Կարելի է ողջունել ԱԱԾ պետի ու Գլխավոր դատախազի խոստովանությունը
18:57, May 1, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊրոբացիոն ծառայության հայեցակարգի ընդունումը կառավարության երեկվա նիստում բուռն քննարկումների տեղիք տվեց, մասնավորապես, դրան դեմ արտահայտվեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն ու Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:«Մենք փաստորեն ծնում ենք մի մարդու, ով տանը նստած, մենք պետք է ստիպված նայենք, թե100-ից քանի գործն է, որ փողերը վերցնում, սարքում է»,- ասել էր Գորիկ Հակոբյանը՝ հավելելով, որ «հարցն ինչ-որ էտապում մի հոգով կլուծեն կաֆեներում, տարբեր տեղերում»: Նա նշել էր, որ Հայաստանի համար վաղ է նման ծառայություն ներդնելը, կոռուպցիոն ռիսկեր կան:Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ելույթին, ասաց, որ առաջին հայացքից կարելի է ողջունել Գորիկ Հակոբյանի հրապարակավ խոստովանությունը՝ Հայաստանում կոռուպցիայի ծաղկման և տարածման վերաբերյալ, բայց իրականում շատ ողբերգական է ու տխուր:«Ողբերգական է, երբ ԱԱԾ պետը, խոստովանելով հանդերձ, ընդունում է, որ ինքը գիտի, տեղյակ է, բայց նրա կողմից գործողությունները և ջանքերը, որոնք ուղղված պետք է լինեին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն, մենք չենք տեսնում: Այսինքն՝ մենք ուղղակիորեն արձանագրում ենք, որ ԱԱԾ պետը տեղյակ է՝ կամ կոծկում է, կամ ոչինչ անել չի կարող»,- ասաց Սաքունցը:Նրա խոսքով՝ եթե Գորիկ Հակոբյանը չի կարողանում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտել, դա նշանակում է քաղաքական ղեկավարության կողմից ունի նման սահմանափակում: «Իսկ եթե կարող է, բայց չի բացահայտում և ըստ նպատակահարմարության է իր ունեցած տեղեկատվությունն օգտագործում, այդ թվում՝ նաև Պրոբացիոն ծառայության դեմ որպես հակափաստարկ բերելով, դա նշանակում է, որ ինքը զբաղված է հանցագործության կոծկմամբ, այսինքն՝ ինքը կատարում է պաշտոնեական հանցագործություն»,- նշեց իրավապաշտպանը:Սաքունցի խոսքով՝ Պրոբացիոն ծառայությունը հանդիսանում է իրավական պետության զարգացման արդյունք, որի նպատակը քաղաքացիների նկատմամբ պատժողական քաղաքականություն կիրառելը չէ, այլ մարդու իրավունքի պաշտպանության նպատակ է հետապնդում: Սակայն Հայաստանի պարագայում, նրա խոսքով, երբ դատական իշխանության և դատավորի անկախության բացակայության հետ գործ ունենք, Պրոբացիոն ծառայության ներդրումը լրջորեն վտանգված է: Հետևաբար, կարևոր է նախ և առաջ ապահովել դատավորի ու դատական իշխանության անկախությունը, որպեսզի այդ ծառայությունն ապահովի արդյունավետություն:Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նույնպես դեմ էր արտահայտվել ծառայության ներդրմանը՝ կոչ անելով այն փուլերով ներդնել և խոսել էր կոռուպցիոն ռիսկերի մասին: Արթուր Սաքունցի խոսքով՝ Գլխավոր դատախազի՝ երեկ կառավարությունում ունեցած ելույթի ու մոտեցման հիմքում ընկած էր հենց դատավորի անկախության բացակայության թեզը:“Գլխավոր դատախազն ըստ էության ելնում էր նրանից, որ չպետք է դատավորը լինի անկախ, որովհետև դա անվստահելի է: Նա անտեսում է դատավորի դերը՝ որպես վերջանական որոշում կայացնողի: Գլխավոր դատախազն ըստ էության խոստովանում է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին, և այդ դեպքում ինձ համար զարմանալի է, որ դա ասում է մի մարդ, ով խստորեն քննադատում էր Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ դատական իշխանությունում գոյություն ունեցող հանցագործությունների և կոռուպցիոն ռիսկերի մասին: Այսինքն՝ վերստին ըստ նպատակահարմարության են օգտագործում իրենց ունեցած տեղեկատվությունը՝ ելնելով իրենց շահերից”,- ասաց նա:Սաքունցի խոսքով՝ մի դեպքում, երբ ՄԻՊ-ն է խոսում դատական իշախանությունում կոռուպցիայի մասին, դատախազությունը դեմ է արտահայտվում, թե նման բան չկա: «Ինչո՞ւ են այդպես անում, որովհետև ես կարող եմ եզրակացնել, որ այդ կոռուպցիայի հեղինակը հենց դատախազությունն է, որին ձեռնտու է, որպեսզի ունենան իրենցից կախյալ դատավորներ, որոնք կատարեն իրենց հրահանգները: Բայց, մյուս կողմից, երբ խոսք է գնում Պրոբացիոն ծառայության ներդրման մասին, որ կարող է այդ ծառայության միջոցով հակակշիռ ստեղծվել և բացի դատախազությունից, այլ մարմնի տեսքով միջամտություն լինել դատական իշխանության իրականացման մեջ, այդ դեպքում դեմ են արտահայտվում և ասում են՝ չէ, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա: Այսինքն՝ իրենց կոռուպցիոն տիրույթը փորձում են պահել անձեռնմխելի»,- ասաց իրավապաշտպանը:Սաքունցը նշեց, որ այս տեսակետից Պրոբացիոն ծառայությունը Հայաստանի պարագայում ինքը դիտարկում է որպես միջոց ու հնարավորություն դատական իշխանության և դատավորի անկախության խնդիրը լուծելու տեսակետից: «Այս խնդրի ձևակերպումը ծառայության ներդրման տեսակետից դառնում է ավելի կենսական ու արդիական»,- ասաց նա:
Աղբյուրը՝ www.lragir.am