Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ապրիլի 23
12:36, April 23, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵս թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով վարչապետի պաշտոնական կայքը, ներկայացնում է այն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,
դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,
դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,
դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։
Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Շնորհակալ եմ»։
https://armenpress.am/arm/news/931126.html
Երևանի ժամանակով 15:15-ի դրությամբ
ՀՀ ԱԺ երեք պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ազատ են արձակել:
Երևանի ժամանակով 13:30-ի դրությամբ
Այսօր առավոտյան, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և բողոքի երթ սկսել, ոստիկանները փորձել են խոչընդոտել նրանց երթը և բերման ենթարկելու նպատակով ծեծել ուսանողներից ոմանց, ուսանողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան տարել են հիվանդանոց:
a1plus.am-ի փոխանցմամբ՝ ժամը 12:15-ի դրությամբ 50 մարդ է բերման ենթարկվել: Ապրիլի 23-ի դրությամբ 33 անձ ձերբակալված է:
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։
Հայաստանի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաները շարունակվում են: Տարբեր ուսումնական հաստատություններում սովորողներին փակի տակ են պահում՝ թույլ չտալով մասնակցել բողոքի գործողություններին:
ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հայտարարեց, որ միջնորդել է հետ կանչել ԱԺ պատգամավորներին կալանավորելու վերաբերյալ Ազգային ժողովին ուղղված գրությունը և որ պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
Երևանի ժամանակով 12:00-ի դրությամբ
Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում բողոքի խաղաղ երթերն ու հավաքները շարունակվում են:
Մասսայական գործադուլ և դասադուլ է հայտարարված:
Մի շարք բնակավայրերում դասադուլավորներին ու գործադուլավորներին ղեկավարությունն ու ոստիկանությունը արգելում են դուրս գալ հաստատություններից:
Վանաձորում այսօր՝ ապրիլի 23-ին, նախորդող օրերի համեմատությամբ, շեշտակի ավելացել է ցուցարարների թիվը:
Մի շարք ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Վանաձորի պետական համալսարանում, դասադուլ է հայտարարված, առևտրի կենտրոնների, «Գլորիա» կարի ֆաբրիկայի և այլ հաստատություններում աշխատող բազմաթիվ քաղաքացիներ գործադուլ են արել և միացել բողոքի գործողություններին: