«Դատավորը արդարադատություն իրականացնելիս ի սկզբանե ազատ չէ». Արթուր Սաքունց
20:36, August 4, 2013 | ՆորություններՎիճակագրությունը ցույց է տալիս, որ դատավորներին կարգապահական տույժերի ենթարկելու դեպքերն ամեն տարի ավելանում են. 2010թ. 8 դեպք, 2011թ.՝ 15, 2012-ին՝ 22, 2013թ. այս պահի դրությամբ արդեն՝ 13 դեպք:
Այս ամենում, սակայն, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այլ բան է տեսնում:
«Դատական իշխանությունները և դատավորները անձնապես ակնհայտորեն կախվածություն ունեն նախագահից, որովհետև դատական օրենսգրքով նախագահի դերը դատավորի նշանակման առումով ոչ թե ֆորմալ՝ ձևական բնույթ է կրում, այլ բովանդակային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ երբ արդարադատության խորհուրդը նախագահին ներկայացնում է դատավորի թեկնածություն, նա իրավունք ունի կամ նշանակել, կամ ոչ:
«Եթե չի նշանակում, չի պատճառաբանում իր այդ որոշումը, ավելին՝ չնշանակելու դեպքում այդ թեկնածուն հանվում է դատավորների պիտանելիության ցուցակից: Պիտանելիության ցուցակում դատավորի թեկնածուն ընդգրկվում է քննության արդյունքների հիման վրա, իսկ նախագահը այդ պաշտոնում չնշանակելով թեկնածուին՝ ցուցակին միջամտելու լծակ է ստանում»,- ասաց իրավապաշտպանը:
Նա կարծում է, որ միշտ պետք է հաշվի առնել այդ կախվածությունը, քանի որ կոնկրետ դատավորը, ըստ Սաքունցի, անուղղակիորեն կախվածություն ունի նախագահից:
«Կարգապահական վարույթները դատավորների նկատմամբ ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատավորներին պատժելու միջոց, գործիք, երբ նրանք հրահանգները լավ չեն կատարում, ոչ թե արդարադատություն լավ չիրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու միջոց: Ինքնին գործիքի անունը՝ կարգապահական տույժի կիրառում, երբ դատավորը դատական սխալ է թույլ տվել կամ արդարադատության դեմ քայլ է կատարել և այլն, բովանդակազուրկ է, որովհետև նշանակման բուն մեխանիզմը ի սկզբանե գործադիրից կամ նախագահականից դատավորին այնպիսի կախվածության մեջ է դնում, որ ինքը, որպես արդարադատության իրականացման միջոց, խաթարված է, խափանված է»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա ձևակերպմամբ՝ եթե դատավորը արդարադատություն իրականացնելիս ի սկզբանե ազատ չէ, սահմանափակված է, կախվածության մեջ է, կարգապահական տույժերը ուղղված են ոչ թե արդարադատության իրականացման ապահովմանը, այլ ընդհակառակը՝ այդ կախվածությունը չիրականացնելու կամ այդ կախվածության տրամաբանությունից հրաժարվելու դեպքերում է դա կիրառվում:
«Մենք ունենք ընտրողական արդարադատության տիպիկ դրսևորում, ինչը սելեկտիվ մոտեցում է: Եթե բուն բովանդակությունից հեռանանք՝ սխալ եզրահանգումների կգանք»,- նշեց իրավապաշտպանը: