Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել
15:24, July 13, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Էլեն ՓարսադանյանՄանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թ. ապրիլի 16-ին հերթական անգամ անտրամաբանական կերպով կարճվեց՝ չնայած նրան, որ հենց նույն օրը քննիչի որոշմամբ բավարարվել էր տուժող կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու վերաբերյալ:
Ավելին՝ քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ փորձագետին հարցաքննելու մասին միջնորդությունը որևէ կերպ հիշատակված չէ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերադասության կարգով բողոքարկելուց հետո, որով վերջինս դիրքորոշում էր հայտնել կյանքի իրավունքի խախտման շուրջ միակողմանի և ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին, 2016 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Գ. Բաղդասարյանը, իր որոշմամբ՝ պնդելով, որ գործի քննության շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա «Արաբկիր» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների աշխատակիցների գործողություններում հանցակազմ չկա, անհիմն լինելու պատճաբանությամբ մերժել է բողոքը:
Տուժող կողմը դատախազի վերոնշյալ որոշումը բողոքարկել է դատական կարգով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:
Հիշեցնենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր: Քրեական գործը կարճելու մասին որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Ա. Զալյանի և Ա. Չատինյանի կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչից հետո գործը կրկին ուղարկվել էր նախաքննության և 2016 թ. ապրիլի 16-ին կրկին կարճվել: