Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը չի բացահայտվել
22:06, August 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԴժվար է հավատալ, որ ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին մենակ է մտել Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի տուն և կատարել 7 հոգու սպանությունը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում այսօր կայացած դատական նիստից հետո ասել է սպանվածներից մեկի՝ Արաքսյա Ավետիսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը (լուսանկարում՝ ձախից), ով տուժողի իրավահաջորդն է։
Նրա խոսքով՝ դատավարությունը աբսուրդային էր, իրական հանցագործությունը չի բացահայտվել, գործը ծածկադմփոց է արվել։
Անդրանիկ Պողոսյանի կարծիքը կիսում է նրա ներկայացուցիչը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը (լուսանկարում՝ աջից)։ Վերջինիս նշում է, որ դատավարության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ մերժվել են, քննությունը չի անդրադարձել մի շարք կարևորագույն հանգամանքների և հստակ կարելի է ասել, որ սպանության գործը չի բացահայտվել։ Իրավապաշտպանը նշել է՝ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ Պերմյակովը սպանության օրը միայնակ չի եղել, և, հնարավոր է, Ավետիսյանների ընտանիքը չի եղել թիրախը։
Սաքունցն ընդգծել է, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի բացահայտմանը խանգարել է նաև քաղաքական գործոնը՝ այն փաստը, որ Վալերի Պերմյակովը ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող է։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ավետիսյանների սպանության գործով դատավճիռը հրապարակվելու է օգոստոսի 23-֊ին։ Վալերի Պերմյակովը գործով անցնող միակ մեղադրյալն է։