Ոստիկանությունը «Սասնա ծռերի» աջակիցների ցույցերը ցրելու համար 74 հատուկ նռնակ է կիրառել
15:51, August 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը պնդում է, որ ոստիկանները խախտել են հատուկ միջոցների կիրառման համար սահմանված չափորոշիչները։
Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների ցույցերը ցրելու նպատակով հուլիսի 20-ին՝ Խորենացի փողոցում և հուլիսի 29-ին՝ Սարի թաղում ոստիկանությունը 74 հատուկ նռնակ է կիրառել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ կիրառված հատուկ միջոցները կարող էին բեկորային վնասվածքներ առաջացնել։
Ոստիկանությունը «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հայտնել է, որ նշված օրերին բողոքի ակցիաները ցրելիս կիրառել է «Զարյա 3», «Ֆակել Ս», «Դրոֆա», «Պլամյա Մ» տեսակների նռնակներ, ինչպես նաև «Սվիրել» տեսակի 19 հատ լուսաձայնային արկ։
Ուսումնասիրելով ոստիկանության այս տեղեկատվությունը և առողջապահության նախարարի՝ հատուկ միջոցների կիրառման մասին հրամանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը եզրահանգում է, որ ոստիկանությունը խախտել է նախարարի հրամանը՝ չպահպանելով սահմանված չափորոշիչները։
«Խախտվել են անգամ այն նորմերը, որոնց կարող էին ոստիկանները հետևել։ Օրինակ, որ այս նռնակը պետք է պայթի մարդուց առնվազն 2,5 մետր հեռավորության վրա, երբ մենք տեսնում էինք, որ շատ ավելի մոտիկ հեռավորությունների վրա էր պայթում», – «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Իոաննիսյանը։
«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո մեկնարկած բողոքի ակցիայի 4-ը օրը՝ հուլիսի 20-ին, ոստիկանների հետ բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխվեց 50 մարդ, որոնք, բժիշկների գնահատմամբ, ստացել էին միջին և թեթև վնասվածքներ։ Հուլիսի 29-ի բախման հետևանքով բուժհաստատություններ տեղափոխվեց ավելի քան 60 մարդ՝ նրանց մեծ մասը տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել։ – «Այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում մեկ քաղաքացի», – փոխանցեցին առողջապահության նախարարությունից։
Հուլիսի 29-ի բախումների ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով աչքից զրկվեց նաև բողոքի ակցիաների հետ կապ չունեցող 17-ամյա Սայադ Հարությունյանը, ով Վարդենիսից Սարի թաղ հյուր էր գնում։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Իոաննիսյանը պնդում է, որ թե՛ հուլիսի 20-ին, և թե՛ 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը իրավաչափ չէր։
«Նախ պետք է արձանագրենք, որ ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել, որպեսզի փորձի հավաքից մեկուսացնել ագրեսիվ ցուցարարներին կամ սադրիչներին։ Ոստիկանությունն էլ գրությամբ հաստատում է, որ իրենք չեն փորձել դա անել։ Իրենք միանգամից դիմել են հատուկ միջոցների, ընդ որում՝ հատուկ միջոցներ կիրառելիս իրենք գործողություններ չեն կատարել, որպեսզի պաշտպանեն ցույցի խաղաղ մասնակիցներին», – նշեց Իոաննիսյանը։
Ոստիկանության ուղեցույցի համաձայն, հատուկ միջոցների գործադրման թույլտվություն տրվում է, եթե դրանք ունեն մարդու առողջության համար ժամանակավոր, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չեն առաջացնում անդառնալի փոփոխություններ։
«Պայմանները, որում գտնվել են խաղաղ ցուցարարները և կիրառվել են այդ հատուկ միջոցները, չեն համապատասխանել այն պահանջներին, որը սահմանել է առողջապահության նախարարը, որովհետև դա կիսափակ տարածք էր, նեղ տարածք և այն գազերը և արգասիքները, որոնք այդ հատուկ միջոցների կիրառելուց հետո առաջ են գալիս, շատ մեծ վնաս կարող էին տալ և վնաս տվել են», – ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Աղբյուրը՝ www.azatutyun.am