Կոստանյանը հերթական անգամ ապացուցեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար չեն Հայաստանում.Սաքունց
22:50, March 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Գլխավոր դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է հարցաքննել Սերժ Սարգսյանին ու Արամ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել էր իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի՝ 1-in.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, ըստ որի Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:
Օրեր առաջ, սակայն, կառույցին Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նույն լրատվամիջոցին տված մեկ այլ հարցազրույցում Արամ Զ. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գիտեք, ես չեմ ասել, թե Սերժ Սարգսյանը գիտի՝ ով է կազմակերպել: Ես ասել եմ, որ ինքն էլ էն կարծիքին չէ, որ Հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ»:
«Հիմք ընդունելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Զ. Սարգսյանի վերոնշյալ հարցազրույցը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ ՀՀ նախագահին և Արամ Սարգսյանին հարցաքննելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջն անհիմն է, քանի որ Արամ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը կարծիք է հայտնել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության պատճառաբանությանը նշեց, որ ներկայացված պարզաբանումը անհիմն է: «Խոսքը վերաբերում է նախևառաջ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնարավոր տեղեկությունների տիրապետմանը, թեկուզ կարծիքի ձևով, որը կարող էր պարզաբանվել միայն հարցաքննության միջոցով: Երկրորդը՝ առնվազն առերեսում կազմակերպելու միջոցով, երբ որ երկուսին էլ կհարցաքննեին, և դրա արդյունքում կարող էր որեւէ եզրակացության հանգել իրավապահ մարմինը: Այսինքն դատախազությունը պետք է ելնելով Հոկտեմբերի 27-ի հանցագործության բնույթից, նշանակությունից շատ ավելի հետևողական լիներ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների իրականացման հարցում, քան այն ինչ դրսևորել է»,-ասաց Սաքունցը, հավելելով, որ պետք է համապատասխան ցուցում տրվեր ՀՔԾ-ին՝ քննչական գործողություններ իրականացնելու համար, ինչը չի արվել:
Մեր հարցին, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համարձակություն չունեցա՞վ հարցաքննել Սերժ Սարգսյանին, Ա. Սաքունցը պատասխանեց. «Կոստանյանը ուղղակի հերթական անգամ ապացուցեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար չեն Հայաստանում, և մարդը, որը լինելով նաև ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարանում, ինքը լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում օրենքի առաջ հավասար են սկզբունքը: Հիմա նա ապացուցեց, որ այդ սկզբունքը չի կատարում»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասաց, որ մտածում են այլ քայլերի դիմելու մասին: Նրա խոսքով՝ բողոքարկելու են դատախազության որոշումը: Սաքունցը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, որ նման կերպ է վարվում Կոստանյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշել է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի. ես սպասում եմ այդ պատասխանին»: