«1000 դրամները հետ ենք պահանջում ՀՀ-ից, անհիմն հարստացում է տեղի ունենում». ՀՔԱՎ-ը դիմել է դատարան
16:40, July 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2017-ի հունվարի 1-ից ՀՀ-ում աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում՝ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման համար: Այդ մասին օրենք է գործում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատողների աշխատավարձից պահված գումարները: Գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ այդ վճարը գանձելը որեւէ ձեւով արդարացված չէ. «Սահմանադրությամբ վճար, պետական վճար, այլ հասկացությունները, տուրքերը մեկնաբանություններ ունեն, բոլորը միտված են նրան, որ ստացողը, ի դեմս պետության, պիտի որեւէ գործողություն իրականացնի վճարողի համար: Այսինքն, մենք պետք է ինչ-որ բան ստանանք: Հիմա այս անվանման տակ մենք որեւէ բան չենք ստանում, սա չպետք է պարտադիր լինի: Դա ոչ վճար է, ոչ տուրք, ոչ էլ այլ վճարում: Դրա համար գտնում ենք, որ պետությունն անհիմն հարստանում է մեր աշխատակիցների, իմ եւ մյուսների հաշվին: Մենք այդ գումարներն ենք պահանջում Հայաստանի Հանրապետությունից, անհիմն հարստացում է տեղի ունենում»:
Սահմանադրական դատարանի կողմից այս օրենքի սահմանադրականությունը չի որոշվել: Չատինյանի խոսքերով՝ մենք գտնում ենք, որ հակասահմանադրական է, իսկ ՍԴ չեն կարող դիմել, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս իրենց դիմել, դրա համար դատարանի հայեցողությանն են թողնում. «Ինչո՞ւ պիտի մեր կամքը հաշվի չառնելով՝ 1000-ական դրամներ փոխանցվի որեւէ ֆոնդի՝ զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին որպես օգնություն, ինչո՞ւ մեր կամքով չի իրականացվում: Ընկալումը, որ սա անհիմն հարստացում է, միանշանակ է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ եթե հայցը բավարարվի, դա շղթայական ռեակցիայով մյուս գանձումների վրա չի՞ տարածվի, ամբողջ հանրապետությունով մեկ պիտի հե՞տ վերադարձնեն 1000 դրամները, Անի Չատինյանը պատասխանեց, որ սա անհատական դիմումի հիման վրա է կատարվել, շատ լավ կլիներ, որ համակարգային հարց լուծեր. «Ամեն դեպքում, եթե հայցը բավարարվի, նախադեպի նման կլինի, եւ բոլորը հնարավորություն կստանան դիմելու դատարան, դատական կարգով իրենց գումարները հետ ստանալու: Պիտի համատարած հայցադիմումներ լինեն դատարան՝ վճարված գումարները հետ ստանալու համար»:
ՀՔԱՎ-ի ներկայացուցիչը գտնում է, որ պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարում, ուզում է աշխատող քաղաքացիները կատարեն, ինչն անթույլատրելի է. «Սա է կոչը, որ յուրաքանչյուրը պիտի դիմի նմանատիպ հայցադիմումով, եւ ինչքան հայցերը շատ լինեն, նախաձեռնողները շատ լինեն, այնքան այս հարցը կդառնա համակարգային»:
Տես նաև՝ tert.am