Մի օր կարող ենք զարթնել ու տեսնել, որ Հայաստանի անեքսիան իրականություն է
21:13, June 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, առաջիկայում Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվելու Հայաստան-Ռուսաստան միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Ի՞նչ է նշանակում միացյալ ՀՕՊ-ը Հայաստանի համար և ի՞նչ վտանգներ կարող է պարունակել:
Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մի շարք, այսպես կոչված, ռազմավարական փաստաթղթեր՝ և երկկողմանի, և նաև ՀԱՊԿ շրջանակներում, որոնցից ոչ մեկն ըստ էության չգործեց ապրիլյան պատերազմի ընթացքում: Ավելի շուտ մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկա որևէ պայմանագիր, որը կբխի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերից: Դա վերաբերում է թե էներգետիկ բնագավառին, մասնավորապես գազամատակարարմանը, թե երկաթգծին, որի կառավարումը ռուսական կողմին է հանձնվել, դա վերաբերում է նաև ընդհանուր տնտեսական հարաբերություններին: Ինչ վերաբերում է այս համաձայնագրին, այն, որ ՀՀ-ն չունի հակաօդային պաշտպանության համապատասխան սարքավորումներ, այս հարցը հենց առաջին հերթին պետք է ուղղել իշխանություններին՝ ինչո՞ւ չունենք: Ի՞նչ էիք անում դուք՝ ՀՀԿ քաղաքական պատասխանատուներդ 17 տարի: Դա բավարար ժամանակ էր, որպեսզի այդ սարքավորումները ձեռք բերեիք: Բայց դուք 17 տարի զբաղվել եք կոռուպցիայով, թալանել եք երկրի տնտեսական ռեսուրսները, խարխլել եք երկրի պաշտպանունակությունը, ոչնչացրել եք երկրի տնտեսական հզորություները և հիմա ձեր անգործությունը կոծկելու միակ տարբերակը պետությունը Ռուսաստանի Դաշնության տիրապետությանը հանձնելն է և նրա ենթադրյալ աջակցությունը ողորմալը: Բայց այդ աջակցությունը չկա ու չի էլ լինելու: Սա կոչվում է պատասխանատվությունից խուսափելու ուղղակի քայլ: Ռուսաստանի կողմից հայկական օդային պաշտպանության գոտի մտնելը մեծացնում է ռիսկերը ՀՀ քաղաքացիների անվտանգության տեսակետից: ՀՀ օդային տարածքի պաշտպանությունը հանձնելով ՌԴ-ին, իսկ դա այդպես է, ոչ թե միավորում է լինելու, դա նշանակում է ՌԴ-ն Հայաստանի օդային տարածքն օգտագործելու է իր ռազմական նպատակների համար: Ավելին, դա նշանակում է, որ ՀՀ օդային տարածքն, այլևս օգտագործվելով ՌԴ կողմից, կարող է սպառնալիք ներկայացնել նաև հարևան պետություններին՝ Ադրբեջանին, Իրանին, Թուրքիային, Վրաստանին: Նաև Մերձավոր Արևելքում ՌԴ-ն իր ռազմական ու քաղաքական շահերի անմիջական իրականացման համար կփորձի դա օգտագործել: Այսինքն՝ ՀՀ օդային տարածքի պաշտպանությունը հանձնելով ՌԴ-ին՝ մենք դառնում ենք պոլիգոն: Ես սա համարում եմ պետական նշանակության հանցագործություն, այնպես, ինչպես հայ-ռուսական գազային պայմանագրերը, այնպես, ինչպես Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշումը: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ կքվեարկեն այդ համաձայնագրին, նույն չափով կրելու են այս հանցագործության պատասխանատվությունը:
Պաշտպանության փոխնախարարն այս համաձայնագիրը ներկայացնելիս ասել է, որ խաղաղ ժամանակ հայկական կողմն ինքնուրույն կարող է օգտագործել այդ միասնական ՀՕՊ-ը, բայց պատերազմական դրության ժամանակ պետք է միասնական օգտագործվի: Սա ի՞նչ է նշանակում:
Ցանկացած պետության ինքնիշխանության և ինքնուրույն որոշումների կայացման կարևոր գրավականներից մեկն այն է, երբ ինքը միանշանակ և միայնակ տնօրինում է հողային, օդային տարածքները, կառավարում է իր սահմանները և արտաքին ու ներքին քաղաքականության բնագավառում որոշումներն ինքն է կայացնում: Եթե որևէ միավորման կամ դաշինքի, կամ երկկողմանի պայմանագրերի մեջ է պետությունը, ապա որոշակի պարտավորություններ է վերցնում: Իսկ այդ պարտավորությունների վերցման ընթացքում միշտ պետք է տվյալ երկիրն իր շահը պաշտպանի: Այդպիսին է Եվրոպական միությունը, երբ ամեն մի միավոր, եթե համաձայնություն չտա, ԵՄ-ն միասնական որոշում չի կարող կայացնել: Այդպես նաև ՆԱՏՕ-ում է: Նման մեխանիզմ չի գործում ոչ ԵՏՄ-ում, ոչ ՀԱՊԿ-ում, ոչ էլ կգործի հայ-ռուսական այդ միացյալ ՀՕՊ-ում: Ավելին, կրկնում եմ, Հայաստանը մինչև հիմա Ռուսաստանի հետ կնքված բոլոր պայմանագրերում ու համաձայնագրերում չունի որևէ ինքնուրույնություն: Այդպիսին է ոչ միայն այդ պայմանագրերի բովանդակությունը, այլ նաև գործողության տրամաբանությունը: Եվ այն բոլոր պնդումները, թե իբր ՀՀ-ն ինքնուրույն կարող է որոշումներ կայացնել իր օդային պաշտպանության ուղղությամբ խաղաղ ժամանակ, դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ ՀՕՊ-ը, այսպես ասած միավորելով, բայց իրականում հանձնելով ՌԴ-ին, ենթադրում է Ռուսաստանի կողմից ՀՀ նկատմամբ հսկողության իրականացում նաև օդային տարածքում: Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում չկա մի կարևոր հարց, որտեղ ՌԴ-ն ուղղակի վերահսկողություն չի իրականացնում, բացառությամբ այն փոքր պատուհանների, որոնք դեռևս կան ԵՄ հետ հարաբերություններում: ՌԴ-ն ըստ էության տիրապետում է ամբողջ ՀՀ կոմունիկացիաներն ու քաղաքական հարցերը: Եվ հիմա ՀՀ-ն մաս-մաս դեռևս հանձնվում է Ռուսաստանին: Մի օր կարող ենք զարթնել ու տեսնել, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի անեքսիան արդեն դե ֆակտո իրականություն է: ՌԴ քաղաքականության բովանդակությունն առաջին հերթին իր քաղաքացիների նկատմամբ է հակամարդկային ու հակաժողովրդավարական, նաև այդ քաղաքականությունն իրականացվում է իր անմիջական հարևանների նկատմամբ: Այդ սպառնալիքների լեզվից բացի այլ վերաբերմունք ՌԴ-ն չունի: Եվ հանձնվել նման պետությանը, նշանակում է սպառնալիքներ ստեղծել քո քաղաքացիների համար:
Ի դեպ, այս շրջանում Հայաստանում ռուսական մշակութային միջոցառումների շարք է անցկացվում, որում ներգրավված են Հայաստանի դպրոցահասակներն ու որի թեմատիկան զարմանալի է: Օրինակ՝ այդ միջոցառումների թվում են ԽՍՀՄ–ն ու ԱՊՀ–ն գովերգող թեմաները: Սա ի՞նչ է նշանակում:
Շատ արտառոց ու մտահոգիչ է սա, քանի որ այս միջոցառումների շարքն ուղղակի կոպիտ միջամտություն է մեր կրթական համակարգին: Այդ միջոցառումների սցենարի համաձայն՝ մենք բոլորս բնակվել ենք մի հզոր երկրում, և մեր պետությունն ունեցել է բոլորովին այլ սահմաններ: Չգիտեմ, որ պետության մասին է խոսքը, բայց ՀՀ-ն նման սահմաններ չի ունեցել: Սա ռուսական իմպերիալիստական այդ նկրտումների պրոպագանդան է, որն ուղղակի իր ամբողջ տրամաբանությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածին: Ես հարց ունեմ ՀՀ ԿԳ նախարարությանն ու ընդհանրապես կառավարությանը՝ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի դպրոցներում իրականացվում է պուտինյան այն քարոզչությունը, որն ամբողջությամբ ուղղված է մեր պետության ինքնիշխանության դեմ, և դա արդեն կրթական համակարգում է արվում: Այսինքն՝ դուք արգելում եք որևէ այլ քաղաքական տեսակետների ներկայացում դպրոցներում, որոնք բոլորը հանրապետականացված են, բայց թույլատրելի եք համարում անկախությանը սպառնացող օտար միջամտությունը և դա համարում եք նորմա՞լ: Կրեմլյան պրոպագանդան իրականացվում է ՀՀ դպրոցներում, և դա թույլատրվում է մեր պետության կողմից: Սա նույնպես հանդիսանում է պետական հանցագործություն: Սա ես համարում եմ կրեմլյան անթաքույց ագրեսիա՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության, որը իրականացվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ուղղակի թողտվությամբ: