«Քրեական» անցյալով մարզպետի ներկան
06:21, June 18, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԼրատվամիջոցների հաղորդումների համաձայն` Գորիսի արյունալի միջադեպին նախորդել է գինարբուքը: Գորիսում հայտնի Սդեղի լճի տարածքում խնջույք է եղել, որին մասնակցել է Սյունիքի մարզպետը, մարզի այլ «անվանի» մարդիկ:
Խնջույքի ժամանակ Սուրեն Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի միջև վեճ է ծագել, որը շարունակվել է մարզպետի տան մոտ: Ըստ կայքերի` Սուրեն Խաչատրյանը հայհոյել է Բուդաղյանին, վերջինս էլ զենքը ձեռքին գնացել է մարզպետի տուն, որտեղ էլ նրան սպանել են, իսկ եղբորը` Արտակ Բուդաղյանին, ով ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է, ծանր վիրավորել են:
Մամուլում հայտնվեց տեղեկատվություն, թե միջադեպից հետո գորիսցիները սարսափի մեջ են, քաղաքից փախչում են, որպեսզի ցուցմունք չտան, որպեսզի հետո իրենց երեխաները չսպանվեն:
Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից հետաքրքրվեցինք, թե ինչ մթնոլորտ է տիրում այնտեղ: ՀԿ ղեկավար Մարատ Դադունցը պատասխանեց. «Ինչպես եղել է միշտ` նույն վիճակն է: Ես Գորիսում տիրող մթնոլորտը չէի առանձնացնի Գյումրիի, Երևանի մթնոլորտից: Վախի մթնոլորտ է` ինչպես ամբողջ Հայաստանում»: Նա հերքեց այն տեղեկությունները, թե գորիսցիները փախչում են, որպեսզի ցուցմունք չտան: «Ոչ ոք չի փախչում: Պարզապես տեղի ունեցածից հետո ժողովրդի մեջ ցասում ու զայրույթ կա արդարադատության նկատմամբ», ասաց իրավապաշտպանը:
«Սա շարունակական անպատժելիության ցայտուն դրսևորում է, որն ավարտվեց մարդու մահով», մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սպանությանը հաջորդող օրերին հասարակությունն սկսեց պահանջել Սյունիքի մարզպետի հրաժարականը և ձերբակալությունը:Սակայն գործի առնչությամբ ձերբակալվեցին միայն նրա որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Իսկ հունիսի 3-ի երեկոյան մարզպետն ինքը հայտարարեց, որ մինչև նախաքննության ավարտը դադարեցնում է իր լիազորությունների իրականացումը: «Մարզպետի լիազորությունները կարող է դադարեցվել միայն կառավարության որոշմամբ: Մարզպետն ինքն իր լիազորությունները չի կարող դադարեցնել», ասաց Ա. Սաքունցը: Ըստ նրա` եթե Ս. Խաչատրյանը ցուցաբերում է միակողմանի բարեհոգություն, ապա դա վերածվում է ծաղրանքի: «Դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ս. Խաչատրյանի պահվածքն է եղել հիմնական պատճառը, որը հանգեցրել է ողբերգական միջադեպին: Այսինքն նա առնվազն ոչ միայն որպես վկա, այլ կասկածյալ պետք է ներգրավվեր քրեական գործում», կարծում է իրավապաշտպանը: Ըստ նրա` նույնիսկ Բուդաղյան եղբայրների ոգելից խմիչք օգտագործած լինելը չի արդարացնում մարզպետի կատարած քայլը: Սաքունցի կարծիքով քննչական մարմինը համակողմանի չի մոտենում գործին: «Քննիչը պետք է որոշում կայացներ նրան որպես կասկածյալ ներգրավելու և հարցաքննելու մասին», պնդում է իրավապաշտպանը: Ինչ վերաբերում է լիազորությունները դադարեցնելուն` Ա. Սաքունցը դա դիտում է որպես միջոց` ազատության մեջ գտնվելու և նախաքննության գործընթացի վրա ազդելու համար: «Ի՞նչ երաշխիքներ կան, որ նա գտնվելով ազատության մեջ` չի ազդի նախաքննության գործընթացի վրա: Ես պնդում եմ, որ երաշխիքներ չկան», ասում է Սաքունցը:
Ինչպես արդեն հիշատակել ենք, մարզպետի տանն իրականացրած խուզարկության ժամանակ ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել: Լրատվամիջոցներից մեկի թղթակցի հետ զրույցում Ս. Խաչատրյանն այդ կապակցությամբ ասել է. «Դա նորմալ է… Դրանք իմ որսորդական զենքերն են, որոնք օրինական են… Մի մոռացեք, որ ես սահմանամերձ մարզի մարզպետ եմ, ուստի ամեն վայրկյան պատերազմի վախը կա` ինչպես ցանկացած սյունեցու, այնպես էլ իմ սրտում… Ես անցել եմ պատերազմի թոհուբոհով, ու եթե Աստված մի արասցե կրկին պատերազմ լինի՝ ես այդ նույն զենքերով կմասնակցեմ պատերազմին… Իմ զենքերն արտաքին թշնամու համար են, դրանք հայ մարդու վրա չեն կրակում»:
«Սյունիքը սահմանամերձ մարզ է, եթե շարժվենք մարզպետի տրամաբանությամբ` ամբողջ մարզի բնակչությունը պետք է իր զինանոցն ունենա: Թե՞ միայն ինքն է զինված` իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ դեպքում թող բանակ չպահեին, Սյունիքի մարզպետը թող գնար` սահման պահեր, սահմանային ծառայություն աներ իր ընտանիքով: Զինվորները թիկունքում կանգնած` ինքը սահման է պահում: Ոչ, նա սահման չի պահում, նա զենքն օգտագործում է ահաբեկելու համար», ասաց Սաքունցը:
«Ինչո՞վ է պայմանավորված մարզպետի հսկողության տակ գտնվող օբյեկտներում զինամթերքի` միայն հիմա հայտնաբերելը» հարցին իրավապաշտպանը պատասխանեց. «Այդ քանակով ապօրինի զինապահեստը խոսում է այն մասին, որ ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ ու անգործունակ է, այսինքն չի կարողանում օպերատիվ տվյալներ հավաքել, թե որտեղ ինչ է գտնվում»: Սաքունցի խոսքով հաջորդ տարբերակն էլ այն է, որ ոստիկանությունն իրազեկված է եղել զինամթերքի մասին, սակայն գործողություններ չի ձեռնարկել:
Ինչ վերաբերում է ոստիկանության` Սյունիքի մարզպետի նկատմամբ վերաբերմունքին, հիշեցնենք, որ Գորիսում կատարված արյունալի միջադեպից օրեր առաջ լրագրողները ոստիկանապետի հետ զրույցում անդրադարձել էին Սյունիքի մարզում տիրող «կրիմինալ» մթնոլորտին: Վ. Գասպարյանը վստահեցրել էր, որ Սյունիքի մարզպետը կրիմինալ չէ: Նա կոչ էր արել, որ իրեն հավատան, քանի որ իր համոզմամբ` Սուրեն Խաչատրյանը պարզապես մարզպետ է:
«Ոստիկանապետը քանի՞ գլուխ ունի, որ նախագահի կողմից շքանշան ստացած անձի մասին այլ կարծիք հայտնի (մայիսի 28-ին Սերժ Սարգսյանը Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշան հանձնեց Սյունիքի մարզպետին)», ասում է Սաքունցը և շարունակում, ինքը` ոստիկանապետը, նախագահի կամքը կատարող անձ է: Մեզանում պաշտոնատար անձինք հավատարիմ են ոչ թե օրենքին, այլ նախագահական նստավայրին: Իսկ ոստիկանապետի նման հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ է»:
Ի դեպ այս օրերին Հանրապետական կուսակցությունը, որի «կարկառուն» ներկայացուցիչն է նաև Սուրեն Խաչատրյանը, գրեթե զերծ է մնում կատարվածի վերաբերյալ գնահատականներից: Դրանում համոզվեցինք նաև սեփական փորձով: Հանրապետական Գագիկ Մինասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է գնահատում տեղի ունեցածը: Նա պատասխանեց. «Նախքան իրավական գնահատականն իմանալը որևէ այլ գնահատական տալը ժամանակավրեպ կլինի: Իսկ կատարվածը իրավական գնահատական դեռ չի ստացել: Քանի դեռ իրավական գնահատական չկա` դժվար է քաղաքական գնահատական տալ: Դժվար է ասել` ինչ է եղել, ով ինչ չափով է այդտեղ ներգրավված եղել»:
«Տեղի ունեցած աղմկոտ սպանությունից հետո ի՞նչ գնահատական կտաք մարզպետին» News.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ՀՀ ոստիկանապաետ Վ. Գասպարյանը պատասխանել էր. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այո, Սուրեն Խաչատրյանը մարզպետ էր, այլ ոչ թե գողական: Բառերի իմաստը պետք է ճիշտ ընկալել: Դուք քաղաքացի եք, կարող եք նման հայտարարություններ անել` մարդը կրիմինալ է, կրմինալ չէ, իսկ ես իրավաբան եմ, դրա իրավունքը չունեմ»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մեկնաբանելով ոստիկանապետի պատասխանը, մեզ հետ զրույցում ասաց. հատուկ իրավաբան պետք չէ լինել` հասկանալու համար` Սյունիքի մարզպետը «կրիմինալ» է, թե ոչ: Սուրեն Խաչատրյանի նկատմամբ չորս դատավճիռ է կայացվել: Այսքանից հետո ի՞նչ իրավաբանական գիտելիք է պետք` նրան «կրիմինալ» որակելու համար»:
Հ. Գ. ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին որոշում ընդունեց Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Աղբյուրը՝ http://sobesednik.am/am/politic/4072–lr—