«Ադրբեջանցիներն իրենց արածների համար պատասխան պիտի տան, պիտի ասեն՝ թե ինչի են ինձ 2 տարի պահել գերության մեջ». Արթուր Բադալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
00:00, August 12, 2011 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՎանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ն հայցադիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 22 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի նկատմամբ խոշտանգումներն ու անազատության մեջ պահելը ՄԻԵԿ 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումներ ճանաչելու պահանջով:
32-ամյա Արթուր Բադալյանը մարտական է տրամադրված, ասում է, որ պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու:
«Ադրբեջանցիներն իրենց արածների համար պատասխան պիտի տան, պիտի ասեն՝ թե ինչի են ինձ 2 տարի պահել գերության մեջ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Արթուրը:
Կազմակերպության նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նշում է, որ Արթուրին պահելով գերության մեջ՝ ադրբեջանական կողմը խախտել է «Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը եւ եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հիշեցնենք, որ 2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվելով՝ թշնամու ձեռքն ընկել:
«Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց: Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,-հիշում է նա: – Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի ու ինձ տանում են մորթելու»:
Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ:
«Արթուր Բադալյանը գերության 22 ամիսների ընթացքում հնարավորություն չի ունեցել որեւէ իրավական մարմին, պաշպանության մեխանիզմ օգտագործել Ադրբեջանի տարածքում եւ վիճարկել անազատության տակ գտնվելու հարցը, նաեւ իր մնալու պայմանները»,-բացատրում է փաստաբանը:
Փաստաբանն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գերության ողջ ժամանակահատվածում Արթուրին պարբերաբար ծեծել են, ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, ինչը հոգեբանական լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել նրան:
«էլեկտրականություն են միացրել մատներից՝ ցավ պատճառելով նրան, հիմնականում պահել են քաղցած վիճակում, թույլ չեն տվել, որ նա հոգա բնական կարիքները: Այս ամենը մինչ օրս խանգարում են նրան լիարժեք ինտեգրվել հասարակություն: Ինտեգրվելու համար էլ պետք է հին կյանքով ապրի, ինչն արդեն չի կարողանում», -ասում է փաստաբանը:
Շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում՝ ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:
«Բաքվում ահավոր վիճակ էր: Ոնց որ խոզ պահեին: Կամերան պատուհան չուներ, լույս չէր ընկնում, ամեն օր երկաթի կտորով խփում էին դռանը, ոչ մի վայրկյան հանգիստ չեմ ունեցել»:
Անքուն գիշերները, անընդհատ խանգարող ձայները դաջվել են նրա հիշողության մեջ:
Թեեւ այժմ էլ Արթուրը փորձում է վերականգնվել, առողջական խնդիրները լուծել, այնուամենայնիվ, գերության մեջ լսած ձայները եւ վերաբերմունքը, կարծես թե չեն ուզում լքել նրան:
«Կամաց-կամաց վերականգնվում եմ, արդեն կարողանում եմ փայտ կոտրել, երեխայիս հետ եմ զբաղվում: Բայց արդ ձայները ուղեղիցս դուրս չեն գալիս, ողջ օրը հետապնդում են ինձ…բայց արդեն սովորել եմ դրանց, էլ չեն ներվայնացնում»,-ասում է Արթուրը, որը ձեռքերի եւ ոտքերի ցավեր ունի:
«Թեեւ ֆիզիկապես մի քիչ կազդուրվել եմ, բայց ոտքերս ու ձեռքերս էլի ցավում են, չեմ կարողանում երկար քայլել»,-ասում է նա:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս հարցի առաջադրումն ու նման դիմումի քննարկումը եվրոպական դատարանի կողմից իրավական պրակտիկայում նախադեպային է համարում:
«Ղարաբաղյան հակամարտությունից տուժածների խնդիրները դառնում են քաղաքական շահարկման առարկա, եւ ոչ թե տարանջատվում: Սրանով քայլ է կատարվում դեպի տարանջատում»,-համոզված է Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի՝ այս գործընթացը կարող է էական ազդեցություն ունենալ հակամարտության ժամանակ մարդկանց իրավունքների պահպանման ապահովման խնդրի լուծման տեսակետից:
Փաստաբաններն ասում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից գործի վարույթն ընդունելու համար առնվազն 1,5-2,5 տարի կպահանջվի:
«Կունենանք իրավական մի փաստաթուղթ, որի օգտագործմամբ հնարավոր կլինի կանխարգելիչ գործողություններ կատարել՝ մարդու իրավուքնների հնարավոր խախտումներից խուսափելու համար»,-հույս ունի Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.medialab.am