ՀԿ-ների ստացած գրանտները Կառավարության սեփականությունը չեն. Արթուր Սաքունց
18:13, September 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը չգիտի ինչպես որակել հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ կառավարության նոր որոշումը` հետապնդում, թե՞ մեկ այլ բան: Նման տեսակետ նա հայտնեց NewsBook-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ համաձայն այդ որոշման` ՀԿ-ներն այսուհետ պետք է հաշվետվություն ներկայացնեն արտերկրից ստացված դրամական միջոցների վերաբերյալ:
Արթուր Սաքունցի խոսքով` իր ղեկավարած ՀԿ-ն ֆինանսական հաշվետվություն, այսպես թե այնպես, պարբերաբար ներկայացրել է ոչ միայն արտասահմանյան դոնոր կազմակերպությանն, այլև հարկային մարմիններին, բացի այդ, ծախսերի մասին համապատասխան տեղեկությունները տեղադրվել են ՀԿ-ի կայքում:
«Ճիշտն ասած` չեմ հասկանում` ինչո՞ւ այժմ այդ հաշվետվությունները պետք է լրացուցիչ կերպով հրապարակվեն: Այս միտումն ավելի շատ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ է: Առայժմ մտահոգվելու առիթ, ճիշտ է, չեմ տեսնում, սակայն որոշման վերջնական գործարկումը ՀԿ-ների համար շատ մեծ խնդիր կդառնա: Ընդհանուր առմամբ, մոտեցման տենդենցը մտահոգիչ եմ համարում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահն ընդգծեց, որ ՀԿ-ների` դրսից ստացած գրանտները Կառավարության սեփականությունը չեն, և որ նա իրավունք չունի դրանց մասին հաշվետվություն ներկայացնել: «Իսկ ահա ես` որպես հարկատու, կարող եմ պահանջել Կառավարությունից` ցույց տալու, թե ինչ նպատակներով են գումարներն օգտագործվում: Կառավարությունը, ճիշտ կլինի, մտահոգվի տնտեսական քաղաքականությամբ, իսկ ՀԿ-ների վրա կրկնակի վերահսկողություն սահմանի այն ժամանակ, երբ տեսնում է, որ դրսից եկած դրամական միջոցները ծախսվում են, ասենք, Սահմանադրական նորմերը խախտող ծրագրերի ու նպատակների ուղղությամբ, կրոնական, ռասսայական խտրականության քարոզման վրա և այլն»,- եզրափակեց Սաքունցը:
Աղբյուրը ` Newsbook.am