ՓՄՁ-ի պաշտպանն ուզում է Վաղարշ Աբրահամյանին էլ պաշտպանել
15:27, October 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններAravot.am-ի այն հարցին, թե ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ, այդպիսով ապացուցելով, որ փոքր եւ միջին բիզնեսը, ֆիզիկապես էլ պաշտպանված չէ, «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց. «Անհրաժեշտություն չկար ոսկու շուկայի սեփականատիրոջը ձերբակալելու, ուղղակի նման դեպքը պետք է դատապարտել, դրա մասին անընդհատ ասել, քանի որ միայն Վաղարշ Աբրահամյանով չի սահմանափակվում այդպիսի արարքը: Մալաթիայի տոնավաճառի սեփականատերն էլ առեւտրականներին արգելել էր մասնակցել հանրահավաքին` սպառնալով վաճառատեղերը ձեռքերից վերցնել: Այսինքն` պետք է երեւույթի դեմ պայքարել»:
ՓՄՁ-ի պաշտպանը գտնում է, որ ոչ միայն շուկայի վաճառականն, այլեւ շուկայի սեփականատերը պետք է հնարավորություն ունենա գործել ազատության մեջ: Ստեփան Ասլանյանի համոզմամբ, պետք է ստեղծել մի կառույց, որը կպաշտպանի նաեւ «Վաղարշի, Մալաթիայի շուկայի տիրոջ եւ մնացած շուկաների տերերի եւ աշխատակիցների» շահերը. «Մենք փորձում ենք մի քանի հ/կ-ներով ձեւավորել մի կառույց, որը կարողանա ձեռնարկատերերի իրավունքները պաշտպանել, Վաղարշին էլ պիտի պաշտպանենք, որ նրան էլ չկպնեն: Այսինքն` այդ մարդկանց էլ պետք է պաշտպանել այդպիսի հրահանգ տվողներից»:
Մեր այն հարցին, թե գուցե ոչ մի հրահանգ էլ չկա եւ շուկայի սեփականատերերը, սեփական նախաձեռնությամբ, այդկերպ փորձում են ծառայություն մատուցել «վերեւներին», պարոն Ասլանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ նրանք սեփական նախաձեռնությամբ չեն դա արել, եթե նրանք այդքան կարճ ուղեղով լինեին, ապա չէին կարող այդքան մեծ բիզնեսներ ղեկավարել: Ոստիկանությունը տեսել է բողոքող չկա, ժողովուրդն էլ վախեցած է, չի ուզում բողոքել, իր աշխատատեղը կորցնել եւ գործ չի հարուցվել»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեզ հետ զրույցում, ոստիկանության որոշմանն այսպես արձագանքեց. «Հովանավորում, հովանավորում, հովանավորում»: Նրա խոսքերով. «Օրը ցերեկով, քաղաքացիների եւ նրանց ունեցվածքի նկատմամբ կատարված ոտնձգությունը`գույքի ոչնչացումը, որը նաեւ տեսագրված է, հիմք է քրեական հետապնդման եւ նաեւ մեղադրանքի առաջադրման համար, ուստի ոստիկանությունն իր նման որոշմամբ, կոծկում է հանցագործությունը, որը հանդիսանում է քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների համար աջակցություն` հանցագործություն կատարած անձանց եւ անպատժելիության ամրապնդում»:
Աղբյուրը` www.aravot.am