Պահանջ. փորձաքննություն իրականացնել և պարզել՝ ինչ դեղահաբ էին ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները
14:36, August 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎլադիմիր Գասպարյանի հայտարարությունը՝ հայտնաբերել քաղաքացիական հագուստով անձանց, որոնք, ըստ ոստիկանության, նաև իրավապահներին են հարվածել, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախ խոստովանություն է:
«Վովա Գասպարյանի հայտարարությունն առաջին հերթին վկայում է այն մասին, որ ընդունում են, որ քաղաքացիական հագուստով անձինք ներգրավված են եղել բռնություններում և ապօրինի գործողություններում: Սա կարևոր է արձանագրել: Իսկ հարցի մյուս կողմը, թե պետք է օգնենք, որ բացահայտվեն՝ ովքեր են նրանք, տարօրինակ է, որովհետև հարց է առաջանում ՝ ինքն ի՞նչ է արել, ոստիկանությունն, այսինքն, ի՞նչ է արել այդ ուղղությամբ, որ հիմա էլ կարիք ունի ՀՀ քաղաքացիների աջակցության»:
Արթուր Սաքունցը հիշեցնում է նաև 2015 թ.-ի իրադարձությունները: «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերից հետո քաղաքացիները ոստիկանությանը մի ամբողջ փաթեթ ներկայացրին քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր բռնություններ էին գործադրել, խանգարել բողոքի գործողություններին: Սակայն նրանցից ոչ մեկը չպատժվեց: Հիմա Սաքունցը փորձում է հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ է ոստիկանապետը նորից այդ խնդրանքով դիմում քաղաքացիներին:
«Հիմա մեկ տարուց ավելի անցել է, և քանի՞ հոգու է դրանցից նույնականացրել և հաշվետվություն ներկայացրել հանրութանը, թե ովքեր էին նրանք, որովհետև խաղաղ ցույցի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանն այդտեղ տեղ չունի և անելիք էլ չունի»:
Ըստ իրավապաշտպանի՝ գլխավորապես պատասխանատու անձը Ս. Սարգսյանն է, և հենց նրա հրահանգներն է կատարում Վլադիմիր Գասպարյանը: Եվ քանի որ վերջինս կոնկրետ հանձնարարական է կատարում, ուրեմն և նման հայտարարությամբ հանդես գալով՝ փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել և փորձել իր անգործությունը հիմնավորել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է նաև լրագրող Թեհմինե Ենոքյանի բացահայտումների մասին: Լրագրողը քաղաքացիական հագուստով անձանց միջից ճանաչել է երկու հոգու, ովքեր ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի թիկնազորից են, որից հետո նրա նկատմամբ սկսվել են սպառնալիքներ տեղալ սոցիալական ցանցի միջոցով:
«Վովա Գասպարյանի, այսպես կոչված, թիկնապահը հայտնվում է Սարի թաղում և կոչ է անում վերև շարժվել: Սա տեսանյութով հաստատված փաստ է: Իրավական ի՞նչ հիմնավորմամբ է Վովա Գասպարյանն իր թիկնապահին ուղարկում այնտեղ, որովհետև հատկապես իրավապահ մարմիններում պաշտոնատար համարվող անձն իրավունք ունի կատարելու միայն այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով սահմանված են:
Արդյոք դա մտնում է իր գործառույթների մեջ: Վովա Գասպարյանի թիկնապահը հրամաններ էր տալիս, ասում էր՝ բոլորս շարժվում ենք վերև: Ու թիկնապահն այս հրամանները տալիս էր այլ քաղաքացիական անձանց: Քաղաքացիական հագուստով այն աշխատակիցներին կոչ է անում Սարի թաղի վերևի հատվածից շարժվել դեպի քաղաքացիները: Նույն տեսանյութում երևում է նաև, որ այդ քաղաքացիական հագուստով անձանց ձեռքին կան երկաթե մահակներ»:
Այս ամենի ֆոնին, ըստ իրավապաշտպանի, հասկանալի է դառնում, որ իշխանությունները հիմա նպատակ ունեն միայն միջազգային կազմակերպությունների աչքին թոզ փչել, այդ իսկ պատճառով ՀՀ ոստիկանապետը հայտարարում է, խնդրում է օգնել գտնել քաղաքացիական հագուստով մարդկանց, ովքեր բռնություն են կիրառել:
Սաքունցն ասում է, որ այդ մարդկանց գտնելն առանձնապես դժվար չէ, ավելին, շատ քաջ հայտնի են նրանք ոստիկանությանը, որովհետև այդ օրը ոչ միայն հրահանգ էին տվել այդ անձանց ոստիկանությունից, այլ նաև հատուկ հաբեր՝ ավելի համարձակ գործելու համար:
«Ոստիկանությունն իհարկե շտապեց հայտարարել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որ հոգեմետ հաբեր չեն տվել այդ անձանց: Բայց ես դա համարում եմ ոչ համարժեք հայտարարություն: Պարզ երևում է՝ քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկանական մեքենայից են դուրս գալիս, ընդ որում, հստակ շարքով են գնում, ինչը նշանակում է, որ ոչ թե խառնամբոխ է, այլ հստակ հրահանգ են ստացել, նրանք դեղահաբեր են կուլ տալիս:
Ես կարող եմ վարկած առաջարկել, որ, ամենայն հավանականությամբ, դրանք դեղահաբեր էին, որոնք մարդու մոտ ճնշում են զգացմունքները, և մարդը վեր է ածվում զուտ բռնության գործիքի»:
Սաքունցն առաջարկում է նաև ոստիկանությանն ու ՀՔԾ-ին ստուգել այդ անձանց, նշանակել դեղաբանական փորձաքննություն և հստակ պարզաբանել, թե ինչ հաբեր են ընդունել այդ օրը քաղաքացիական հագուստով ոստիկանները:
«Քանի ժամանակ երկար չի անցել, հուլիսի 29-30-ի մասին է խոսքը, ՀՔԾ-ն պարտավոր է նշանակել դեղաբանական փորձաքննություն և ենթարկել անալիզի ոստիկանության աշխատակիցներին, նաև նրանց, ովքեր երևում են դեղամիջոցների օգտագործման փաստի ուսումնասիրության ուղղությամբ: Դեղամիջոցի՝ օրգանիզմում գտնվելու ժամկետ կա, մեկ ամիս, երկու ամիս, որոնք մնում են նաև մազերում: Նման փորձաքննություններով նրանք կարող են հստակ եզրակացություն կազմել օբյեկտիվ գնահատական տալու համար: Այդ գործողության կատարման պատասխանատվությունը և պարտավորությունն առաջին հերթին կրում է հենց ոստիկանությունը և ապա ՀՔԾ-ն: Եթե սա չեն կատարում, ուրեմն հերթական անգամ իրենք հանցագործություն են կոծկում»,- նշեց Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am