Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած կնոջ դեպքը բացառիկ է. Արթուր Սաքունց
17:47, December 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներ | Ժուլետա ԱմարիկյանՄեկ ամիս անհիմն կերպով հոգեբուժարանում անցկացրած եւ այնուհետեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ահազանգից հետո հոգեբուժարանից դուրս գրված Երեւանի բնակչուհի Ժուլիետա Ամարիկյանի դեպքը բացառիկ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Շատ կարեւոր է, որ հենց Ամարիկյանը կամք դրսեւորեց իր խնդիրը լուծելու հարցում, քանի որ նման խնդիր ունեցողները շատ կան, սակայն նրանց մտքով էլ չի անցնում, որ պայքարեն, քանի որ գտնում են, որ դա անհնար է»,-ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում կան բավական լուրջ խնդիրներ. «Թե իրավապահ մարմինները, թե հասարակությունը, թե հոգեբուժարանները բավական լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվեն, որը կվերացնի անձի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի այդ մոտեցումը»:
Արթուր Սաքունցը նշեց, որ իրենց գրասենյակը անցկացնում է մոնիթորինգներ հոգեբուժարանում, որը ներկայացվում է առողջապահության նախարարությանը:
«Անձին պետք է փորձեն հասարակության մեջ ինտեգրել՝ նրա խնդիրը լուծելով, ոչ թե հոգեբուժարան տանելով»,-ասաց Սաքունցը:
Ժուլիետա Ամարիկյան փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատմեց, որ իրականում Ժուլիետա Ամարիկյանին հոգեբուժարան են տարել, ոչ թե նրա համար, որ նա հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել, այլ որ բնակարանի շուրջ վեճ է ունեցել եղբոր հետ:
«Ժուլիետա Ամարիկյանը եղբոր ընտանիքի հետ անհաշտ կյանքով է ապրել եւ ցանկացել է առանձնանալ, ծնողներից ժառանգություն ստացած գույքն օգտագործել: Մի օր առավոտյան, երբ որ Ամարիկյանը տանը քնած է եղել, ոստիկանության աշխատակիցները հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների հետ ներխուժել են նրանց տուն եւ նա հասկացել է, որ իրեն պետք է տեղափոխեն հոգեբուժարան»,-դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով՝ կինը զանգահարել է ոստիկանություն, երկու ոստիկաններ են ներկայացել եւ պարզելու փոխարեն, թե ինչումն է խնդիրը, միացել են տեղում գտնվող ոստիկաններին եւ հոգեբուժարանի աշխատողներին, եւ բռնություն կիրառելով, կնոջ ձեռքերը ոլորելով տարել են հոգեբուժական հիվանդանոց:
«Հոգեբուժարանում Ժուլիետային որեւէ զննության չեն ենթարկել, 5 օր հետո որոշում են կայացրել նրան տեղավորել հոգեբուժարանում եւ որպես հիմնավորում վերցրել են Ժուլիետա Ամարիկյանի եղբոր բացատրությունը, որում նա նշել է, որ իրոք նրանց միջեւ վեճ կա: Ժուլիետա Ամարիկյանը ցանկանում է բնակարանը վաճառել, սակայն ինքը չի ուզում, քանի որ երեխաներ ունի, եւ Ժուլիետա Ամարիկյանը հոգեբուժարանում բուժման կարիք ունի»,-պատմեց փաստաբանը:
Հոգեբուժարանում Ժուլիետային, ըստ փաստաբանի, ախտորոշել են զառանցական խանգարումներ, սակայն 15 օր անց այցելել են Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակից, որի ներկայացուցիչներին կինը պատմել է իր խնդիրը: Գրասենյակից փաստաբանի են դիմել, եւ 1 ամիս անց Ժուլիետա Ամարիկյանին որպես առողջացած հիվանդ դուրս են գրել հոգեբուժարանից:
Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Ժուլիետայի նկատմամբ հոգեբուժարանում բռնի գործողություններ են կատարվել, եւ իրենք այդ հարցով անգամ Եվրոպական դատարան են դիմել:
«Առաջին 1 շաբաթը ընդհանրապես ոչ մի բան չի կերել, մեկ ամիս չի լողացել, հիգիենայի պարագաներ չի ունեցել, շատ վատ վերաբերմունքի է արժանացել Ժուլիետա Ամարիկյանը հոգեբուժարանում»,-պատմեց փաստաբանը:
Տիգրան Հայրապետյանը ավելացրեց, որ նման դեպքեր տեղի են ունենում, քանի որ դատարանները նման գործերով ձեւական քննություններ են իրականացնում, ոլորտն էլ բազմաթիվ օրենսդրական բացեր ունի:
Աղբյուրը՝ news.am
Այս մասին նաև՝
Հոգեբուժարանում առողջ կնոջը խոշտանգելու հարցով դիմել են ՄԻԵԴ