«Սերժ Սարգսյանը կրկնեց այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն արել էր Մարտի 1-ի նախօրյակին». Արթուր Սաքունց (Տեսանյութ)
09:56, October 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ«Եղել է նման նախադեպ: 2008-ի մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա այցելությունից հետո վերադարձավ և փետրվարի 26-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, դեռ մինչ քրեական գործերի հարուցումը, ինքը ուղղակի հայտարարեց, թե շատ շատերը երկար ժամանակով նստելու են բանտերում», -Aravot.am-ի հարցին` եղե՞լ է նման նախադեպ, երբ երկրի նախագահը կարևորագույն որոշումների հարցում միջամտի, ինչպես, օրինակ, նա արեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործի պարագայում, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նաև շեշտեց, թե իշխանություն բառն օգտագործելն էլ այլևս ճիշտ չէ ու պատճառաբանեց. «Պետք է ամրագրենք, որ որքան էլ ցանկալի է օգտագործել իշխանություն բառը, պետք է հրաժարվել դրանից: Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում այլևս հայտարարեց, որ գոյություն ունի ռեժիմ: Իսկ ռեժիմն այն է, որտեղ իշխանություն` որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ դատական, օրենսդիր, գործադիր, բոլորը հանդիսանում են մեկ ռեժիմի բաղկացուցիչ մասերը կամ գրասենյակները»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին հայտարարություն անել Սերժ Սարգսյանի` Շանթ Հարությունյանի մասին հնչեցրածին ի պատասխան: Aravot.am-ը նիստից հետո հետաքրքրվեց, ի՞նչ էր ցանկանում հնչեցնել դատարանի դահլիճում:
Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց. «Իմ հայտարարությունը վերաբերում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն պատասխանին, որ Շանթ Հարությունյանի մասով իրեն հարց ուղղվեց և Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հանցագործություն է կատարել և պետք է պատժվի: Ուզում էի ասել այն, որ սույն դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեց մեր պաշտպանյալների ` Շանթի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու հարցը և մենք հույս ունեինք, որ ամեն դեպքում արդարադատություն պիտի իրականացվի: Մինչդեռ այս վճռական պահին, արդեն, երբ պաշտպանական ճառերի ժամանակահատվածն էր և վիճաբանությունների փուլում էինք գտնվում, ՀՀ նախագահը կանխորոշեց գործի ելքը և կայացրեց մեղադրական դատավճիռ: Ակնհայտ է` ՀՀ նախագահն արդեն ցուցում տվեց և ըստ էության արդեն ամեն ինչ պարզ է: Անձանց անմեղության կանխավարկածը խախտվեց. սա արդեն պարզ է և դատարանի համար էլ ուղղորդում էր, թե ինչպիսի դատական ակտ պիտի կայացվի»:
Նշենք, որ «Շանթ Հարությունյանի և ընկերների» դատական գործից հետո, երբ ամբաստանյալներին դուրս էին բերում դատարանից և տանում քրեակատարողական հիմնարկ, «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» վերնագրով բողոքի ակցիայի մասնակիցները նրան ճանապարհեցին «հերոսներ», «ազատություն» կոչերով:
Աղբյուրը՝ www.aravot.am