Ցուցարարների դեմ ոստիկանության հայցի քննությունը
08:13, December 8, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է այս տարվա մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Գեղեցիկ Տոնոյանի գործով դատական նիստ:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է հավաքի մասնակից Նաիրա Բադալյանի, իսկ 15:40-ին՝ Սուսաննա Սիմոնյանի գործերով դատական նիստեր:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակիցներին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Ցուցարարների շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Հիշեցնենք՝ հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: