Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր բաներ արձանագրվեցին
16:51, March 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականով ու այդ կուսակցության հետ տեղի ունեցած զարգացումներով Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր բան արձանագրվեց՝ չի կարող կոռումպացված ու քրեական բովանդակությամբ իշխանության մրցակիցը լինել կոռումպացված և քրեական բովանդակությամբ քաղաքական ուժը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որ որպես միջոց ու հնարավորություն կարող է հանդես գալ միայն այն քաղաքական ուժը, որն իր ծագումնաբանությամբ, բովանդակությամբ ու գործելակերպով միանշանակ ունի միայն քաղաքական բնույթ, ոչ թե քրեական ու հանցագործ: Չի կարելի և անհնար էր, որ այսպես կոչված բուրժուադեմոկրատական հեղափոխություն ձևակերպմամբ իր բովանդակությամբ քրեական և կոռումպացված ծագումով քաղաքական ուժը հանդիսանա միջոց մեկ այլ կոռումպացված ու քրեական բնույթի քաղաքական ուժին լրացնելու համար: Դա քրեական ռազբորկա է, ոչ թե հեղափոխություն կամ բուրժուադեմոկրատական փոփոխություն»,- ասաց Սաքունցը:
ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը, Արթուր Սաքունցի խոսքով, ցույց տվեց, որ անձը, ով երկար ժամանակ հանդես էր գալիս որպես քաղաքական կուսակցության ղեկավար և Ազգային ժողովում ներկայացնում էր մեծությամբ երկրորդ խմբակցությունը, Հայաստանի Հանրապետությունում օրը ցերեկով հանրության աչքի առաջ Սերժ Սարգսյանի հրապարակային սպառնալիքի ազդեցության տակ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Այսինքն՝ ականատես եղանք, թե ինչպես իշխանական ռեսուրս ու լծակներ ունեցող քաղաքական ուժը մեկ այլ քաղաքական ուժի սպառնալիքներով ուղղակի հեռացրեց քաղաքական դաշտից: Սա, ըստ Սաքունցի, տիպիկ ավտորիտար և բռնապետական գործելաոճ է:
«Սա քաղաքական հետապնդում է ըստ քաղաքական նպատակահարմարության: Հետաքրքիր է, որ նման սպառնալիքներ հղող կուսակցության ղեկավարն ինքն իր բովանդակությամբ, գործելաոճով ու բնույթով ոչնչով չի տարբերվում այդ կուսակցությունից, տվյալ դեպքում ԲՀԿ-ից: Այն հրապարակային մեղադրանքները, որոնք դրվեցին սպառնալիքների հիմքում, դրանք հայելային արտապատկերմամբ վերաբերվում են հենց կառավարող ՀՀԿ-ին, որը լցված է և օլիգարխներով, և հարկեր չվճարելու հակում ունեցող անձանցով, և կոռուպցիոն մեխանիզմների մեջ է ընդգրկված»,- ասաց նա:Արթուր Սաքունցի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հետ միասին օրակարգում այլ հարցեր են մնում:
«Հիմա Սերժ Սարգսյանը փաստորեն այն կասկածները, որ կային հարկերը չվճարելու, տարբեր հանցագործությունների մեջ ներգրավված լինելու հետ կապված, այդ ամենը փաստաթղթով դո՞ւրս է գրում: Ինքը հրապարակավ հանդես է գալիս որպես տիպիկ КГБ-ական գործելաոճի կրող: Եթե քեզ խելոք պահես, ապա դոսյեդ չենք օգտագործի: Սա ուղղակի աննախադեպ է, որովհետև սովորաբար նման գործելաոճ ոչ թե հրապարակային են իրականացնում, այլ կաբինետային, հանրության աչքից հեռու: Բայց հրապարակային վարքագիծը խոսում է քաղաքական ցինիզմի մասին»,- ընդգծեց Սաքունցը:
Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը պատասխանատվություն է կրում հնարավոր հանցագործությունները թաքցնելու համար: Ավելին, միանշանակ արձանագրում է, որ հենց ինքն է հանցագործությունների կոծկողը, և ըստ իր քմահաճույքի կարող են այդ հանցագործությունները բացահայտվել կամ չբացահայտվել, դառնալ քննության առարկա կամ չդառնալ: Այսինքն, ըստ Սաքունցի, Սերժ Սարգսյանը հանդես է գալիս նաև որպես իրավապահ մարմինների գործառույթները, դատական իշխանության գործառույթները յուրացնող անձ և արձանագրում է Հայաստանում մենիշխանության, տվյալ դեպքում ՀՀԿ-ի մենիշխանության փաստը:«Սրանով Սերժ Սարգսյանը մերկացրեց իրեն և այլևս իր այդ մերկությունը սքողելու շղարշից ինքն իրեն զրկեց»,- արձանագրում է նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ ծագում է նաև մեկ այլ հարց՝ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի առևանգման և բռնարարքների փաստով քրեական գործի հարուցման հարցն է մնում օրակարգում:«Ես հստակ պնդում եմ և հիմնավոր եմ համարում, որ Արտակ Խաչատրյանի նկատմամբ այդ հանցագործության անմիջական պատվիիրատուն ու հանցագործության պատասխանատվությունը կրում է հենց Սերժ Սարգսյանը: Դրա չբացահայտելու պատասխանատվությունը նույնպես Սերժ Սարգսյանն է կրում, և մենք ունենք տիպիկ բեսպրեդել»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` www.lragir.am