Նախկին թմրամոլները հասարակությունում «տեղ չունեն»
14:18, June 29, 2012 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներԹմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտականություններին:
Այդ պարտականությունների մեջ է մտնում նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն իրականացնելը:
Թեմայի շուրջ «Փաստինֆո» գործակալությունը զրուցեց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանի հետ. «Հայ հանրությունը բացասական վերաբերմունք ունի թմրամոլությունից բուժվածների և բուժվողների նկատմամբ: Պետությունը, հասարակական կառույցները պետք է միջամտեն, որպեսզի թմրամոլությունից բուժվածներին չքարկոծեն, հակառակը` օգնեն: Մինչդեռ Հայաստանում թմրամոլությունից բուժվածներին հասարակություն վերադարձնելու ծրագրեր ընդհանրապես չկան»,- նշեց Գ. Մալինցյանը:
Նախկին թմրամոլների նկատմամբ խտրականությունը վերացնելու, նրանց հասարակություն վերադարձնելու համար Մալինցյանի կարծիքով նախևառաջ պետք է այդ մարդկանց ապահովել աշխատանքով: «Մարդը գնում է գործատուի մոտ ու ասում, որ դեռ թմրամիջոցներից կախվածություն ունի և բուժում է ստանում: Խնդրում է իրեն աշխատանքի ընդունել: Գործատուն նրան նայում է որպես մի խարանված էակի ու պատասխանում` երբեք»:
Գ. Մալինցյանի կարծիքով` այստեղ գործ ունի անելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը, որը որոշ արտոնություններ պետք է հատկացնի այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն նախկինում թմրամիջոցներից կախվածություն ունեցած մարդկանց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ի պատասխան բարձրացրած հարցի՝ նշեց. «Նրանք նախարարության շահառուն չեն, միգուցե Առողջապահության նախարարությո՞ւնը պետք է իրականցնի»:
ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով` կառավարությունն ընդունել է 2009-2012 թթ. «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» ծրագիր, որի շրջանակներում դիտարկվում է աշխատանքային թերապիայի խնդիրը: «Թմրամիջոցներից կախվածություն ունեցողները տարբեր մասնագիտության մարդիկ են: Անհրաժեշտ է գնահատել այդ մարդկանց աշխատանքային թերապիայով բուժելու, հասարակություն վերադարձնելու արդյունավետությունը, հետո միայն հասկանալ՝ որ գերատեսչությունն է այդ խնդրով զբաղվելու»: Ս. Քրմոյանի տեղեկացմամբ` համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են, ուսումնասիրություններն առաջիկայում կսկսվեն:
Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/64477/