«ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ ՌԵԺԻՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՎԱՐՔԱԳԻԾ Է»
00:00, March 27, 2008 | Մամլո հաղորդագրություններՎերջին օրերի ձերբակալություններն ու իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գնահատում է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում:
«Այսօր ինչ կատարվում է Հայաստանում մարդու ազատ տեղաշարժի, ինքնաարտահայտման իրավունքների կոպիտ ոտնահարում է, կարծիքի արտահայտման կոպիտ սահմանափակում: Այն տարածքները, ընդ որում՝ կապ չունի Հյուսիսային պողոտա, Ազատության, Մյասնիկյանի հրապարակներ, Վանատուր գյուղ կամ Վանաձոր քաղաք, որտեղ քաղաքացիներն ուզում են հրապարակային դրսեւորվել կամ իրականացնել իրենց իրավունքները, դրանք բոլորը ռեժիմը՝ խունդան, օկուպացրել է»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ «օկուպացումը ռեժիմին բնորոշ վարքագիծ է»:
Ըստ նրա՝ արտակարգ դրությունը շարունակվում է, թեեւ իրավաբանորեն այն հանվել է: Սաքունցի գնահատմամբ` սա նշանակում է այն, որ ռեժիմը շատ վախեցած է քաղաքացիների ակտիվության ցանկացած դրսեւորումներից: «Այն գործողությունները, որոնք ռեժիմը կատարում է, ավելի շատ փակուղի են մտցնում, քան հանգուցալուծում կամ, ենթադրենք, լարվածության թուլացմանն են բերում: Նրանք մշտապես հղում են կատարում կայունացում ասվածին եւ մարդու իրավունքների իրականացմանն ուղղված ցանկացած գործողություն գնահատում ապակայունացնող: Դուրս է գալիս, որ իրենց տեսակետից կայունությունը միայն գերեզմանային կայունությունն է, երբ ոչ մի խոսք, տեսակետ չկա, ինչպես նաեւ՝ ոչ մի հրապարակային դրսեւորում: Սա աբսուրդ է, այսպիսի բան չի կարելի, դա մարդկանց բնականոն ապրելակերպի, զարգացման, գոյության տրամաբանության դեմ վիճակ է»,- կարծում է Սաքունցը:
Նա վստահ է, որ այս ամենը շատ կարճ կյանք կունենա, քանի որ, ըստ նրա՝ եթե ռեժիմը հույս ունի, որ դա ապրիլի 9-ով է / Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է նախատեսված-խմբ/ ինչ-որ ձեւով կարգավորվելու եւ մինչ այդ ինչ-որ ձեւով իրավիճակը պահեն, ապա դա միամիտություն է: «Ապրիլի 9-ը կամ 7-ը, կամ ցանկացած նման թվեր, սիմվոլիկ նշանակություն ունեն, բովանդակային տեսանկյունից ընդհանրապես կապված չեն մեր իրականության հետ, սա է ամբողջ խնդիրը»,- նկատեց Արթուր Սաքունցը:
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, ապա Սաքունցի կարծիքով՝ նրանք եւս շփոթված վիճակում են, քանի որ չէին պատկերացնում, որ գործ կունենան մի իրավիճակի հետ, որ այսօր կա Հայաստանում: «Իրենք էլ այսօր փնտրտուքների մեջ են, թե ինչպես իրենց դրսեւորեն: Պետք է ասեմ, որ միջազգային կազմակերպություներն այնքան նշանակություն չունեն, որքան մեր քաղաքացիական հասարակությունը: Մենք պետք է կարողանանք մեր պարտականությունները կատարել, ինչպես ԳԱԼԱ-ի օրինակով ցույց տրվեց, որ մենք ունենք քաղաքացիական կամք եւ մեր պարտականությունները պատրաստ ենք կատարել»,- ասում է Սաքունցը, նշելով, որ կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը կամ այն կառույցները, որոնք Հայաստանը անդամագրվել է, ավելի շուտ կարողանան իրենց փնտրտուքներում կողմնորոշվել:
Վանաձորում, նրա խոսքով, քաղաքական դաշտը կարելի է ասել՝ մեռած է: Բանն այն է, որ աջ ուժերի՝ օրինակ՝ ՀՀՇ-ի գործունեությունը կասեցվել է՝ փակվել է նրանց գրասենյակը, անդամների մեծ մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, 4 հոգու նկատմամբ խափանման միջոցը կալանք է կիրառվել եւ գտնվում են Վանաձորի քրեակատարողական հիմնարկում, «Արմատ»-ի տեղական գրասենյակի գործունեությունն է դադարեցվել` վարձակալության համար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով եւ այլն: «Մեզ մոտ հիմա հիմնականում մնացել է իրավապաշտպանական դաշտը՝ հանձինս մեզ: Պարբերաբար դիմում ենք հանրահավաքներ անցկացնելու համար, բայց մերժում են: Հարաբերական անդորրը երեւութական է, ժողովուրդը, մարդիկ, որոնք մեզ մոտ են գալիս կամ դիմում, վկայում են այն մասին, որ ներքին դժգոհությունը մեծ է»,- ընդգծեց իրավապաշտպանը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58892