Ինչպես հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականությունը
16:56, July 5, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Երեկ ԵՄ պատվիրակությաւն ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի օժանդակություն ցուցաբերել ԸՕ-ի փոփոխությունները կյանքի կոչելու համար, սակայն հավելել է, որ աջակցությունը պայմանական է և կախված է չափանիշների կատարումից։ Արդյոք այդ չափանիշները հնարավոր կլինի պահպանել։ Ի՞նչ է սա նշանակում։
ԸՕ-ի ընդունման, այնուհետև դրանում փոփոխությունների կատարման այս ամբողջ գործընթացում իշխանությունը նպատակ էր հետապնդում ձևավորել, այսպես կոչված, վստահության ինստիտուտը։ Սա էր ամբողջ իմաստը, որ իշխանությունը ոչ թե բովանդակային առումով ձևավորի այդ վստահությունը, այլ ձևակերպի վստահության պատկերացումը։ Եվ հանձինս ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ իրենք հաջողեցին։ Ցավոք սրտի, նաև քաղաքացիական կազմակերպությունների ներկայությունը նույնպես նպաստեց այդ ձևաչափին։ Ինչու եմ ասում ցավոք սրտի, քանի որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար ԸՕ-ի հետ կապված հիմնական խնդիրը պետք է լիներ դիտորդական առաքելության իրականացման և ԶԼՄ-ների կողմից ընտրական գործընթացների լուսաբանման արդյունավետության ապահովումը։
Եթե դիտարկենք արդեն ուժի մեջ մտած ԸՕ-ի այդ հատվածը՝ դիտորդների և ԶԼՄ-ների գործառույթների, քաղաքացիական վերահսկողության իրականացումը, ըստ էության պետք է արձանագրենք, որ արդեն իսկ ընդունված ԸՕ-ն չի մեծացնում քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը, չի ընդլայնում դիտորդների գործառույթները: Ավելին՝ կան որոշակի սահմանափակումներ, նույնիսկ՝ անորոշություններ։ Առաջին անորոշությունը՝ դիտորդների գործառույթներին ընդհանրապես որոշեցին չանդրադառնալ՝ ի տարբերություն նախորդի, երբ դիտորդը կարող էր բավական ակտիվ լինել հիմա այդ ակտիվ գործառույթները ենթադրող սահմանները հանված են: Մնում է խիստ մտահոգիչ՝ հանձնաժողովի որոշմամբ՝ երկու երրորդի քվեարկությամբ դիտորդին ընտրական հանձնաժողովից հեռացնելու դրույթը, սահմանափակված է մնում լրատվամիջոցների ներկայացուցիչների միաժամանակ 50 հոգու ներկայության թիվը, ավելին՝ ավելի խիստ պահանջ է դրվում, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ներկայացուցիչը լրատվական գործունեություն իրականացնող լինի, նյութեր հրապարակած լինի և այլն։
Հաջորդ կարևոր խնդիրը՝ դիտորդների կողմից ընտրությունների վերաբերյալ զեկույցը կարող է, ըստ իրենց, հիմնվել միայն ու միայն սեփական դիտարկումների վրա, այսինքն՝ մենք չենք կարող օգտվել այլ տեղեկություններից, որոնք ձեռք են բերվել ոչ դիտորդի կողմից։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելության և ընտրությունների լուսաբանման ապահովման առումով այդ սահմանափակումներն, ըստ էության, էապես նվազեցնում են քաղաքացիական վերահսկողության և գործընթացների թափանցիկության ապահովումը։ Անձամբ ես գտնում եմ, որ սա լուրջ հետընթաց է։
Հիմնական խնդիրը այդպես էլ մնաց չլուծված։ Դա քաղաքական կայուն մեծամասնության ինստիտուտն է։ Իշխանության հիմնական նպատակը կայուն քաղաքական մեծամասնության ձևավորումն է, որն այդպես էլ նույնը մնաց, ինչպես նաեւ տարածքային ռեյտինգային ցուցակները, որոնք այդպես էլ չփոխվեցին, ամեն ինչ մնաց նույնը։ Եվ մնացած փոփոխությունները՝ կրկնակի քվեարկությունների հնարավորությունների սահմանափակում և այլն, այդ ամենը էական նշանակություն չի կարող ունենալ շատ պարզ պատճառով. նախ՝ ՀՀԿ-ն որպես ֆինանսական և վարչական ռեսուրսների անվերապահ և մոնոպոլ տիրապետող ուժ, անմիջականորեն ապահովում է իր գերակայությունը մնացած ուժերի նկատմամբ։ Բացի այդ, ընտրական խախտումները կատարվում էին ոչ թե ընտրական տեղամասերում, այլ ընտրական տեղամասից դուրս, և խնդիրը մնում է չլուծված։ Վերջին սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեսանք, որ պատասխանատվության ենթարկելու այն մոտեցումը, որ դրամական տուգանքների են ենթարկում ընտրական խախտումներ կատարողներին, այս առումով մնում են հովանավորված, իրականում նրանք շարունակում են մնալ անպատժելի։
Ի վերջո, Խորհրդային Միության ԸՕ-ով Հայաստանում իրականացվել են ամենաարդար ընտրությունները։ Խոսքը 1990-91թթ. ընտրությունների մասին է։ Այսինքն՝ այստեղ ԸՕ-ի կատարյալ լինելը կամ առավել մանրակրկիտ, առավել կատարելագործված լինելը որևէ երաշխիք չի հանդիսանում ազատ և արդար ընտրությունների իրականացման համար։ Եվ այդ առումով է, որ ԵՄ պատվիրակության ղեկավարը մի կողմից իհարկե ողջունելով և պատրաստակամություն հայտնելով, ասում է, որ ֆինանսական աջակցություն կլինի, բայց մյուս կողմից ինքն էլ հստակ նշում է, որ ֆինանսները երաշխիք չեն ազատ և արդար ընտրությունների կազմակերպելու համար։ Այսինքն՝ սա քաղաքական կամքի խնդիր է, որ ընտրական խախտումների նկատմամբ պետք է լինել անզիջում, և խախտումներ կատարողները պետք է բավական խիստ պատասխանատվության ենթարկվեն, որ հաջորդ անգամ այդ խախտումները չլինեն։ Դրա համար իշխանությունը պետք է կամք ունենա, որ ազատ և արդար ընտրություններ իրականացվեն։
ԸՕ-ում իմ նշած թերություններն արդեն իսկ փաստում են, որ քաղաքական իշխանության մոտ չկա այդ ցանկությունը։ Այդ դեպքում ինչո՞ւմ էր այդ ձևաչափի իմաստը. սա ձևական գործընթաց է, որի ամբողջ իմաստը ինչ-որ խնդրի շուրջ համախմբումն է՝ այն է՝ փղերի նախաճաշ մինչև ընտրությունները, ինչը հիմա կատարվեց, այնպես, ինչպես Սահմանադրական հանաքվեից առաջ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմվեց՝ մինչև սահմանադրության մեջ կայուն մեծամասնության ինստիտուտի ամրագրումը՝ հանրաքվեի կեղծման արդյունքում։
Այս պարագայում ցանկացած օրենսդրական փոփոխություն եթե չի ուղեկցվում ընդդիմադիրների հետապնդումների դադարեցմամբ, ավելին՝ այդ հետապնդումներն ընդլայնվում են, նշանակում է աչքակապությամբ զբաղվել։ Հայաստանի իշխանությունները օրենսդրական փոփոխություններով չեն կարող վստահություն ձևավորել ընտրական գործընթացների նկատմամբ, եթե քաղաքական այլախոհներին հետապնդում են և ազատազրկում։ Երբ չկա հանրային ընդվզում քաղաքական ընդդիմադիրների հետապնդումների նկատմամբ, մեծ մտահոգություն ունեմ, որ քաղաքական հետապնդումների հանդուրժողության պարագայում մենք կունենանք ազատ և արդար ընտրություններ։ Անգամ ապրիլյան պատերազմի ընթացքում իշխանությունը շարունակեց իր իշխանության ձևավորման խնդրի լուծումը քաղաքական, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի հետ միասին։
Բայց այդ ձևաչափին մասնակցած քաղաքական ուժերն արտաքին մարտահրավերի վերաբերյալ իշխանության հետ ունեն նույն մոտեցումը։ Դուք տեսնո՞ւմ եք տարբերություն։
Տեսեք՝ ՀՕՊ պայմանագրի քվեարկությունը. մենք գործ ունենք ոչ թե մի իրավիճակի հետ, որտեղ հիմնական քաղաքական դերակատարում ունեցողները լուծում են ներքին կամ արտաքին քաղաքական զարգացման մարտահրավերների հետ կապված խնդիրները, այլ զուտ իրենց կուսակցական նեղ խնդիրներն են լուծում: Սա այսօրվա քաղաքական գործընթացների հիմնական գործոնն է, որ Հայաստանում գոյություն ունի։ Այս պարագայում, երբ առաջարկվեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, իբր որ նա իրեն ուժեղ զգա ԼՂ հետ կապված բանակցություններում, սա ավելի շուտ համախմբում էր իշխանության շուրջ՝ հանուն մանդատների։ Այսինքն՝ ոչ թե կա կոնսենսուս հանուն պետության խնդիրների լուծման, այլ կոնսենսուս հանուն կուսակցական խնդիրների լուծման։ Սա այն հիմնական մտահոգող իրավիճակն է, որ գոյություն ունի։
Իրավիճակը շտկելու ռեսուրս, ըստ Ձեզ, կա՞։
Կարծում եմ, այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, իհարկե, նախորդած ժամանակաշրջանի տրամաբանական շարունակությունը կամ հետևանքն է։ Իսկ նախորդած ժամանակաշրջանի հիմնական խնդիրը այս 25 տարվա ընթացքում անպատժելիության խնդիրն է, երբ որևէ քաղաքական ուժ այդպես էլ որևէ պատասխանատվություն չկրեց իր ձախողումների համար։ Անպատժելիության խնդրի հիմնավորման ցայտուն օրինակ է մարտի 1-ի չբացահայտված լինելը, իրավական գնահատականի բացակայությունը։ Եվ իրավական գնահատականի բացակայության պարագայում գնալ այսպիսի կոմպրոմիսների, նշանակում է նպաստել անպատժելիության շարունակությանը, ինչը հանգեցնում է հիասթափության։ Եվ հանրության շրջանում մեր հիմնական խնդիրը մարտի 1-ի հանցագործության բացահայտման պահանջ դնելն է բոլոր քաղաքական ուժերի առջև, և երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ խայտառակ իրադարձությունները, որ տեղի ունեցան, դրանց վերաբերյալ պառլամենտական լսումների և թե քաղաքական, և թե ռազմական ղեկավարության պատասխանատվության հարցի ձևակերպումն է։
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել է, որ ինքը դուրս կգա քաղաքականությունից, եթե ՀՀԿ-ն պարտություն կրի, հետո էլ հավելել, որ չի կարծում, որ նման բան կարող է լինել։ Արդեն կանխորոշվա՞ծ են արդյունքները։
Սերժ Սարգսյանն արդեն իսկ ապահովել է իր քաղաքական իշխանության շարունակականության համար կոնսենսուսը՝ հանձինս ԸՕ-ի և հանձինս արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումների: Նա որպես փայլուն պալատական գործիչ, ոչ քաղաքական գործիչ, իր ամբողջ պալատական ինտրիգներով կարողացավ հասնել դրան: Այդ պալատական որոշումները և գործընթացները կարող են երաշխիք հանդիսանալ իր իշխանության շարունակականության համար, քանի դեռ հասարակությունը այս կուսակցական պալատին հանդուրժում է։ Եվ շատ ցավում եմ, որ մարտի մեկի հանցագործությունից տուժածները, ցավոք սրտի, հաշտվեցին այդ հանցագործության հետ, հարյուր հազարավոր մարդիկ այդպես էլ պահանջատեր չեղան այդ հանցագործության կատարողներին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում, և նաև ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների և հարյուրավոր վիավորների հարազատները, ցավոք սրտի, պահանջատեր չեղան իրենց զոհված երեխաների մահվան հանգամանքների պարզաբանման և պատասխանատվության ենթարկելու պահանջի ուղղությամբ։
Այսինքն՝ մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, որ այս անպատժելիության չհաղթահարումը հանդիսանում է Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականության երաշխիքներից մեկը։ 2017-ի խորհրդարանական ընտրություններն, այսպես թե այնպես, քաղաքական կայուն մեծամասնություն են ապահովելու, բայց դա երաշխիք չէ, որ իմ նշած խնդիրները դրանով կլուծվեն։ Ավելին՝ այդ խնդիրների չլուծվածությամբ մենք ավելի ենք խրվելու խորը ճգնաժամի մեջ, որի արդյունքում ունենալու ենք և տնտեսական հետընթաց, և սոցիալական անապահովության մակարդակի բարձրացում, և անվտանգության խաթարում, և ընդհանրապես ՀՀ-ն որպես ինքնուրույն պետական միավոր բովանդակային տեսակետից կկորցնի վերջնական ռեսուրսները։
Միաժամանակ պետք է հիշեցնեմ, որ Հայաստանի հասարակությունը բավական անկանխատեսելի է, և չկա հասարակություն, որ լիովին տեղավորվի պալատական որոշում ընդունողների տրամաբանության մեջ։