Ոչ թե Պերմյակովն է շուտ լվացվել, այլ նրա հետ ՀՀ կողմը քննչական գործողություններ ձեռնարկել է օրեր անց
15:40, March 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Ավետիսյանների ընտանիքՊերմյակովը եղե՞լ է Ավետիսյանների բնակարանում, թե՞ ոչ, ճշգրիտ տեղեկություններ կարող են ստացվել միայն այն դեպքում, երբ փորձանմուշներ վերցվեին Վ. Պերմյակովից, պետք էր պարզել՝ նրա վրա կա՞ն արդյոք կրակոցների արգասիքներ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նաև սպանության գործով տուժողի իրավահաջորդ՝ Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր ներկայացուցիչն է, օրերս ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր մտահոգությունն էր հայտնել՝ ասելով, որ հայկական կողմը չի կարողացել այդ փորձանմուշները վերցնել:
Սաքունցին այդ մասին տեղեկություններ փոխանցել էր գործով քննիչը՝ ասելով, որ Պերմյակովը լվացված է եղել, և հայկական կողմը չի կարողացել պարզել՝ նրա վրա կա՞ն վառոդի հետքեր:
ԳԱԼԱ-ն դիմել էր ՀՀ քննչական կոմիտե պարզելու համար՝ իսկապե՞ս Վ. Պերմյակովը լվացված է եղել և արդյոք այդ կարևոր փորձաքննության բացակայությունը գործում չի՞ խանգարում գործի բացահայտմանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում բացատրեց, որ Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն ՀՀ կողմը ունեցել է սպանության դեպքից օրեր անց: Եվ միանգամայն տրամաբանական է, որ Վ. Պերմյակովը լվացված պետք է լիներ:
«Պերմյակովի՝ դեպքի վայրում գտնվելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է դատագենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նրանից վերցվել են արյան և մազի փորձանմուշներ և դեպքի վայրում հայտնաբերված հետքերի հետ նշանակվել է համեմատական փորձաքննություն։ Այս փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Ստացվել է դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի դեպքի վայրում հայտնաբերված զինվորական համազգեստի ձմեռային բաճկոնի օձիքի, վերնազգեստի ենթաօձիքի վրա, ձախ ձեռնոցի դարձերեսին, կիսաճտքավոր կոշիկների ներդիրներին հայտնաբերվել են քրտինքի հետքեր, որոնք պիտանի են եղել համեմատական հետազոտության համար, և այդ քրտինքի խումբը համընկնում է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի քրտինքի խմբին: Մի շարք հարցերի լիարժեք կարող ենք պատասխանել դատագենետիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում։
Սակայն ըստ իրավապաշտպան Ա. Սաքունցի՝ դատագենետիկական փորձաքննությունը կարևոր և անհրաժեշտ է, սակայն այն չի լրացնում բացը:
«Դրանք իրար փոխլրացնող փորձաքննություններ չեն, առանձին փորձաքննություններ են:
Պետք էր պարզել՝ Պերմյակովի վրա կա՞ն արդյոք կրակոցների արգասիքներ, այդ իսկ պատճառով փորձանմուշներ են վերցվում ձեռքերից, քթանցքներից, ականջախեցիներից, որը հնարավորություն է տալիս պարզել՝ անձը իսկապե՞ս եղել է Ավետիսյանների բնակարանում, նրա վրա վառոդի հետքեր նկատվո՞ւմ են»:
Բացի այդ, ըստ Ա. Սաքունցի, ՀՀ քննչական կոմիտեն պետք է նաև բացատրություն ներկայացնի, թե ո՞ր օրենքով է առաջնորդվել և ի՞նչն է պատճառը, որ Վ. Պերմյակովի հետ անմիջական շփման գործողություններն իրականացրել է ոչ թե նրան բռնելուց անմիջապես հետո, այլ օրեր անց:
Աղբյուր՝ galatv.am