Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդը (IRCT) անդրադառնում է խոշտանգումների փաստաթղթավորման և քննության խնդրին Հայաստանում
21:28, December 21, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԽոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդը (IRCT) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Մարդու իրավունքների տան Թբիլիսիի գրասենյակը և Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանության հետ համագործակցությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 18-22-ը Աղվերանում (Հայաստան) իրականացնում են խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից տուժած անձանց անհրաժեշտ բժշկաիրավական արդյունավետ փաստաթղթավորման խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթաց:
Հնգօրյա դասընթացի նպատակն է զարգացնել հայաստանյան ՀԿ-ների, առողջապահության ոլորտի և իրավունքի մասնագետների և հոգեբանների կարողությունները խոշտանգումներից տուժած և ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձանց անհրաժեշտ բժշկական և հոգեբանական փաստաթղթավորման ոլորտում` Ստամբուլյան արձանագրությանը համահունչ:
Դասընթացը միտված է խոշտանգումների պատշաճ փաստաթղթավորման և քննության եղանակներին առնչվող մասնագիտական կարողությունների` Հայաստանում առկա բացը լրացնելուն: Դասընթացից կօգտվեն երկրի ավելի քան 30 իրավաբաններ, բժիշկներ և հոգեկան առողջության ոլորտի փորձագետներ:
«Թեպետ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Վրաստանում, փորձագետները լայնորեն կիրառում են Ստամբուլյան արձանագրությունը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մեր քննարկումները ցույց տվեցին, որ այս մեխանիզմին այնքան էլ ծանոթ չեն Հայաստանում», ասում է Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհրդի ջատագովության ծրագրերի պատասխանատու Միրիամ Ռևենտլոուն:
«Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք ուժեղացնել Հայաստանում խոշտանգումների խնդիրներով զբաղվող` առողջապահության և իրավունքի մասնագետների հանրույթը, ինչպես նաև` կառավարական հիմնական շահակիցներին իրազեկել խոշտանգումների արձանագրումը և վերականգնումը կառավարության քաղաքականության և գործելակերպի մեջ ներառելու կարևորության մասին»:
Ուսուցանողների թվում են Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) տնօրեն Լելա Ծիսկարիշվիլին, «Րեսթարթ» (RESTART) վերականգնողական ստորաբաժանման ղեկավար Սանա Համզեհը, ինչպես նաև Դատաբժշկական փորձագետների անկախ խմբի փորձագետ Ռուսուդան Բերիաշվիլին:
«Կարևոր է քննարկումներ նախաձեռնել երկրի բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում Ստամբուլյան արձանագրությունը ներառելու վերաբերյալ, ինչպես նաև բարելավել խոշտանգումների արձանագրումը Հայաստանում», եզրակացնում է տիկին Ռևենտլոուն:
Խոշտանգումների արձանագրման և քննության միջազգայնորեն ճանաչված չափանիշը Ստամբուլյան արձանագրությունն է: Արձանագրությամբ համապարփակ գործնական ուղենիշներ են նախատեսվում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ պնդումներ ներկայացնող անձանց գնահատման, ենթադրյալ խոշտանգման դեպքերը քննելու և արդյունքները համապատասխան մարմիններին զեկուցելու վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Եվրոպայում Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհրդի ավագ խորհրդատու պարոն Մուշեղ Եկմալյանին (mye@irct.org) կամ Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհրդի ավագ իրավախորհրդատու/ՍԱ ծրագրի համակարգող պարոն Ջեյմս Լինին (jkl@irct.org), ԲՀՀ-Հայաստան կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն պարոն Դավիթ Ամիրյանին (adavid@osi.am) և ԲՀՀ-Հայաստան կազմակերպության ռազմավարական դատավարության ծրագրի համակարող տիկին Մարիամ Վարդանյանին (mariam@osi.am):
Կազմակերպիչների մասին
Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդը առողջապահության սկզբունքներով գործող հովանոցային կազմակերպություն է, որն աշխարհով մեկ օժանդակություն է ցուցաբերում խոշտանգումներից տուժած անձանց վերականգնմանը և խոշտանգման կանխարգելմանը: Մեր անդամների թվում են ավելի քան 70 պետություններում գործող ավելի քան 140 անկախ կազմակերպություններ: Մեր աշխատանքը ղեկավարում են անդամ-կազմակերպությունները: Խոշտանգումներից տուժած անձանց վերականգնման և խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատող` քաղաքացիական հասարակության անդամակցային կազմակերպություններից խոշորագույնը ներկայումս Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդն է:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին` նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարական վերափոխմանը և առաջ մղել այնպիսի բաց հասարակության արժեքները, որին բնորոշ են իրավունքի գերակայությունը, ժողովրդական ճանապարհով ընտրված կառավարությունը, հարգանքն առ փոքրամասնությունները և նրանց իրավունքները, և աշխույժ քաղաքացիական հասարակությունը: ԲՀՀ-Հայաստանն այս նպատակներն իրականություն դարձնելու համար օժանդակություն է ցուցաբերում բազմաթիվ ծրագրերի և աշխատանքների, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության, իրավունքի, կրթության, զանգվածային լրատվամիջոցների, տեղեկույթի (ներառյալ` հրատարակության), էլեկտրոնային հաղորդակցության, գրադարանների օժանդակության, հանրային առողջապահության, կանանց իրավունքների, արվեստի և մշակույթի ոլորտներում: Սորոսի հիմնադրամի` աշխարհի այլ պետություններում գործող բոլոր գրասենյակների պես, ԲՀՀ-Հայաստանը ձգտում է ծրագրերի իրագործման ընթացքում համագործակցել և գործընկերանալ միջազգային այլ կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների և կառավարական կառույցների հետ` այդկերպ իր գործունեության արդյունավետությունը և հետևողականությունն ապահովելու նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թ. որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, գրանցվել է 2001 թվականին և վերագրանցվել է 2005 թվականին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը:
«Մարդու իրավունքների տուն Թբիլիսի» համատեղ նախագծում միավորված են Վրաստանում գործող վեց իրավապաշտպան կազմակերպություններ: «Մարդու իրավունքների տուն Թբիլիսի» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականի սեպտեմբերին, գրանցվել է 2010 թվականի հուլիսին և նույն թվականին դարձել «Մարդու իրավունքների տուն» միջազգային ցանցի անդամ: ՄԻՏ Թբիլիսի կազմկերպությունը ներառում է՝ Մարդու իրավունքների կենտրոնը, «Սահմանադրության 42-րդ հոդված» ՀԿ-ը, Խոշտանգման զոհերի հոգեբանասոցիալական և բժշկական վերականգնման Վրաստանի կենտրոնը, «Սարիփի» միությունը, Մարդու իրավունքների և կոնֆլիկտաբանության կովկասյան կոնտրոնը և Լրատվամիջոցների ինստիտուտը: Նշված բոլոր կազմակերպությունները գտնվում են «Մարդու իրավունքների տուն Թբիլիսի» կազմակերպության տարածքում և օգտվում են կազմակերպության ռեսուրսներից: Բացի այդ, ՄԻՏ Թբիլիսի կազմակերպությունը հանդիսանում է նաև Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի գլխամասային գրասենյակը:
Ստամբուլյան արձանագրության մասին
Ստամբուլյան արձանագրությունը միջազգային ստանդարտների առաջին ուղեցույցն է առողջության և իրավունքի մասնագետների համար, որը վերաբերում է նրան, թե ինչպես պետք է ճանաչել և արձանագրել խոշտանգման ախտանշանները, որպեսզի դրանք հնարավոր լինի որպես ապացույց օգտագործել դատական գործերի շրջանակում: 1999 թվականից ի վեր Ստամբուլյան արձանագրությունը կարևորագույն մեխանիզմ է դարձել խոշտանգումների վերացման համար իրականացվող համաշխարհային ծրագրերում: Այն Միավորված ազգերի կազմակերպության կողմից երաշխավորվել է որպես խոշտանգման պատշաճ քննության ստանդարտ:
Ստամբուլյան արձանագրությունը բժշկական և հոգեբանական փորձագետներին հնարավորություն է ընձեռում.
- Վերաբերելի, ճշգրիտ և արժանահավատ ապացույցներ հավաքել խոշտանգումների վերաբերյալ ներկայացված պնդումների վերաբերյալ,
- Եզրակացության հանգել խոշտանգման վերաբերյալ հնչեցված բողոքների և արձանագրված բժշկական փաստերի համապատասխանության և փոխլրացնողության վերաբերյալ,
- Բժշկական բարձրորակ տեղեկանքներ պատրաստել դատական և վարչական մարմիններին ներկայացման համար:
Ստամբուլյան արձանագրությունն իրավունքի փորձագետներին հնարավորություն է ընձեռում.
- Վերաբերելի, ճշգրիտ և արժանահավատ բացատրություններ ստանալ խոշտանգումներից տուժած անձանցից և վկաներից,
- Վերականգնել և պահպանել ենթադրյալ խոշտանգմանն առնչվող ապացույցները, որոնք կօգնեն մեղավորների քրեական հետապնդման հարցում, և
- Պարզել, թե ինչպես, երբ և որտեղ են տեղի ունեցել խոշտանգման ենթադրյալ դեպքերը:
Դատական բժշկության փորձագետների միջազգային խմբի (IFEG) մասին
2009 թվականին Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհրդի քարտուղարությունը, համագործակցելով Կոպենհագենի համալսարանի դատական բժշկության ֆակուլտետի հետ, ստեղծեց միջազգային համակարգող հանձնախումբ դատական բժշկության փորձագետների համար: Տասնութ պետությունների ավելի քան երեսուն հեղինակավոր դատաբժշկական փորձագետներ արդեն անդամագրվել են խմբին. նրանք օժանդակում են խոշտանգումներից տուժած անձանց փորձաքննությանը միջազգային, տարածաշրջանային կամ ազգային մակարդակի գործերի շրջանակում` այդկերպ աջակցելով լավագույն փորձի օրինակների տարածմանը: Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդը Դատական բժշկության փորձագետների միջազգային խմբի (IFEG) միջոցով արդեն իսկ խոշտանգումների քննության գործերի շրջանակում օժանդակել է դատաբժշկական ավելի քան յոթանասուն փորձաքննությունների իրականացմանը: