«Օպերացիա «Ինքնամաքրում»»-ի տեսանյութը բացարձակապես սուտ է. Ա. Գևորգյան
05:58, April 19, 2013 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը պարզաբանում է ներկայացրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացրած «Օպերացիա «Ինքնամաքրում». կոռումպացված պաշտոնյաները» տեսանյութիկապակցությամբ: Պարզաբանումը ներկայացված է ստորև:
Տեսանյութում արված հայտարարությունն իրականության հետ աղերս չունի, բացարձակապես սուտ է և տարածման ձևով կարելի է դիտարկել որպես զրպարտության դրսևորում:
Առավել տարօրինակ է, որ նման գործելաոճ են որդեգրել իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունները: Տեսանյութում ակնարկվող հարցի վերաբերյալ ժամանակին անհրաժեշտ պարզաբանումներ տրամադրվել են մամուլին, և դրանք հրապարակվել են: Ուստի անհասկանալի է, որ նշված կազմակերպությունները խնդրին առնչվող նյութերն օգտագործում են իրենց հայեցողությամբ, միակողմանի և կատարում մերկապարանոց հայտարարություններ` ակնհայտ շահարկման նպատակ հետապնդելով:
Ինչ վերաբերում է տեսանյութում հիշատակված «կառուցապատողի» հետ կապված դեպքին, ապա ինչպես ժամանակին ասվել է, հանդիպումը կայացել է հենց նրա նախաձեռնությամբ և աշխատանքային բնույթ է կրել: Վերջինիս պարզաբանվել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը որևէ իրավասություն չունի միջամտելու նրա կողմից բարձրացված հարցին: Կարող ենք ափսոսանք հայտնել, որ այդ քաղաքացու` ընդունելության բազմաթիվ խնդրանքներին ընդառաջելը, նրան լսելն ու պաշտոնական լիազորությունների շրջանակում պարզաբանում տալը այլ կերպ է ներկայացվել, և հանդիպմանը իրականության հետ կապ չունեցող բովանդակություն է վերագրվել:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այդ հանդիպման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու վերաբերյալ հարց չի քննարկվել, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գործարարի կողմից կատարված նվիրատվությունը նրա սեփական նախաձեռնությունն է:
Ուստի տարիներ անց բարեգործական նպատակով գումարների տրամադրումը Ա. Գևորգյանի անվան հետ կապելը, դա որպես «շորթում» որակելը և մեր կողմից ներկայացված պարզաբանումներն ակնհայտ անտեսելը, կարծում ենք, անազնիվ նպատակներ է հետապնդում:
Իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին առաջարկում ենք հրապարակվող նյութերին մոտենալ առավել պատասխանատվությամբ և զերծ մնալ անհիմն, զրպարտող նյութեր տարածելուց:
Աղբյուրը՝ http://civilnet.am/2013/04/18/օպերացիա-ինքնամաքրում-ի-տեսանյո