«Մաքսային Միությանն անդամակցելը շղարշ էր». Դավիթ Շահնազարյան
11:43, November 12, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած`«Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով սեմինար-քննարկմանը հիմնական զեկուցող Արթուր Սաքունցն իր ելույթում հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս են պաշտպանվում մարդու իրավունքները ՌԴ-ում, Բելառուսում: ՌԴ-ում այնպիսի համակարգ է ստեղծվել, որը մարդու իրավունքներն է սահմանափակում՝ «սա մարտահրավեր է»՝ նշեց բանախոսը` անդրադառնալով թե՛ Բելառուսում, թե՛ ՌԴ-ում օրենսդրական մակարդակով մարդու իրավունքների սահմանափակման ամենատարբեր դեպքերին:
«Հայաստանում պահպանվա՞ծ եմ մարդու իրավունքները` Մարտի 1-ի մեղավորները պատժված չեն տասը մարդու մահվան առիթով: Մենք անցումային փուլում ենք, անցում ենք կատարում այն համակարգի, որը համակարգը դարձնում է տոտալ վերահսկողության տակ: Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ընտրեց Մաքսային միությունը… Նա չէր գալու ասեր` գիտեք, ես ընտրեցի այդ համակարգը, որովհետեւ այդ համակարգն է իր իշխանության համար անվտանգ…»,- ասաց Արթուր Սաքունցը` նկատելով, որ պետական մակարդակով բացատրություն չի տրվում, թե ինչու ենք անդամակցում Մաքսային Միությանը: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ էլ՝ իշխանության պահպանումն է ՄՄ-ին անդամակցելու հիմքում, որը նա սպառնալիք է համարում:
«Այս քաղաքական համակարգն է Հայաստանի ամենամեծ սպառնալիքը, քաղաքական մի համակարգ, որը ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ սահմանադրությունը»,- նկատեց Դ.Շահնազարյանը: Մաքսային Միությանն անդամակցելու խնդիրը շղարշ է, իրականում հիմա տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Հայաստանը զավթելու գործընթաց՝ նշեց նա: «Առայժմ չկա այն կենտրոնը, որը կարող է դիմադրել դրան, եւ եթե այս գործընթացը չդադարեց, վստահ եմ, որ հետեւանքները ավելի ծանր են լինելու, քան 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի հետեւանքները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ այս քսան տարվա ընթացքում ստեղծվեց այնպիսի հասարակություն, որի հիմքում չվերացավ կցորդի կարգավիճակը, նա հիշեցրեց 1998-ի պալատական հեղաշրջումից հետո ՌԴ նախկին նախագահ Ելցինի խոսքը` «а куда они денутся»… Մեզ մոտ անկախությունը որպես արժեք համարող ազդեցիկ ուժ գոյություն չունի, եւ այնպիսի տպավորություն էր, որ եթե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը ստորագրեր` Ռուսաստանի օգնությամբ այստեղ որոշ ուժեր հեղաշրջում կիրականացնեին՝ նկատեց Ավետիք Իշխանյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/11/12/404822/
Այս մասին այլ նյութեր`
http://www.1in.am/arm/armenia_politics_229552.html
Քաղաքական կաթված, երկրի բռնակցում, պետականության էրոզիա. կարծիքներ Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին – tert.am
Մաքսային միությանն անդամակցելը՝ «քաղաքական կաթված» – civilnet.am