«Եթե երեխան չի ցանկանում մասնակցել, ի՞նչ են անելու, հարկադրելու՞ են»
17:33, September 30, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության եռակողմ հուշագրի հիման վրա շուտով Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ: Այս թեմայի շուրջ խոսեցինք Վանաձորի ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի հետ:
«Ես կարծում եմ, սա միտված է Հայաստանից պատերազմի իրականություն կերտելուն, մշտապես պատերազմը հասարակության ուղեղներում պահպանելուն, մի ամբողջ սերնդի հանրապետականացմանը՝ ուղղակի երեխաների մանկության հաշվին»,-նշում է Ա. Սադիկյանը:
Խաղաղասիրական ծրագրերի համակարգողը կասկածում է, որ այն կլինի որեւէ արժեքային համակարգ կրող կառույց: Ըստ նրա, այդ եռակողմ հուշագիրը, որ ստորագրվել է, իր հիմքում չունի ոչ մի կրթական, մանկավարժական գաղափարախոսություն, եւ որ այդ կառույցը ուսումնական հաստատությունները կարող է տանել ավելի քաղաքականացման:
Ըստ զրուցակցիս, նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչ է հայրենասիրությունը, քանի որ տարբեր մարդկանց համար այն ունի տարբեր արժեքային ընկալումներ: Նա կարծում է, որ եթե այդ հայրենասիրական ակումբները կոչված լինեն դաստիարակելու ազատ մտածող քաղաքացիներ, սեփական կարծիքը իր երկրում ազատ եւ անկաշկանդ արտահայտելու կարողությամբ օժտված անհատներ, հայրենիքի մասին ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իրողությունները ազատ արտահայտելու ունակությամբ անձինք, որոնք կխոսեն արտագաղթը դադարեցնելու, աղքատությունը կրճատելու, կոռուպցիան վերացնելու մասին, ապա արժե ունենալ նման ակումբներ, որոնք միանշանակ դրական ազդեցություն կարող են թողնել:
«Սակայն, եթե դրանք կոչված են ռազմատենչ եւ միլիտարիստական կոչեր անելուն, անհանդուրժողություն քարոզելուն, հայրենասիրական ոգու ներքո թաքնված՝ միլիտարիստական մոտեցումներ զարգացնելուն, ստրկամտություն զարգացնելուն, ապա, կարծում եմ, որ դրանք կարող են միայն բացասական ազդեցություն ունենալ: Ինձ համար նաեւ հասկանալի չէ, թե ինչ միջոցներ պետք է տրամադրվեն այդ ակումբները ստեղծելու համար: Վերջիվերջո, դպրոցներում ռազմագիտություն առարկայի դասավանդման ժամանակ միայն զենքին ծանոթացնելու փոխարեն կարող են հայրենասիրական ոգի ներշնչել, սովորեցնել սկզբունքներ՝ զինված հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների տեսանկյունից»,-նշում է Ա. Սադիկյանը:
Արմինե Սադիկյանը կարծում է, որ այս ակումբներում դաստիարակություն ստացած երեխաները կլինեն ԲՈՒՀ-երի ներկայիս ուսանողական խորհուրդների քաղաքականացված դերի շարունակողները:
«Ի՞նչ է, եթե մինչ այժմ այդ ակումբները գոյություն չեն ունեցել, ապա մենք հայրենասերներ չե՞նք ունեցել: Այսինքն, այդ կառույցը ստեղծողները իրենց վրա են դա զգում: Երեխաները հնազանդորեն, հարկադրված պետք է հաճախեն այդ ակումբները՝ բացասական գնահատականներ չստանալու գնով: Իսկ, ասենք, ի՞նչ է լինելու, եթե երեխան չի ցանկանում մասնակցել, ինչպես են անելու, հարկադրելո՞ւ են, արդյոք»,-նշում է ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Աղբյուրը՝ www.asparez.am