Բժշկական սխալ չկա. 54-ամյա կնոջ մահվան դեպքով հարուցված քրգործը 1 տարի անց կարճվեց
17:12, August 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից մեկ տարի առաջ մահացած 54-ամյա Կարինե Հարությունյանի դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը:
«Մենք դեռ որոշումը չենք ստացել, ավելին չեմ կարող ասել»,- ասաց փաստաբանը:
Այս գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժշկական որեւէ սխալ, անփութություն չի հայտնաբերվել: Տուժողի իրավահաջորդը կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն էր ներկայացրել, որը մերժվել էր: Տաթեւիկ Սիրադեղյանը դիմել էր դատախազություն, որտեղից էլ պատասխան էր ստացել, թե սույն քրգործը կարճվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 2015 թվականի օգոստոսի 17-ին Սուրենավանի բնակչուհի 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել, երբ նա աշխատելիս է եղել տնամերձ հողամասում։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է: Կարինե Հարությունյանի հարազատները պնդում են, որ «Արարատ» բժշկական կենտրոնի աշխատակիցները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել կնոջը:
«Արարատ» ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Կարինե Հարությունյանին անհրաժեշտ բոլոր ներարկումներն արվել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Երեւան:
54-ամյա կնոջ մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մաս):
Աղբյուրը՝ news.am