Դատարանը ներառված է ոստիկանության ապօրինությունները արդարացնելու գործընթացում. Արթուր Սաքունց
13:31, February 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴատարանը ոստիկանության կողմից ապօրինություններն իրականացնելու արդարացման գործընթացում է ներառված: NewsBook-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, ըստ որի՝ մերժել սևազգեստ մայրերի բողոքն՝ ընդդեմ իրենց դեմ բռնություն գործած ոստիկանների:
Վերջինս նկատեց, որ Հայաստանում ոչ թե ավանդույթ է, որ ոստիկանը պետք է բռնություն գործադրի քաղաքացու նկատմամբ և մնա անպատիժ, այլ դա արդեն գործող համակարգի բուն էությունն է. «Այսօր դատարանը ոչ թե իրականացնում է արդարադատություն և վերականգնում խախտված իրավունքներն, այլ պաշտպանում է խախտողների շահերը»,- ասաց նա:
Սաքունցը գտնում է, որ այս իշխանություններին չի սթափեցնում նաև Եվրոպական հեղինակավոր կառույցների քննադատությունները՝ Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների խախտումների հետ կապված:
«Ես կարծում եմ, որ միակ ձևը բոլոր նման դեպքերի ժամանակ Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է, քանի որ այլ տարբերակ չի մնացել: Ըստ էության՝ ժամանակ առ ժամանակ, չնայած միջազգայն կառույցների քննադատություններին, հարցադրումներին, միևնույն է, իշխանությունների գործելակերպը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում չի փոխվում»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը մի շարք պարտություններ է կրել, սակայն արդյունքում միայն պետբյուջեից վնասի փոխհատուցում է լինում և վերջ, իրավապաշտպանն արձագանքեց, թե խնդիրը հանրային պահանջի բացակայության մեջ է:
«Ես մի հստակ բան կարող եմ ասել, որ առանց հանրային պահանջի` փոփոխություն չի լինի, այսինքն՝ հանրությունը պետք է գիտակցի, որ որևէ մեկի նկատմամբ բռնությունն ու անօրինականությունը ոտնձգություն է նաև իր նկատմամբ, անկախ նրանից՝ ով է բռնության ենթարկվողը: Այս հարցում մեր հասարակությունը կայացման փուլում է և հենց գիտակցության չկայացվածությունն է մեծապես նպաստում, որ գիտակցեն, որ անպատժելի են իրենց իրավունքները ոտնհարողները»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մայիսի 13-ին ոստիկանները նախագահականի դիմաց բռնություն կիրառեցին Իրինա Ղազարյանի, Նանա Մուրադյանին նկատմամբ: Սակայն սևազգեստ մայրերը ոստիկանների դեմ հաղորդում ներկայացրեցին, որի արդյունքում ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց, որը որոշ ժամանակ անց կարճեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նանա Մուրադյանն ու Իրինա Ղազարյանը դատական կարգով պահանջում էին ՀՔԾ կողմից հետապնդում չիրականացնել և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնել: