«Ստրկատերերից չես կարող պահանջել օրենք ընդունել իրենց իսկ ստրուկների իրավունքների համար»
19:28, May 1, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՉնայած Հայաստանում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, ոչ աշխատանքային տոն օր է, սակայն գործազրկության օրեցօր սրվող իրավիճակում աշխատանք գտնելը շատերի համար դարձել է երազանք, որի իրականացման համար աչք են փակում ոչ միայն պայմանագրերի բացակայության, աշխատանքային պայմանների, հանգստի ժամերի ու շատ այլ իրավունքների խախտումների վրա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ. հանրապետությունում գործազրկությունը կազմել է 17.6 տոկոս, ոչ պաշտոնական աղբյուրները նշում են մինչև 30 տոկոս, իսկ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կանխատեսումներով գործազրկությունը ոչ թե նվազման, այլ աճի միտում ունի առնվազն մինչև 2018թ: Աշխատանքային իրավունքները խախտվում են գրեթե ամենուր, օրենքներով և նույնիսկ Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված չէ աշխատանքի իրավունքի երաշխիքները, այլ սահմանվում է միայն աշխատանքի ընտրության ազատությունը: «Խախտումներ կան ոչ միայն պրակտիկայում, այլև օրենսդրության մեջ, սակայն հիմնական խնդիրը աշխատողների չգրանցելն է, այսինքն` տեղի է ունենում ներքին թրաֆիքինգ, ոչ միայն աշխատավարձը չի վճարվում պատշաճ, այլ նաև հավելավճար չի տրվում, եկամտահարկ ու կենսաթոշակային վճարումները չեն կատարվում և աշխատողը մշտապես կախյալ վիճակում »,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում համահեղինակությամբ այս ոլորտում 2014-ին կատարվել է հետազոտություն: Ըստ իրավապաշտպանի, աշխատողների կախյալ վիճակը փաստում է նաև հանգամանքը, որ գործադուլի դիմում են ոչ թե աշխատող հիմնարկությունների աշխատակիցները, այլ արդեն փակված կամ փակման եզրին կանգնած հիմնարկությունների աշխատակիցները, ինչը ցույց է տալիս, որ աշխատողը ստրկական վիճակում է գտնվում: «Պետությունը պետք է աշխատանքի իրավունքների պաշտպանության վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնի, այդ տեսակետից պետությունն ընդհանրապես լվացել է ձեռքերը, քանի որ աշխատանքի պետական տեսչությունը աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից հանձնվեց առողջապահության նախարարության ենթակայությանը, ինչն անհասկանալի է,-ասում է Սաքունցը՝ նշելով, որ այս ամենը նրա հետևանքն է, որ օրենք ընդունողների գերակշիռ մասը գործատուներ են. «Բիզնեսի և օրենսդիր մարմնի սերտաճումն ամենավատ ձևով դրսևորվում է հենց աշխատանքային իրավունքի վիճակի վրա: Նույն բանն է, եթե ստրկատերերից պահանջես օրենք ընդունել իրենց իսկ ստրուկների իրավունքների համար» Սակայն աշխատավորների իրավունքները խախտվում են ոչ միայն աշխատելու ընթացքում, այլ մինչ ընդունվելը: Ոչ միայն աշխատանք չկա, այլ նաև եղածն էլ բաշխվում է անարդար, խտրական մոտեցմամբ: Հայաստանյան աշխատաշուկայում խտրականության ենթարկվում են հիմնականում հաշմանդամները, որոնց աշխատունակ հատվածի միայն 8 տոկոսն է աշխատանք կարողացել գտնել, չափազանց խոցելի են նաև կենսաթոշակին մոտ տարիքի անձինք և կանայք: Ու թեև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածը երաշխավորում է՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, բացի այդ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային-իրավական փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում, սակայն այս հարցը Հայաստանում դեռևս մնում է ամենախոցելիներից: 42-ամյա Նարինե Սիմոնյանը, չնայած աշխատունակ տարիքին, արդեն հոգնել է աշխատանքի փնտրտուքներից: Մասնագիտությամբ ինժեներ կնոջ տվյալները հայաստանյան աշխատաշուկայում նույնիսկ հավաքարար աշխատելուն չեն բավարարում: «Մասնագիտությամբ աշխատելուս համար տարիներ առաջ գործ կար, դիմեցի, ասացին փորձ չունես, հետո երեխաներս էին փոքր, ասացին երեխեքդ խնամքի տարիքում են, մերժեցին, հիմա երեխեքս այլևս իմ անմիջական խնամքի կարիքը չունեն, բայց ասում են տարիքդ էն չի,-նեղսրտում է 42-ամյա կինն ու առաջարկում այդ դեպքում կենսաթոշակային տարիքը, որը Հայաստանում սկսվում է 63 տարեկանից, նվազեցնել 40-ի,- որտեղ նայում ես մինչև 35 տարեկան աշխատող են ուզում, բա մենք ի՞նչ անենք: Բանկում հավաքարարի տեղ կար, գնացի, ասացին փորձաշրջան պետք է անցնես, երկու օր հետո ասացին՝ ձեր տվյալները չի համապատասխանում, հետո իմացա, որ ինձնից երիտասարդ մի աղջկա են ընդունել»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ Հայաստանում չկա օրենսդրական պահանջ, որ գործատուն բացի մասնագիտական ու որակական չափորոշիչներից, ուրիշ պահանջներ չներկայացնի աշխատանքի ընդունվողին. արտաքին բարեմասնություններ, սեռատարիքային առանձնահատկություններ: «Սա սահմանելու համար մի ժամանակ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների փաթեթ էր մշակվում, սակայն գործատուների միությունը շատ ակտիվ պայքարեց՝ պատճառաբանելով, որ դա բիզնես ոլորտին կխանգարի՝ սուպերմարկետը հաճախորդ կկորցնի, դիլլերները կանայք պետք է լինեն, որպեսզի խաղատուն գնացողները գնան խաղալու, այսինքն` իրենք հիմնավորում էին բիզնես շահերից ելնելով՝ թողնելով մի կողմ, որ դրանով խտրական վերաբերմունք ես ցուցաբերում հենց աշխատաշուկայում, դնում ես տարանջատում, մինչդեռ աշխատանքային օրենսգիրքը դրույթ ունի, որ բոլորը հավասար են, սակայն խտրականությունը մեզ մոտ մնաց չհաղթահարված»,-ասում է Տիգրանյանը: Նաև այս ոլորտում խտրականության հարցը հաղթահարելու համար առաջարկվում է ընդունել «Խտրականության դեմ» օրենք, որը սակայն քննարկումների փուլից առաջ չի անցնում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս բազմիցս անդրադարձել է աշխատանքային խտրականության հարցին ու հենց դա էլ ստիպել է մշակել «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ «պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա»: «Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն»,- ասվում էր դեռևս 2013-ին ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից 2014թ. իրականացված վերլուծությունները փաստում են, որ 40-ից բարձր տարիքային խմբերում կանայք կրկնակի անգամ ավելի շատ են ենթակա գործազրկության և աղքատության մեջ հայտնվելու ռիսկին: «Հայաստանյան աշխատաշուկայում կանանց առջև ծառացած խնդիրը ոչ միայն աշխատատեղերի մատչելիությունն է, այլև՝ խտրականությունը աշխատանքի ընդունվելիս, երբ նրանք, չնայած կրթվածության և որակավորման բարձր մակարդակին, լիովին կախված են գործատուի նախասիրություններից: Կանանց հետ առանց իրավական հիմքերի մեծամասամբ կնքվում են կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր, նրանք ավելի հաճախ են զբաղված լինում ոչ լրիվ աշխատանքային օրով, տեղավորվում ժամանակավոր աշխատանքի, նրանց առաջին հերթին են ազատում աշխատանքից կամ կրճատում, մեծ մասամբ առանց հիմնավոր պատճառի»,-նշված է վերլուծության մեջ: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի տվյալներով Հայաստանում մասնագետների առաջարկը մեծ է, մինչդեռ պահանջարկը՝ շատ ցածր: «Մեզ մոտ հիմնականում իրավաբաններն են, մենեջերները, հաշվապահներն, ֆինանսիստները: Շատերը գնում են ուսում ստանալու այդտեղ, մտածելով, որ կարող են աշխատել բավականին մեծ գումար, բայց հետո աշխատանք չեն էլ գտնում: Երկու անգամ բարձր է գործազրկությունը բարձրագույն կրթությամբ կանանց մոտ, որովհետև նրանց պահանջարկը առևտրի, սպասարկման ոլորտում է, որտեղ նրանք հիմնականում չեն ուզում աշխատել»,-ասում է սոցիոլոգը՝ հավելելով, որ առևտրի ոլորտում, որտեղ մոտավորապես երկու հարյուր հազար հոգի մարդ է հավաքված, գերակայող զանգվածը կանայք են, որոնք աշխատում են առանց օրենսդրության նորմերի, ստանդարտներից դուրս: Ըստ Ադիբեկյանի՝ նրանց հանգիստը, ընդմիջման, սանիտարական խնդիրները ներկայումս մոռացության են տրվել, նրանք դառնում են շահագործման առարկա և քանի որ տանը նստելու տարբերակ չկա, ուստի համաձայնում են ցանկացած գումարով աշխատել: Խտրական վերաբերմունքի դրսևորումներից Հերիքնազ Տիգրանյանն առանձնացնում է նաև կենսաթոշակային տարիքին մոտ անձանց, որոնց գործատուները խուսափում են ընդունել աշխատանքի կամ ընդունում են առանց պայմանագրի կնքման: «Կենսաթոշակային տարիքի թեկուզ լավագույն որակով մասնագետի հետ պայմանագիր կնքելը հազվագյուտ երևույթ է,-ասում է Տիգրանյանը՝ հավելելով նաև մեկ այլ, հիմնականում թաքնված խնդրի՝ մայրանալ կամ մանկահասակ երեխա ունեցող կանանց աշխատանքի ընդունման հարցին,-այստեղ լինում են նպաստ վճարելու, հղիության արձակուրդ գնալու հարցեր և սրա համար խուսափում են նրանց աշխատանքի վերցնելուց՝ իհարկե այլ պատճառաբանություններով, քանի որ հղիության պատճառաբանությունը հիմնավորելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության»:
Աղբյուրը՝ www.aravot.am