Որեւէ նորմալ երկրում նման հայտարարություն չէր արվի
22:44, September 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեկ հայտնի դարձավ, որ վերջին 3 տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներով 335 հազար եվրո փոխհատուցում է հատկացվել պետական բյուջեից:
Վերջին շրջանում այս հարցը կառավարությունում քննարկման թեմա է դարձել: Կառավարության նիստերից մեկում, երբ ՄԻԵԴ վճռի փոխհատուցման համար հերթական գումարն էր հատկացվում պետական բյուջեից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է բյուջեից վճարվել Եվրադատարանի վճիռներով:
«Եվ, ընդհանրապես, այդ որոշումների համար ինչ-որ մեկը պատասխան պետք է տա, թե՞ ոչ»,- ասել էր վարչապետը:
Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ ոչ ոք չպետք է այդ իրավիճակի համար պատասխան տա: Կառավարության երեկվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վերջին երեք տարիների վիճակագրությունը ներկայանելով՝ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի պատճառները պարզ են՝ դրանք Հայաստանի դատական համակարգում առկա սխալներն են: Իսկ վարչապետի կողմից որևէ հանձնարարություն չտրվեց դատական սխալների շտկման ուղղությամբ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ ոչ մի նորմալ երկրում նման հայտարարություն չէր արվի կառավարության անդամների կողմից, դա ապացուցեց, որ իշխանություններn են մեղավոր ստեղծված իրավիճակի համար:
“Այսինքն՝ ընդունում են, որ իրենք են մեղավոր, որովհետև դատական սխալների առաջացման պատճառների գերակշիռ մասը պայմանավորված է գործադիր իշխանության կողմից թելադրանքի կամ հրահանգի կատարմամբ: Դատավորներն այնպես չէ, որ անգրագետ են կամ չգիտեն, թե ինչպես պետք է գործեն, պարզապես ստիպված են լինում հրահանգները կատարել: Այսինքն՝ դատական սխալներ ձևակերպման հետ հաշտվելով՝ իրենք ընդունեցին, որ իրենք են մեղավոր, որ դատական սխալներ են տեղի ունենում, հենց գործադիր իշխանության ներկայացուցիչներն են մեղավոր”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը նկատում է, որ նման իրավիճակ է, քանի որ քաղաքական իշխանության պահպանումը Հայաստանում շատ ավելի կարևոր է, քան իրավունքի գերակայության սկզբունքը կամ արդարադատությունը: Սա է բուն խնդիրը այսօր մեր երկրում: