Դատարանը Խուդոյանների գործով կայացրեց վճիռ
17:52, May 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մայիսի 22-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, հրապարակվեց ըստ հայցի՝ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության գործով կայացված վճիռը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60, 124, 125, 127 և 132-րդ հոդվածներով, վճռեց Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
Սույն վճռով դատարանը գտել է, որ գործով չեն հաստատվում այն փաստերը, որ ոստիկանության աշխատակիցների կողմից խախտվել են Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի՝ հավաքների ազատության, ազատ տեղաշարժի և Ա. Խուդոյանի՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները, և որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայցվորների հանդեպ ցուցաբերվել է արհամարհական, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Այդպիսով, դատարանը գտել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ՀՀ ոստիկանության գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, և առկա չէ որևէ իրավական հիմք՝ դրանք ոչ իրավաչափ ճանաչելու համար:
ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը մերժելու մասին դատարանի վճիռը սահմանված ժամկետում կբողոքարկվի ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը դեռևս 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով մի խումբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նստացույց էին սկսել նոյեմբերի 28-ից, այնուհետև շուրջ մեկ օր գտնվել էին ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ՝ չկարողանալով դուրս գալ սեփական բնակարանից: