևավորել իշխանություն և պահել այն: Անունների մեխանիկական տեղափոխությունից իշխանության բովանդակային էությունը չի կարող փոխվել: Ինչ է նշանակում պետության երկրորդ պաշտոնը զբաղեցնող մարդը՝ ԱԺ նախագահը, տեղափոխվում է երրորդ պաշտոնին: Եթե մինչև հիմա էլ Ազգային ժողովը մի բան չէր, որովհետև չկայացավ որպես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմին, հիմա ուղղակի իր կարգավիճակով դարձավ հավաբուն, դարձավ անպիտան մարմին: Ներկա պալատական համակարգի ներսում խորհրդարանի դերն ու նշանակությունը զրոյացավ, եթե չասեմ՝ ուղղակի ոչնչացավ: Այսինքն՝ պալատի ներսում շահերի վերաբաշխումների, համաձայնությունների շրջանակում տեղի ունեցող մուտացիաները ոչ մի կապ չունի հասարակության ու երկրի առջև կանգնած խնդիրների հետ: Դրա համար ասել, թե այս կառավարությունն ավելի լավն է, թե վատը, անիմաստ է:
Այս պարագայում ելք կա՞:
Ելք միշտ կա, չկան անելանելի իրավիճակներ: Սովորաբար, եթե առաջին մակարդակում խնդիրը չի լուծվում, բարձրանում ես երկրորդ մակարդակ: Հայաստանում խնդիրների լուծման հնարավորությունները երկրի ներսում են գտնվում, բայց լուծման ուղին միջազգային ինտեգրումն է: Հնարավորությունները գտնվում են ոչ թե մեկուսացված ինչ-որ համակարգերում, այլ դրանք իրականացվում են համագործակցության միջոցով, որպիսին կարող էր հանդիսանալ Ասոցացման համաձայնագիրը, բայց այն որպես պոտենցիալ ընկալող քաղաքական ուժի բացակայությունը հանգեցրեց այդ հնարավորություններից զրկվելուն: Պետք է լավ հասկանալ, որ ՄՄ-ն միայն Պուտինի ցանկությունը չէ, ՄՄ-ն մեխանիզմն է:
Մեզ մոտ մաֆիան է գործում, կազմակերպված հանցավոր խմբավորումը: Իրերը պետք է իրենց անուններով կոչել, որովհետև քաղաքական գործոնները չեն որոշիչ խնդիրների լուծման համար, այլ խմբային շահերը, ընդ որում՝ քրեական բնույթի շահերը, որովհետև այդ բոլորի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը ցույց են տալիս, որ դրանք ակնհայտորեն քրեական ծագում ունեն՝ կոռուպցիոն բազմաթիվ մեխանիզմներով: Հայաստանում հայկական մաֆիան բռնազավթել է պետական իշխանությունը, որի հանցագործությունների շարքն ընդդեմ ՀՀ քաղաքացու շարունակվում է:
Աղբյուրը՝ www.lragir.am