ՀՀԿ պատգամավորն անուղղակի մեղադրանքներ է հնչեցնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր աջակցում են «զենքի ուժով հարցեր լուծողներին»
10:16, August 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը զրուցում են հուլիսի 17-ից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:
Սուքիաս Ավետիսյանը հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ «Սասնա ծռերի» ընտրած գործողությունների ձևը շարունակում է մնալ անընդունելի իր համար, քանի որ ժողովրդավարության ուղին զենքով չի լինում: ՀՀԿ պատգամավորը նաև անուղղակի մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր աջակցում և սատարում են «զենքի ուժով հարցեր լուծողներին»:
ՀՀԿ պատգամավորը հայտարարում է նաև՝ այն, որ մեծաթիվ մարդիկ աջակցեցին Սասնա ծռերին, ենթադրելու տեղիք է տալիս, որ իսկապես երկրում խնդիրներ շատ կան կուտակված:
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ Սասնա ծռերի պահանջները նորություն չէին: Քաղբանտարկյալների ազատ արձակումը և Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը միշտ օրախնդիր է եղել: Նորությունն, ըստ Սաքունցի, այն է, որ հարց բարձրացվեց զենքի ուժի միջոցով: Այս միջոցը միշտ կիրառել են իշխանությունները, և առաջին անգամ կիրառվեց ընդդիմադիր ուժ հանդիսացող Հիմնադիր խորհրդարանի անդամների մի խմբի կողմից:
Հարցին, թե ինչպիսին կլինեն վաղվա ներքաղաքական զարգացումները. իշխանությունները կանե՞ն հետևություններ, թե՞ նախադեպը կրկնվելու հավանականություն ունի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ պետք է քաղաքական երկխոսություն սկսել:
Իսկ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ճիշտ կլինի ՀՀԿ-ն համակերպվի ոչ կառավարող ուժ լինելու հետ հենց այսօրվանից:
Աղբյուրը՝ galatv.am